«Ինձ է՛լ չուղարկեք հոգևորականների ասուլիսների»,- խնդրեց մեր թղթակիցներից մեկը: Նման խնդրանք ներկայացնելու պատճառաբանությունն այնքան արտառոց էր, որ, եթե նստած չլինեի, հաստատ վայր կընկնեի:
«Ասուլիսից առաջ պահանջում են աղոթել»,- ասաց նա ու արդարացավ, որ ինքը հավատացյալ չէ: Ու հավելեց, թե երբ չի աղոթում այլոց հետ, խնդիրներ է ունենում ասուլիսի կազմակերպիչների և այլ լրագրողների հետ՝ արժանանալով նվազագույնը խեթ հայացքների:
Ինձ զարմացնելը բավական դժվար է. լրագրողական գործունեությանս ընթացքում, ինչ ասես՝ չի եղել: Եղել են նաև նման դեպքեր, երբ միջոցառման գլխավոր դեմքերը չեն բավարարել իրենց ակնկալիքները՝ «հերսը թափել են» լրագրողների վրա:
Մի օրինակ. Աշոտ Բլեյանի դատավճիռը պետք է հրապարակվեր: Նա դահլիճում ներկաներից պահանջեց, որ բոլորը դուրս գան, և դատավոր Իսկուհի Վարդանյանը միայնակ կարդա իր վճիռը: Ես ու Մհեր Արշակյանը չենթարկվեցինք՝ մենք պետք է լուսաբանեինք: Առանց այն էլ խախտել էինք լրագրողի չեզոքությունը, երբ դատավորը ներս էր մտել, ու ոտքի չէինք կանգնել: Հիմա հասկանում եմ, որ դա էլ էր կոպիտ սխալ՝ մենք այնտեղ կողմ չէինք: Բայց պրն Բլեյանին դա քիչ էր թվացել՝ նա, անվանապես արդեն դիմելով ինձ ու Մհերին, պահանջում էր, որ դուրս գանք դահլիճից: Ու երբ չենթարկվեցինք այդ պահանջին, բորբոքված վիրավորանքներ հնչեցրեց այս ոգով, թե մեր նմանների պատճառով է, որ այդ վարչակարգը հարատևում է և այլն: Վերջին մեջբերումը հաստատ ճշգրիտ չէ, քանի որ վիրավորանքը լսելուց հետո խիստ ազդվեցի, ու դեռ բավական երկար չէր անցնում նեղվածությունս:
Եղել են նման դեպքեր էլ, որ ասենք՝ բարեգործական ինչ-որ միջոցառում լուսաբանելիս կազմակերպիչներն ակնկալել են, թե մի դրական խոսք էլ մենք՝ լրագրողներս, պետք է ասենք՝ լուսաբանողից վերածվելով մասնակցի:
Սակայն այս օրինակներից և ոչ մեկը համադրելի չէր այն պատճառաբանության հետ, որ ներկայացրեց մեր թղթակիցը: Ընդ որում՝ մանրամասնեց, որ արդեն նման չորս դեպք է եղել՝ այլ լրագրողներ աղոթել են, ինքը՝ ոչ, ուստի և «օտար մարմին» է դարձել միասնական հավատացյալ հոտի մեջ:
Հատուկ նման ասուլիսների կազմակերպիչների և մասնակիցների համար պարզաբանենք, որ անգամ փոփոխված Սահմանադրությունում պահպանվել է մտքի, խղճի և կրոնի ազատությունը հոդվածը, որում մասնավորապես ասված է. «1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք… 2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Ասուլիսի ուղարկելիս և ընդհանրապես աշխատանքի ընդունելիս մենք չենք պարզում մեր աշխատակիցների կրոնական հայացքները կամ դրանց բացակայությունը, որ դրանք հաշվի առնենք միջոցառումներ լուսաբանելիս. այն է` կկարողանա՞ աղոթել, եթե իրեն միասնաբար աղոթելու հորդոր արվի, խարույկի մոտ կպարի՞, եթե հեթանոսների ինչ-որ միջոցառում լուսաբանելիս լինի, «Հարե Քրիշնա» կկարողանա՞ երգել և այլն:
Մենք միամտորեն ենթադրում ենք, թե ասուլիսի կամ նման միջոցառումների լրագրողները գնում են լուսաբանելու և ոչ թե աղոթելու: Վերջինիս համար կարծես թե ավելի հարմար վայրեր կան՝ եկեղեցիներն, ասենք: Եվ ընդհանրապես՝ գուցե դա առավել ճիշտ է անել ոչ թե միկրոֆոնների և տեսախցիկների առջև, այլ, ասենք, խաչելության պատկերների:
Թերևս, հասկացաք, որ մեր թղթակցի խնդրանքը հաշվի չի առնվել: Ավելին՝ շատ կուզեի, որ հերթական նման ասուլիսից նա բերեր նաև կադրեր, թե ինչպես են լրագրողները մինչ այդ հոտնկայս աղոթում: Մեղա, մեղա, բայց հետաքրքիր է՝ աղջիկները գլուխները ծածկու՞մ են այդ ժամանակ, կամ ինչպե՞ս են խաչակնքվում, երբ մի ձեռքում ձայնագրիչն է, մյուսում՝ լուսանկարչական սարքը:
Հ.Գ. Նյութի հրապարակումից քիչ անց Ա1+ հեռուստանընկերության լրագրող Ռոբերտ Անանյանն ինձ ուղարկեց վերը տեղադրված ռեպորտաժի հղումը. այն սկսվում է ասուլիսից առաջ աղոթքի կադրերով:
Աննա Իսրայելյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: