Երբ 2015 թ. դեկտեմբերի 10-ին Երևանի փողոցներով անցավ կանաչ թղթե տանկը, շատ քիչ մարդ նկատեց այն: «Ձեռագործ» թղթե պատյանը, որը նմանեցված էր հրասայլի, ինքնաշարժ չէր, այն հագուստի պես իր վրա էր կրում արվեստագետ Արտակ Գևորգյանը: Եվ տանկի հետ էլ քայլում էր փողոցներով՝ նպատակ ունենալով հասնել Ազգային անվտանգության ծառայության շենք ու հարվածել երկաթե դռանը:
Խաղի (այս դեմքում՝ արվեստի) միտքը հստակ էր և ուրախ. թուղթը չի կարող վնասել կուռ երկաթը, և ուրեմն ի սկզբանե այս «հարվածային» մտադրությունը նախատեսված էր որպես ստուգում, որպես ակցիա, որի իմաստը պիտի ամբողջանար ռեակցիայով: Այսինքն՝ ուժային կառույցների արձագանքով:
Եվ այդ ռեակցիան իրեն սպասել չտվեց:
Ուրախ կանաչ տանկը փոքր, ցուցադրաբար անհատական ակցիա էր: Կես տարի առաջ այն սակավ ուշադրության արժանացավ. մարդիկ, տեսնելով տանկ-մարդուն, մոտենում էին ու սելֆի անում կանաչ խաղալիքի ֆոնին: Տեղեկությունը տանկի մասին տարածվեց, երբ տանկի լուսանկարները հայտնվեցին սոցցանցերում: Մարդկանց հետաքրքրում էր ոչ այնքան ակցիայի նպատակը, այլ բուն փաստը (քաղաքում մի գունեղ իրադարձություն եղավ):
Մեդիան էլ տանկի հայտնությանը հպանցիկ անդրադարձավ: Ի վերջո, ոչինչ չէր կատարվել՝ բացի նրանից, որ մի մարդ ինքն իրեն հակադրել էր հզոր գերատեսչությանն ու գիշերվա ժամը 1:30-ին հարվածել ԱԱԾ շենքի դարպասներին՝ բողոքելով վերացական «անարդարությունների և խառը քաղաքական իրավիճակների դեմ», ինչի արդյունքում էլ վնասել էր իր հրասայլն ու հեռացել դեպքի վայրից:
Արտակ Գևորգյանն իր կանաչ «զրահամեքենան» թողել էր ԱԱԾ դարպասների մոտ: Իսկ հաջորդ օրը նրան երկու ընկերների հետ միասին բերման էին ենթարկել «Ալֆա» հատուկ ջոկատայինները: Եվ այս կետից էլ վերացական անարդարությունները կոնկրետացան, բայց ոչ ուժգնացան:
Մեդիան հարվածի ու արվեստագետներին բերման ենթարկելու փաստը նույնպես իմիջիայլոց ներկայացրեց, շատ լրատվամիջոցներ անգամ իմաստ չտեսան հաղորդելու այդ լուրն ու լուռ անտեսեցին այն որպես երկրորդական մի դիպված:
Բայց անցավ կես տարի և «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը հայտնվեց շատ ավելի սկանդալային ու, մեծ հաշվով, քաղաքական իրականության մեջ: Դա արդեն լուրջ իրադարձություն էր, որը մեդիան անտեսել չէր կարող: Արտակ Գևորգյանը նստեց մեղադրյալի աթոռին, և տեղի ունեցավ առաջին դատական նիստը:
Եվ դրանով իսկ արվեստի գործը հասավ իր նպատակին: Այն մտավ մեդիա դաշտ ու հանրային քննարկումների շարունակական առիթ դարձավ:
Արվեստագետին ներկայացված մեղադրանքն ինքնին արդեն արվեստի գործ է:
Նա մեղադրվում է այն բանի համար, որ «կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով»:
Չպիտի մոռանալ, որ տանկի նյութը, մոդելն ու ընդհանրապես վիզուալ տեսքը կասկած անգամ չեն թողնում, որ այն խաղալիք է: Այսինքն՝ այն լուրջ զրահատեխնիկայի հետ շփոթողները մոլորյալներն են: Իսկ լուրջ վնասների մասին խոսողները՝ անհեթեթության հասնող խիզախ մոլորյալներ:
Թե՛ գույքի համար վախը, թե՛ կարգի խախտումը չեն կարող մրցել այն մեղադրական ձևակերպման հետ, որի իմաստը լրիվ զավեշտ է: Հայտարարվել է, որ Արտակ Գևորգյանը «հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել»:
Իրականում ճիշտ հակառակն է. հասարակությունը հարգելով է նա մի քանի օր շարունակ ստվարաթղթից կառուցել իր տանկը, ներկել այն կանաչ գույնով, վրան գրել «Արտակը սեփական տանկ ունի» ու դուրս եկել գիշերային մայրաքաղաքի փողոցներ՝ ուղևորվել դեպի «հարվածային» դիրք:
Արվեստը միշտ հարգալից է, քանի որ եթե այն ճիշտ թիրախին է հարվածում, ուրեմն պետական հսկա մեքենան սկսում է ջղաձգվել ու փորձել մեղադրական ձևակերպումներ մոգոնել՝ հիմնվելով օրենսգրքի վրա:
Այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալ, որ ժամանակակից լինելու հավակնություն ունեցող ցանկացած արվեստի գործ (իսկ այս ուրախ տանկը արվեստի գործ է՝ տանկիստի կերպարով հանդերձ) «սնվում» է արվեստի գործի համամասնակիցը դարձողներով: Եթե ակցիան աննկատ անցներ, ուրեմն այն լիարժեք ակցիա չէր: Իսկ երբ եղավ արձագանք, արվեստի գործը կայացավ:
Եվ կայացավ առաջին հերթին որպես հարցադրումների շարք:
Հարցադրումները բազմատեսակ են՝ խոսքի ազատության, ինքնադրսևորվելու ու ազատ տեղաշարժվելու ու, ի վերջո, հարց տալու հիմնարար իրավունքներ:
Խոսքի ազատությունը ոչ միայն արվեստի թեմա է, այլև արվեստի արարման անհրաժեշտ պայման:
Մարդը բողոքում է անվտանգության ծառայության դեմ, իսկ անվտանգության ծառայությունը այդ բողոքը դարձնում է օրինական, քանի որ սկսում է դատել արվեստը օրենսգրքի համաձայն: Եվ՝ դրանով մտնում արվեստի դաշտ, որն այս դեպքում ավելի լայն է ու ներառում է ցանկացած մեդիա արձագանք, տեսանյութ ու գրավոր տեքստ:
Երբ լրատվամիջոցները գրում են տանկի հեղինակի դեմ հարուցված դատական գործի մասին, նրանք ակամայից մեդիա ակցիայի մասնակիցներ են դառնում՝ ընդգծելով խաղալիք սարքի ու ուժային գերատեսչությունների բախման փխրուն մակերեսը:
Այսօր արվեստը կարող է կայանալ միայն ավտոնոմ աշխատող արվեստագետների կողմից, քանի որ ցանկացած պետական պատվերի դեպքում քննադատաբար ընկալելու հանրային զգայարանը բթանում է: Եվ ընդհակառակը՝ սրվում է, երբ ռեակցիան ակցիային համարժեք չէ: Եվ այս կետում է արվեստագետը հարգալից վերաբերմունք դրսևորում հանրության նկատմամբ:
Արվեստի այս ակցիան մանրակրկիտ էր պատրաստվել, իսկ պատժիչ մեքենան գործի դրվեց առանց երկար-բարակ մտածելու (մեքենաները ընդհանրապես չեն մտածում):
Ամեն դեպքում՝ սա լավ առիթ էր ընդունելու, որ ժամանակակից արվեստը միշտ հենվում է մեդիայի վրա ու միշտ քաղաքական է: Բայց քաղաքական երանգը տալիս են արձագանքողները: Եվ եթե արվեստագետը հանկարծ դատապարտվի ազատազրկման, արվեստը ավելի կուռճանա, կընդլայնվի ու իր օրերից մի օր էլ կդառնա թելադրող: Այնպես, ինչպես հիմա թելադրում են հատուկ ֆիզիկական պատրաստվածություն անցած գործակալներն ու ոստիկանները:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: