2016.06.10,

Քննադատ

Մշակութային լրագրության մշակույթ

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Շատ լրագրողներ և խմբագիրներ կվկայեն՝ խմբագրություն ոտք դրած լրագրողին, որպես համեմատաբար հեշտ, «թեթև» ոլորտ, առաջարկում են մշակույթը. «Կաշխատես որպես մշակույթ լուսաբանող լրագրող, կաճես, հետո արդեն գուցե և կարողանաս քաղաքական թեմաներով գրել»: Այսինքն՝ կամաց-կամաց վերջին էջից կմոտենաս առաջիններին (մշակույթին անդրադարձող էջը թերթերում նախավերջինն է կամ վերջինը):

Այն դեպքում, երբ մշակույթի մասին գրելն ավելի բարդ է, քան քաղաքականության:

Որպեսզի մշակութային լրագրողը կարողանա հետաքրքիր հոդված պատրաստել որևէ օպերային ներկայացման մասին, անհրաժեշտ է հրաշալի տիրապետել նյութին՝ լիբրետտո, երաժշտություն, պատմություն, գրականություն և այլն, և այլն: Նույնը կարելի է ասել ցուցահանդեսի, թատերական ներկայացման, նոր լույս տեսած գրքի մասին: Հակառակ դեպքում՝ երրորդ նախադասությունից հետո հոդվածն առաջ չի գնա:

Այստեղ որոշակի դիլեմա կա. մշակութային լրագրողը միաժամանակ չի կարող տիրապետել արվեստի բոլոր ճյուղերին, քանի որ սպեցիֆիկ կրթություն չունի, իսկ մասնագետն էլ չի գրում, քանի որ նրան ոչ ոք չի խնդրում դա անել:

Հարցիս, թե ինչու՞ մամուլում թատերագետները քննադատական անդրադարձներ չեն անում այս կամ այն ներկայացմանը, ի վերջո, գրեթե բոլոր թատրոններում աշխատանքային վիճակ է, թատերագետ, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանն այսպես արձագանքեց.

«Ժամանակակից թատերագիտության ամենացավոտ կետին դիպաք, պետք է ասել, որ կա բուռն թատերական ընթացք, կան թատերագետներ, սակայն չկա այն հարթակը, որտեղից թատերագետը կարող է և պետք է արձագանքի թատրոնում տեղի ունեցողի մասին։ Եթե գրականության և մյուս ոլորտներում կան մասնագիտական պարբերականներ, ապա թատրոնին վերաբերող որևէ մասնագիտական թերթ կամ ամսագիր գոյություն չունի։

Ինչ վերաբերում է թերթերին, ապա այսքան տարիների ընթացքում ես որևէ խմբագրից առաջարկ չեմ ստացել թատերախոսականի, թերթում թատերական սյունակ վարելու մասին։ Ստացվում է՝ թատերագետն ի՞նքը պետք է վազի թերթերի հետևից և խնդրի, որ իր թատերախոսականը տպագրեն… Լինում է, որ չեն մերժում, բայց անմիջապես հաջորդում է բայցը՝ բայց հոնորար չկա…

Թատերագիտությունը ժուռնալիստիկա չէ, այն նեղ մասնագիտական ու գիտական ոլորտ է՝ իր յուրահատկությամբ ու հստակ ձևաչափով։ Այն դժվարին և լուրջ աշխատանք է, որը պետք է բարձր վարձատրվի հենց մամուլի կողմից։ Մեր թերթերը բավարարվում են լրագրողների հոդված-ակնարկներով, որոնք միայն լրատվություն են, կամ հարցազրույցներ, կամ՝ տպավորություն ներկայացումից։

Սա թատերագիտություն չէ, չի կարող լինել, թեև արդեն տևական ժամանակ որոշ լրագրողներ այնքան են «մասնագիտացել» ներկայացումների մասին տպավորություններ գրելու մեջ, որ հավակնում են թատերագետ կոչվելու կամ հասարակության կողմից սկսել են ինքնաբերաբար թատերագետ ընկալվել՝ չընդդիմանալով այդ կոչմանը» :

Վարձատրության հարցը բարձրացրեց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել. իր հոդվածները, եղել է՝ տպագրել են, սակայն հոնորարը «խղճուկ» էր այնքան, որ ամաչում է անգամ այդ թեմայով խոսել…

Տարտամ կասկածներ ունեմ, որ եթե օրաթերթերում բավարար թվով քաղաքական, տնտեսական նյութեր լինեն, որոնցով հնարավոր լինի «փակել» տվյալ համարը, մշակույթին անդրադարձող զրույցները, թեմաները կարող են մեկ կամ երկու օր էլ սպասել…

Մշակութային լրագրությունը, թերևս, նահանջում է այսօր ոչ միայն հայաստանյան մեդիայում: Քաղաքականությունը, սոցիալական խնդիրները, տնտեսական հարցերը առաջին էջերում են բոլոր երկրներում: Հիմնավորումները կարող են այնքան հիմնավոր թվալ, սակայն…

Գիտական մի նյութի վրա աշխատելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ թերթում եմ 19-րդ դարի կեսերի և 20-րդ դարի մինչև 50-ականների մամուլը: Հայաստանի համար ամենացավալի շրջանն է՝ 1896-ի կոտորածներ, Առաջին համաշխարհային, Ցեղասպանություն, Հայկական հարց, Առաջին հանրապետություն, Խորհրդային Հայաստան, Երկրորդ համաշխարհային…

Հայկական մամուլում, սակայն, մշակութային թեմաները չեն էլ նահանջել: Ընդ որում՝ թերթերին թղթակցել են գիտությամբ, արվեստով, գրականությամբ զբաղվող մարդիկ՝ Մխիթարյան միաբանության անդամներից սկսած՝ մեր գրեթե բոլոր գրողները, շատ երաժիշտներ, գիտնականներ: Օրինակ՝ Կոմիտասի կենսագրության ու եվրոպական դասախոսությունների մասին տեղեկությունները կցկտուր կլինեին՝առանց մամուլում դրանց անդրադարձների: Ընդ որում՝ հոդվածների հեղինակները կրթությամբ երաժիշտներ են: Մասնավորապես՝ դաշնակահարուհի, երգչուհի Մարգարիտ Բաբայանը (1874-1968): Մամուլում բանավիճել են պոլսահայ մտավորականները: Բանավեճերի նյութն էլ՝ գրական ուղղություններ, նոր լույս տեսած գրքերի քննադատություն, երաժշտական ու թատերական ներկայացումների քննարկում, քննադատություն, միջազգային բիենալեներում հայ նկարիչների գործերի վերլուծություն…

Հիմա ներկայացումների, կինոյի, գրականության, նկարչության մասին մասնագիտական քննադատությունը մեր մամուլում հազվադեպ է պատահում (խոսքը կոնկրետ ուղղվածության ամսագրերի մասին չէ, որոնց տպաքանակն ու գինը ենթադրում են ընթերցողների համեստ թիվ): Լրագրողներն այսօր էլ շրջում են թատրոններով, ցուցահանդեսներով և, որպես կանոն, ներկայացնում են իրենց տպավորությունները այս կամ այն միջոցառումից, հաճախ այս կամ այն արվեստագետի խոսքը ներկայացնում՝ իբրև հեղինակային:

Թերթերի խմբագիրները չեն կարող իրենց շքեղություն թույլ տալ՝ բարձր հոնորարներով հոդվածներ պատվիրել հայտնի քննադատներին: Ընթերցողների պահանջն էլ այնքան համառ չէ, որ խմբագիրները ստիպված լինեն ընթերցող կորցնելու վտանգից լրացուցիչ գումարներ գտնել՝ մասնագիտական կարծիքները վճարելու համար: Ընթերցողների ցանկությունը գրեթե այսպիսին է՝ գիտե՞ք, աղավնյակներս, ձեր խելացի մտքերը պահեք ձեզ, իսկ մեզ պարզապես մատնացույց արեք՝ ի՞նչ ներկայացում կամ համերգ կա, ի՞նչ գիրք է լույս տեսել, և ինքներս կորոշենք՝ գնա՞լ, թե՞ չգնալ, գնե՞լ, թե՞ չգնել…

Այն, որ նախկինում գրողներն ու մյուս արվեստագետները գրիչ էին վերցնում ու թերթերում գրում, քննադատում, քննարկում, բանավիճում, մշակութային միջավայրի թելադրանքով էր. հասարակությունն ապրում էր մշակութային իրադարձություններով, այս կամ այն գրողի նոր լույս տեսած գրքով, գրական նոր ուղղության ընդունմամբ կամ մերժմամբ:

Ավետիք Իսահակյանն իր նամակներից մեկում գրում է, որ անգամ Երկրորդ համաշխարհայինի տարիներին նոր լույս տեսած գրքի համար Հայաստանում նույնպիսի հերթեր էին, ինչպիսի հերթեր էին հացի համար:

Մշակութային լրագրությունը, առհասարակ մշակութային իրադարձությունները թերթերի առաջին էջեր բերելու համար հիմա չկա ամենակարևորը՝ մշակութային միջավայրը: Իսկ միտքը, թե քաղաքականությունը, տնտեսությունն ու սպորտը կախված են մշակույթից, գեղեցիկ է հնչում, սակայն այն ապացուցել՝ հղում անելով մեդիային, ոչ մի կերպ հնարավոր չէ:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *