2016.05.31,

Քննադատ

Գրագողերը միայն «թեթև վախ» ապրեցին մեր անհետևողականության պատճառով

Ապրիլի 1-ին «Առավոտը» ու ևս մի լրատվամիջոց ստացել էին նույն նամակը: Հեղինակն ասում էր, որ ներկայացնում է վրացերեն լույս տեսնող առցանց լրատվամիջոց Netgazeti.ge-ն, որը գոյություն ունի 2010-ից. «Մենք լուսաբանում ենք իրադարձությունները, որոնք կատարվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Հարավային Կովկասի երկրներում: Ցավոք, մենք պարզել ենք, որ մեր երկու թղթակիցները, որոնք տրամադրում էին հոդվածներ ու լուրեր Երևանից և Բաքվից՝ գրագողություն են արել: Ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2014-2015 թվականների ընթացքում նրանց տրամադրած ավելի քան 40 հոդվածները գրագողության հետևանք էին:

Պատճառը, որ գրում ենք ձեզ, այն է, որ այդ լրագրողները պատճենել են տեղեկատվությունը, մեկնաբանություններն ու մեջբերումները, այդ թվում՝ նաև ձեր լրատվամիջոցից, ընդ որում՝ առանց անելու տվյալ հղումը:

Անկեղծորեն ցավում ենք ու ներողություն խնդրում: Նաև ուզում ենք տեղեկացնել, որ այդ հրապարակումներն արդեն ջնջված են մեր կայքից»:

Հաշվի առեք՝ մինչ այդ պահը տեղյակ չէի այդ լրատվամիջոցի գոյության մասին: Առավել ևս՝ տեղյակ չէի գրագողության մասին: Եվ հանկարծահաս այս ինքնախոստովանությունն ու մասնագիտական բարեխղճությունն ապշեցրեց այնքան, որ մտադիր էի այդ մասին անմիջապես պատմել գործընկերներիս:

Սակայն դարձյալ նշեմ՝ նամակը ստացել ենք ապրիլի 1-ին: Հաջորդ օրն իսկ սկսված իրադարձությունները ստիպեցին առժամանակ մոռանալ արհեստավարժության փայլուն այդ դրսևորման մասին:

Սակայն այն վերհիշելու առիթ եմ ունենում դրանից հետո շատ հաճախ: Միայն մի օրինակ. մայիսի 30-ին մի քանի կայքեր վերահրապարակել էին Սամվել Բաբայանի նամակը Վազգեն Սարգսյանին, որը ժամանակին «Առավոտ»-ին տրամադրել էր Բաբայանի պաշտպանը, վերահրապարակել էին այն պարզաբանումը, որն այդ կապակցությամբ «Առավոտ»-ին տվել էր Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Վերահրապարակման վերնագրում հղում չկար, ակտիվ հղումն ամենավերջում էր, ու մեր հրապարակումն էլ մեջբերված էր ամբողջությամբ: Այսինքն՝ կետ առ կետ խախտված էին «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 22.1-ին հոդվածի բոլոր կետերը՝ լրատվական նյութի օգտագործման պայմանների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ըստ 2013 թ.հոկտեմբերին օրենքում ընդունված այս լրացման՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը «թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով», «Քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաև քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշելը պարտադիր են, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է»:

Օրենքը սահմանել էր նաև տույժ՝ այս դրույթները խախտելու համար. «Սույն օրենքի 22.1-ին հոդվածի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը»:

Սակայն բացառությամբ «Հետքի»՝ ոչ մի այլ լրատվամիջոց հավես, ժամանակ ու հետևողականություն չունեցավ օրենքի այս պահանջների խախտման համար հասնել դատարան: Ու հիմա մեղքն ամբողջապես մերն է, որ օրենքի ընդունումից հետո առժամանակ զգուշավոր պահվածք ցուցաբերած գրագող կայքերը, «թեթև վախ» ապրելուց հետո՝ հիմա էլի անցել են իրենց հին աշխատաոճին:

Թեև ինչու՞ միայն նրանք:

Անգամ ազդեցիկ ու արհեստավարժ համարվող առանձին լրատվամիջոցներ են զանց առնում, ասենք, վերնագրում հղում անելու պահանջը ու նույնիսկ չեն էլ արձագանքում պատշաճ հղում անելու պահանջներին: Վստահաբար՝ նման պահվածքն ու անպատիժ մնալն առավել են ոգևորում հին գրագողերին:

Տեղյակ եմ, որ գործընկերներս այժմ հերթական նախաձեռնությունների շարքն են պատրաստում ընդդեմ այլ լրատվամիջոցներից գողացված լուրերով գոյություն պահպանող պարազիտ կայքերի: Շատ լավ է, իհարկե, ու մենք էլ ավանդաբար միանում ենք նման ամեն քայլի, որը միտված է լրատվական դաշտի առողջացմանը:

Սակայն նախորդ փորձը ստիպում է կասկածել, որ այս անգամ էլ գրագողերի նկատմամբ մեր անհանդուրժողականությունը կտևի մի քանի ամիս:

Ու մի բան էլ: Դժվար թե Netgazeti.ge-ն տեղյակ լիներ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի մեր կարգավորումների մասին: Ուղղակի կան լրատվամիջոցներ ու լրատվական միջավայրեր, որոնց համար գրագողությունն ամոթալի և անհանդուրժելի մի բան է, և կան նաև լրատվամիջոցներ, որոնց համար դա «կենսակերպ» է, ու լրատվական միջավայրեր, որտեղ գրագողության դեմ պայքարն ունի պարբերական «ակցիայի» բնույթ:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *