2016.06.23,

Քննադատ

Ճակատագրերի և հուշերի տվյալների բազա

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հուշերի բեռն ու հիշողության կորուստը միշտ շատ հետաքրքիր են համադրվում թե՛ արվեստում, թե՛ մեդիայում, թե՛ քաղաքական տեքստերում: Եվ պատահական չէ, որ պատմական տարբեր իրադարձություններ և անգամ՝ խոշոր շերտեր, հաճախ միտումնավոր անտեսվում ու մոռացության են մատնվում, կամ էլ ընդհակառակը՝ անընդհատ հիշեցվում են ու դառնում ժամանակակից կյանքը բացատրող կոդերի պես մի բան:

Օրինակ, մենք անընդհատ հիշում ենք Հայոց ցեղասպանությունը ու ինֆորմացիա փնտրելիս կամ արտադրելիս՝ հղում անում հուշերին որպես ոչ միայն փաստացի, այլև էմոցիոնալ արժեքի:

Ցանկացած փաստ նաև հույզեր է առաջացնում: Անգամ դժվար է ասել, թե որն է ավելի թանկ՝ զուտ տեղեկությունը, թե տեղեկությունը ստանալուց հետո առաջացած լիցքերն ու էմոցիաները: Միգուցե այդ պատճառով էլ մեր կյանքում քիչ չեն տաբուացված թեմաները, որոնց իրական «վտանգը» ոչ թե փաստաթղթային իսկությունն է, այլ հուզական մակերեսը:

Փաստաթուղթն, ի վերջո, կարելի է փակել, «հույժ գաղտնի» պիտակ ամրացնելով՝ զմրսել արխիվների դարակներում, իսկ հույզերն իրենց էությամբ հախուռն են ու միշտ հարցեր են առաջ քաշում: Ասենք, ինչու՞ այդպես պատահեց և ինչպե՞ս է անցյալը արձագանք ստանում ներկայում:

Մեր կյանքում բազմաթիվ հարցեր ու հակասական զգացմունքներ առաջացնող թեմաներից է 70 տարի առաջ պաշտոնապես մեկնարկված ու վայրիվերուներով իրականացվող հայրենադարձությունը, որի առաջին ալիքը սկսվեց 1946-49 թթ.՝ Խորհրդային Հայաստան բերելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող և տարբեր մտածելակերպի ընտելացած տասնյակ հազարավոր հայերի:

Ընտանեկան արխիվիցՆրանց պատմական հայրենիք էր բերել հենց հույզը: Խորհրդային միությունը ցանկություն ուներ ցուցադրել աշխարհին, թե որքան գրավիչ ու ապահով է սոցիալիզմը և այդ պատճառով էլ՝ կազմակերպել էր հայկական սփյուռքի ներգաղթը: Իսկ հայրենադարձները տոգորված էին նոր էջից նոր կյանք սկսելու ու կորսված միասնությունը վերագտնելու տենչով: Բոլորը հուզված ու հուսադրված էին:

Իսկ հետո վրա հասավ դաժան կենցաղը, գաղափարային անհամատեղելիությունն ու, ի վերջո, տոտալիտար համակարգի բռնաճնշումները (աքսորը, գնդակահարությունները, խեղված ճակատագրերն ու կոտրված ընտանիքները): Եվ ամենակարևորը՝ անհետացավ հայրենիք վերադառնալու ու հայրենիքի հետ նոր կյանք կառուցելու ցանկությունը:

Այս թեմայի մասին մեդիան ու դասագրքրեը չեն սիրում խոսել: Նախ՝ պետք է պեղումներ կատարել արխվներում, որոնք ոչ միշտ են հասանելի, և հետո էլ՝ չի ստացվի խոսել միայն անցյալի մասին, պետք է անդրադառնալ նաև ներկային, քանի որ բռնաճնշումների զոհ դարձածները իրենց կյանքին նայում են այսօրվա հայացքով ու որպես կանոն հեռվից (ոչ Հայաստանից): Ներգաղթի անհաջող փորձը արտագաղթի նոր խթան դարձավ, և առաջին իսկ հնարավորության դեպքում (Ստալինի մահից հետո, երբ որոշ չափով թեթևացավ պետական մեքենայի ճնշումը)՝ հայրենադարձների մեծամասնությունը կրկին դարձավ սփյուռք:

Անցյալը հասկանալու գործիքներ

Հայրենադարձությունը որպես երևույթ ու մտորելու թեմա ուսումնասիրել են հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն ու պրոդյուսեր Սաթենիկ Ֆարամազյանը, որոնք ծավալուն գործ են արել տարբեր երկների արխիվներում հավաքագրելով փաստաթղթերն ու տեսաքրոնիկոնը, զրուցելով ականատեսների ու բռնադատվածների հետ:

Ստեղծվել է կայք, որը միաժամանակ և՛ արխիվ է (գիտական հոդվածների, մամուլի հրապարակումների ու վկայությունների), և՛ ինտերակտիվ հարթակ (բռնաճնշումների ենթարկվածների ցուցակներով ու ընտանեկան լուսանկարներով), որտեղ տեղեկությունն անընդհատ համալրվելու հնարավորություն ունի: Մի մարդկային պատմությունը կամ մի փաստաթուղթը իր հետևից մի քանի նոր պատմություններ է բերում, ինչը թույլ է տալիս վերականգնել մարդկային ճակատագրերի ընդհատված ու բեկված շղթան: Մանավանդ, որ հայրենադարձների ժառանգներից շատերը չեն պատկերացնում, թե ինչ է իրականում պատահել իրենց ծնողների կամ պապերի հետ, որոնք Հայաստան են եկել հայրենիքի կարոտով ու պիտակավորվել որպես «հայրենիքի դավաճաններ»:

Տվյալների այս բազան լավ առիթ է տարբեր ավելի նեղ հետաքննական աշխատանք կատարելու և պատմության ճյուղավորումներում պատասխանների նոր տարբերակներ որոնելու համար:

«Օ, Հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմի ազդակը

Մարդն ու պետական մեքենան միշտ բախվել միմյանց, և որքան մեքենան ուժգին է ճնշել, այնքան մարդու արժեքը մոտեցել է զրոյին: Քաղաքական հալածանքներ կիրառող պետություններում մարդը ընդամենը միջոց է ինչ-որ բանի հասնելու: Աքսորի դեպքում, օրինակ, կար տեղահանման պլան, և այն պետք է կատարվեր՝ ապահովելով մարդկանց գլխաքանակը: Իսկ եթե պետք է ավելանային «ազգի թշնամիներն» ու լրտեսները, մարդն արագ դառնում էր պատժի ենթակա ցուցակների հերթական տողը:

Միգուցե հիմա այն պահն է, երբ հարկավոր է պատմությունը դիտարկել մարդու տեսակետից: Առնվազն, փորձել անել դա:

«Կարծում եմ, հայրենադարձության թեման տարիներ շարունակ չի ուսումնասիրվել  այն պատճառով, որ սոցիալիստական դարաշրջանում մարդու մասին խոսելը ընդունված չէր: Եվ առհասարակ, մինչև հիմա էլ ընդունված չէ: Մարդը համարվում է երկրորդական»,- ասում է Տիգրան Պասկևիչյանը:

Արխիվային հենակետ ունեցող ու մարդակենտրոն այս նախագծի մաս են կազմում նաև ցուցահանդեսներն ու փաստագրական ֆիլմաշարը, որի առաջին երկու ֆիլմերը՝ «Անծանոթ իմ հայրենիք» և «Օ, հայրենիք, սառն ու անուշ», արդեն պատրաստ են: Բազմաթիվ հարցազրույցներից ու արխիվային նյութերից հեղինակները (սցենարը՝ Տիգրան Պասկևիչյանի, ռեժիսոր՝ Արա Շիրինյան) խճանկարի պես հավաքել են  կորսված մի իրականություն, որի մեջ ապրել, իմաստավորել, պայքարել ու հաղթահարել են բազմաթիվ սփյուռքահայեր: Հուշերը ֆիլմերի հիմքն են, ինչպես նաև՝ մարդիկ են պատմության հիմքը, քանի որ ցանկացած դատական գործ, որը հարուցվում էր նրանց դեմ պետության կողմից, փոխում էր ոչ միայն նրանց, այլև պետության ընթացքը:

Եվ մենք, որպես Խորհրդային Հայաստանի ժառանգներ, մեր մեջ կրում ենք այն բոլոր հարցերի բեռը, որոնք մինչ այսօր էլ դեռ որպես հարցեր չեն ձևակերպված:

Արա Շիրինյանն ասում է. «Փաստաթուղթը միշտ մի քանի շերտ ունի: Առաջինը՝ արձանագրությունն է: Երկրորդը՝ փաստաթղթում ամրագրված էմոցիոնալ ինֆորմացիան է, որը ոչ պակաս կարևոր է»:

Ֆիլմերում շատ են լուսանկարները, որոնք վերակենդանացնում են անցյալի կենցաղը, քաղաքային առօրյան, զգացմունքները: «Փորձել ենք ցույց տալ ոչ թե լուսանկարը, այլ լուսանկարված մարդուն», – ասոմ է ռեժիսորը:

Արխիվի մարդկայնացում

Ֆիլմերն ու նաև վերջերս բացված ամերիկացի նկարչուհի Հեզել Անթարամյան-Հոֆմանի «Լույսի հոսք» ցուցահանդեսը փորձում են ուրվագծել մոռանալու ու հիշելու սահմանագիծը, որը ոչ միայն անհատի, այլև հանրային խնդիր է:

Երևանում ծնված Հեզելը ոչինչ չգիտեր իր հայրենադարձ ծնողների ճակատագրի մասին: «Նրանք չէին ուզում խոսել Հայաստանի մասին, երևի շատ բարդ է եղել թե՛ այստեղ ապրելը, թե՛ հետագայում նորից կյանքը փոխելը: 40 տարի նրանք լռել են, և ես որոշեցի ինքս հետազոտել մեր ընտանեկան պատմությունը: Ինձ տանջող «ինչուները» շատ էին ու պիտի պատասխաններ գտնեի: Չգտա ոչ մի հոդված կամ այլ տեքստ , որտեղ բացատրվում էր, թե ինչ է իրականում տեղի ունեցել այն հայրենադարձների հետ, որոնք խանդավառությամբ եկել են Հայաստան, հետո աքսորվել կամ սպանվել են: Ցեղասպանության մասին գրեթե ամեն ինչ գիտենք, բայց հայրենադարձների բռնաճնշումների մասին՝ ոչ: Մինչդեռ կարծում եմ՝ դրանք փոխկապակցված են, մեկը մյուսի շարունակությունն է»,- ասում է Հեզել Անթարամյան-Հոֆմանը:

Հեզել Անթարամյան-Հոֆմանը ԵրևանումՑուցահանդեսը կազմված է բացառապես արխիվային նյութերից՝ նամակներից, լուսանկարներից, արձանագրություններից: Խոշորացույցի տակ են հայտնվում մարդկային դեմքերը, նամակներից հատվածները, միջավայրի դետալները: Արխիվը դադարում է լինել անդեմ նյութերի հավաքածու՝ վերածվելով անձնավորված պատկերների ու տեքստերի: Տեսնում ենք 1940-50թթ.-ի Երևանը, կենցաղը, հագուկապը, էթնոգրաֆիան, զգացմունքները:

Զգացմունքների վրա աշխատող ու մանիպուլյացիա անող պետական մեքենան լավ օգտագործում է մեդիա հարթակները՝ հիմնականում կոչեր արձակելու համար:

Ցուցանմուշ «Լույսի հոսք»-իցԺամանակին քարոզելով հայրենիքում ապրելը, բոցավառելով սրտերը, Խորհրդային Հայաստանը մեծ հաշվով պատրաստ չէր ընդունել ու արժևորել այդ մարդկանց: Այդ մասին են վկայում նաև պետական պաշտոնյաների նամակները: Օրինակ, Ախուրյանի շրջսովետի նախագահը նամակ է գրում Սովմինի նախագահին՝ ասելով, որ պետք չէ այլևս մարդ ուղարկել իրենց մոտ, քանի որ տեղ չկա: Կամ հիշեցնում են, որ Հոկտեմբերյանում բաղնիք չկա, ու մարդիկ ութ ամիս չեն լողանում:

«Դրանք այն տեղեկություններն են, որոնց մասին վկայություն տվողները բանավոր պատմում եմ: Բայց երբ նույնն ասում են նաև վարչական աշխատողները, հաստատվում է, որ դա սուտ չի, քանի որ պետությունն էլ է իմացել այդ մասին»,- ասում է Տիգրան Պասկևիչյանը:

Ապագան հասկանալու փորձեր

Հայրենիքի «սառը» և անհարմարավետ լինելն, ի վերջո, հաղթահարելի է, եթե կա ապագայի տեսլական: Եվ երբ պետական մակարդակով հայտարարվում է «Բարի գալուստ» կամ «Սրի տուն» ծրագրերի մասին, բայց իրականում արտագաղթը միայն ծավալվում է, ուրեմն ապագայի մասին գաղափարը թերի է: Ապագան չի երևում…

Հայրենադարձների համար (որոնք անմարդկային համակարգում փորձում էին մարդ մնալ) ապագան արդեն Հայաստանը չէր: Եվ դժվար է ասել, որ այսօր Հայաստան ներգաղթող սիրիահայերն այստեղ ապագա տեսնում են: Միգուցե հիմա էլ պետությունը պատրաստ չէ ընդունել և արժևորել նրանց:

Հեզել Անթարամյան-Հոֆմանը կարծում է, որ այսօր սիրիահայերը նույն խնդիրների են հանդիպում, ինչ 60 տարի առաջ իր ծնողները:

«Լույսի հոսք» ցուցահանդեսումՄի քանի անգամ ավելի մեծ սփյուռք, քան քաղաքացիներ ունեցող պետության համար «գաղտնի» պիտակի տակ պահվող տեղեկությունը լայն իմաստով՝ անթույլատրելի շքեղություն է: Արխիվների բացահայտումը կենսական պահանջ է, եթե իհարկե Հայաստանի հանրապետությունը իրապես ուզում է ապագա ունենալ, այլ ոչ թե պաշտպանել նախկին ագենտուրայի շահերը:

Ֆիլմում կան հերոսներ, որոնք սարսափելի ու դաժան պատմությունների մասին պատմում են ծիծաղով: Մարդը ունակ է հաղթահարել շատ բան: Պետությունը` նույնպես: Եթե իհարկե, իր անցյալը ոչ թե փակելու, այլ ընդունելու ուժ ունի:

Նունե Հախվերդյան
Լուսանկարները՝ Տիգրան Պասկևիչյանի
 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *