2016.06.17,

Քննադատ

Մահն ու իրավունքները՝ մեկ պատկերում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Տարբեր մեծ ու փոքր փիլիսոփաները գիտեին ու սովորեցնում էին, որ մարդկային գոյության իմաստը բացահայտվում է այն պահին, երբ մարդը հասկանում է, որ ինքն անվերաջանալի չէ: Որ կա մահ: Քանի որ եթե կա մահ, ուրեմն կա նաև կյանք: Հենց այդպես, ոչ թե հակառակը:

Մահվան, այսինքն՝ կյանքի անդառնալի ընդհատման մասին տեղեկություն ստանալով՝ երեխան սկսում է բոլորովին այլ կերպ դասավորել իր մտքերն ու ներքին մղումները: Նա ինքն է դառնում փիլիսոփա (լավագույն տարբերակը) կամ էլ զգում է իրեն խաբված (այդ դեպքում նրան նրբանկատորեն օգնել է պետք):

Մահը շատ նուրբ գոյաբանական հարց է: Եթե սխալ պահի թափվի երեխայի գլխին, կարող է կոտրել ու խորտակել թե՛ մտքերը, թե՛ հույզերը:

Իհարկե, երեխաներն այսպես թե այնպես առնչվում են մահվան գաղափարի հետ, քանի որ մեդիան`,լրատվամիջոցները, կինոն, անիմացիան ու էլեկտրոնային խաղերը լցված են մահացած ու մահացող մարդկանց պատկերներով և արյունալի տեսարաններով: Խաղերից շատերի հիմքը սպանելն ու ոչնչացնելն է: Բայց այդ ամենը շատ վերացական է, ու ճիշտ չափավորման ու բացատրության դեպքում երեխան ընդունում է էկրանային մահի պայմանականությունը:

Իսկ երբ երեխաներին բերում ու կանգնեցնում են հանգուցյալի դագաղի կողքին, որպեսզի հուղարկավորության արարողությունը առավել տպավորիչ դառնա ու ավելի ցայտուն անդրադարձների արժանանա մեդիայում, դա արդեն հանցանք է:

Երկու օր է` հայաստանյան լրատվամիջոցները փորձում են հասկանալ, թե ինչպես և ինչու ստացվեց այնպես, որ ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի հուղարկավորության ժամանակ առաջին շարքում հայտնվել են 6-14 տարեկան երեխաներ, որոնք նույն հագուստով են, կրում են Հայոց ցեղասպանության սիմվոլիկայով ժապավեններ, ու բոլորն էլ շփոթված դեմքի արտահայտությամբ նայում են դագաղում պառկած լեգենդար երգչուհուն:

Պարզ է, որ նրանց բերել են՝ շարքերով ու պարտադրանքով, և որպես ծիսական խաղի մասնակիցների՝ կանգնեցրել առաջնագծում: Երեխաների առջևում մահն է, թիկունքում՝ կյանքը: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է լինելու հետո՝ հաջորդ րոպեներին, նույն օրվա երեկոյան, երբ երեխաները ընտանիքների անդամների հետ կնստեն ընթրիքի: Կամ՝ մի քանի տարի հետո, երբ մահվան ծիսակարգի տպավորությունները կփոխակերպվեն արարքների:

Այս դեպքը կարող էր աննկատ անցնել, եթե չլինեին տարբեր մեդիա հրապարակումներն ու սոցցանցերում ծավալված առատ քննարկումները: Հենց մեդիան բևեռեց հասարակության ուշադրությունը (առավել ևս՝ երեխաների ծնողների) դեպքի վրա ու խթանեց դիսկուրսը:

Դպրոցի ուսուցիչները, որպես կանոն, վատ բան չեն տեսնում երեխաներին տարբեր միջոցառումների խաղալիքը կամ ֆոնը դարձնելով, իսկ ծնողներն էլ շատ չեն խառնվում դպրոցի գործերին: Միգուցե վստահում են դպրոցին որպես համակարգի՝ կարծելով, որ ինչ արվում է դպրոցում, ճիշտ է:

Մտահոգիչ բան տեսավ մեդիան ու առաջացրեց հարցերի ալիք:

Օրինակ՝ հայտնեց, որ զայրույթ է առաջացել, հարցում ուղարկեց ՀՀ մշակույթի նախարարություն ու պատասխան ստացավ, որ երեխաներին հանգուցյալի դագաղի մոտ բերելը եղել է երաժշտական դպրոցի տնօրենի որոշումը: Հետո տարբեր հրապարակումների արդյունքում արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ այս փաստը որակելով մտահոգիչ, ասելով, որ «անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը»:

Մահվան թեման հաճախ է արծարծվում դպրոցական դասագրքերում և ոչ ոք չգիտե, թե դա ինչ հետևանքների է հանգեցնում: Ոչ մի ծնող չի կարող վստահ լինել, որ դասագրքերը մասնագիտական քննարկումների մաղով են անցել: Օրինակ՝ ո՞վ է պարզել, թե ինչպես է պետք 6-7 տարեկան երեխայի հետ խոսել մահվան մասին: Եվ առավել ևս՝ ցույց տալ մահը:

Ընդհանրապես մահն ու սերը այն հասկացություններն են, որոնք մանուկ հասակում ինստիտուցիոնալ ներմուծելը շատ ռիսկային է: Երկու հասկացություններն էլ զգացմունքների ու ցնցումների հետ են կապված և գործ ունեն ենթագիտակցական մակերեսների հետ, որոնք սովորաբար շեղվելու ու տեղը չընկնելու հատկություն ունեն:

Թե՛ ուսուցիչները, թե՛ ուսումնական ծրագրեր կազմողները, թե՛ դասագրքերի հեղինակները պետք է իրենք էլ մի քիչ փիլիսոփա լինեն, այլ ոչ թե ընդամենը միջոցառում կազմակերպող ու երեխաներին իրենց միջոցառման մեջ օգտագործող համարվեն:

Համենայնդեպս, այս օրինակը ցույց տվեց, որ լրատվական դաշտն ավելի զգոն ու պատրաստված է, քան այն պետական հիմնարկները, որոնց վստահված է երեխայի հոգեկան ու ֆիզիկական առողջությունը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *