2016.06.21,

Քննադատ

«Նոբելյան մրցանակ ՍԴ նախագահի արջին…»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

«Այ քեզ բա՜ն»,- եղավ առաջին արձագանքս, երբ ֆբ լրահոսում տեսա «Գագիկ Հարությունյանի արջը փախել է և վնասել մարդկանց» վերտառությամբ լուրը: Ինչպե՞ս, ՍԴ նախագահը ա՞րջ է պահում, և դեռ արջն էլ փախել է և վնասել մարդկանց:

Անմիջապես բացեցի հղումը: Հեղինակը նշված չէր: Ըստ լուրի՝ օրերս Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է ՍԴ նախագահին պատկանող արջը: Արջը հարձակվել է «գյուղի վրա և վնասել մի քանի հոգու, որոնք տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց»: Արջը հարձակվել է նաև «մանկահասակ երեխայով մի կնոջ վրա, սակայն վերջինիս սկեսուրը կարողացել է փրկել հարսին՝ փայտով հարձակվելով արջի վրա»:

Լրագրողը, որպես հիմք ունենալով մի քանի տեղեկություն՝ 1. ՍԴ նախագահն արջ է պահում, 2. արջը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի նրա առանձնատանն է, 3. արջը փախել է, 4. հարձակվել է գյուղի վրա, 5. վնասել է մի քանի գյուղացիների, որոնք տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, 6. արջը հարձակվել է «մանկահասակ երեխայով մի կնոջ վրա», նեղություն չի կրել գոնե որևէ հավաստիություն հաղորդել իր լուրին:

Լրագրողը կարող է ՍԴ նախագահից ճշտեր տեղեկությունը: Կապ հաստատեր Գեղաշենի համայնքապետի հետ՝ ճշտելու՝ գյուղում նման դեպք եղե՞լ է, թե՞ ոչ: Այցելեր Աբովյան քաղաքի հիվանդանոց կամ գոնե կապ հաստատեր հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ՝ իմանալու՝ քանի հոգի է տեղափոխվել հիվանդանոց և ինչ վիճակում: Եթե կան վիրավորներ, ինչ բարդության խնդիրներ ունեն և ինչ բուժում է նշանակվել նրանց: Զրուցել տուժածներից գոնե մեկի հետ, հասկանալ՝ ինչ պայմաններում է արջը հարձակվել և ինչ վնասվածք է հասցրել տուժողին:

Իր իսկ բարձրացրած խնդիրներից և ոչ մեկի պատասխանը չփնտրած հեղինակը նաև ամփոփել է գրածը. «Դեռեւս տեղեկություն չկա՝ արջը հայտնաբերվել է, թե ոչ: Վայրի կենդանիներ պահելը դարձել է Հայաստանի քրեաօլիգարխիայի սովորույթը, եւ այս էլ որերորդ դեպքն է, երբ կենդանիները փախչում են նրանցից»: Ներեցեք, ո՞րերորդ դեպքն է, ո՞ր «քրեաօլիգարխներն» են վայրի կենդանիներ պահում: Սրանք ևս տեղեկություններ էին, որոնք պիտի անպատճառ նշվեին, եթե հեղինակը նման եզրակացություն է ներկայացրել:

Հոդված գրելը, անգամ լուր գրելը ստեղծագործական պրոցես է, և հեղինակն ունի ազատություն՝ ընտրելու նյութի ձևը, մատուցման եղանակը: Այդուհանդերձ, լուրն, անկախ հեղինակային մոտեցումից, ունի չափազանց հստակ կառուցվածք: Լուր գրող լրագրողն անպայման պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝ ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ինչու՞: Եթե այս հարցերից որևէ մեկի պատասխանը գտնել հնարավոր չէ, այդ մասին ևս պետք է գրել՝ հարգելով ընթերցողի ժամանակը և լուր ստանալու իրավունքը: Ի վերջո, կանչող վերնագիր դնելով, ինչպիսին է՜ վերոնշյալ լուրի վերնագիրը, հեղինակը, տվյալ ԶԼՄ-ն պարզ հասկացնում են, որ շահագրգռված են, որ ընթերցողը բացի հղումը:

Երբ ինքս նոր-նոր էի փորձում լրագրությամբ զբաղվել, աշխատում էի Հանրային ռադիոյում, հայրս ամեն օր հիշեցնում էր.«Հաղորդումներդ մանրակրկիտ ու գրագետ պատրաստիր: Հիշի՛ր, որ ռադիո լսում է Տիգրան Մանսուրյանը, Սվետլանա Նավասարդյանը, Գևորգ Ջահուկյանը (այն ժամանակ լեզվաբանը ողջ էր)»: Ռադիոհաղորդում պատրաստող լրագրողներիս համար մեր ունկնդիրները մեզնից զարգացած, ինտելեկտուալ մարդիկ էին, որոնց հետաքրքրելու համար պետք է մեր աշխատանքը կատարեինք նույն պատասխանատվությամբ, ինչ նրանք՝ իրենցը:

Ի՞նչ լսարանի համար են հոդվածներ, նյութեր պատրաստում կայքերը: Եթե հրապարակման վերնագիրը սա է՝ «Պերիս Հիլթոնը պատահմամբ ցուցադրեց իր ներքնազգեստը», մտածում ես, որ վերնագիրն այն չէ, բայց գոնե ազնվորեն ակնարկել են, որ նյութը տափակ է, և ընթերցողը նեղություն չի կրում բացել հղումը:

Սակայն, ահա, հաջորդ վերնագիրը՝ «Հայազգի գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել, իսկ Հայաստանում ոչ ոք տեղյակ չէ»: «Շատ ցավալի է, բայց փաստ, որ մենք չենք ճանաչում աշխարհահռչակ հայ գիտնականների, ովքեր իրենց ահռելի ներդրումն են ունեցել համաշխարհային գիտությունների զարգացմանը»: Պարզվում է՝ խոսքն աստղաֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գյուրզադյանի մասին էր: «Ծնված լինելով ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում, Վահագն Գյուրզադյանն իր կյանքի 1-ին փուլի գործունեությունը ծավալել է Հայաստանում»…

Տառասխալներով, բացթողումներով, ոչ գրագետ այս տեքստը ևս հեղինակ չունի: Բայց ինչպե՞ս է հնարավոր գրել նման տեքստ՝ չունենալով տարրական պատկերացում գիտության մասին՝ «Սովորել է ԵՊՀ-ում և պաշտպանել իր 1-ին թեկնածուական ատենախոսությունը: Դա անելուց հետո Գուրզադյանը մեկնել է արտերկիր, որտեղ շարունակել է իր ուսումը, պաշտպանել ևս 10 թեկնածուական ատենախոսություն»:

Եվ հետո՝ ոչ մի բառ վերնագրում նշված Նոբելյան մրցանակի մասին: Եվ հեղինակին կարելի է հասկանալ, քանի որ բավական է նայել ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրների ցանկը և համոզվել, որ Վահագն Գուրզադյանի անունը այնտեղ չկա:

Հեղինակը չափազանց ճիշտ կվարվեր, եթե չգրեր այս հոդվածը, սակայն եթե, այնուամենայնիվ, որոշել էր աստղաֆիզիկոսի մասին հոդված պատրաստել, կարող էր գոնե համացանցից ճշտել Վահագն Գուրզադյանի մասին ողջ տեղեկատվությունը: Հայերենով տեղեկատվությունը, ճիշտ է, աղքատիկ է, սակայն ռուսերեն և անգլերեն հոդվածները գիտնականի գործունեության մասին շատ-շատ են: Ընդ որում՝ որևէ մեկում գիտնականի՝ Նոբելյան մրցանակի արժանանալու մասին որևէ հիշատակություն չկա:

Եթե կայքը կանչող, ինտրիգային վերնագիր է դնում, ապա պարտավոր է վերնագիրը «սպասարկել» գրագետ հոդվածով, որը, տեսականորեն, կարող են ընթերցել Տիգրան Մանսուրյանը, Սվետլանա Նավասարդյանը և, ի վերջո, աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանը:
 

Լիլիթ Ավագյան

Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ պարզվեց, որ հայազգի գիտնականին Նոբելյան մրցանակ վերագրող հոդվածը կայքից հեռացվել է: Այստեղ օգտագործել ենք հոդվածի՝ google-ի հիշողությունում պահպանված տարբերակը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *