Պատերազմական իրավիճակը ենթադրում է տեղեկատվության հետ ավելի օպերատիվ աշխատանք, տեղեկության ստուգում, տեղեկության անվտանգ փոխանակում։ Գործողությունների մի մասը կարելի է իրականացնել հեռախոսի միջոցով՝ հեշտացնելով դաշտային աշխատանքը։
Տեղեկության անվտանգ փոխանակումը լրագրողի և խմբագրության միջև պատերազմական օրերին դառնում է շատ ավելի կարևոր։ Չնայած խաղաղ պայմաններում էլ լրատվամիջոցները այսպես թե այնպես պետք է նույնպես ձգտեն օգտվել գաղտնագրված տեղեկատվությունից, պատերազմական վիճակում լրագրողների բաց կապուղիները կարող են գաղտնալսվել երկու կողմի զինվորականների կողմից։
Այստեղ կան վտանգներ, որ լրագրողը կարող է մեղադրվել գաղտնի տեղեկություն փոխանցելու մեջ, կամ հակառակորդի կողմից գաղտնալսումների հրապարակումները կարող են օգտագործվել որպես քարոզչական հնարքներ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտագործել վստահելի գաղտնագրում կիրառող համակարգեր, օրինակ, Signal, Whatsapp, Telegram (Secret Chat տարբերակով) և այլն։
Ռազմական գործողությունների տեղանքում կողմնորոշվելու համար գոյություն ունեն նավիգացիոն բազմաթիվ ծրագրեր, որոնք ունեն մի քանի թերություններ։ Անվճար ծրագրերի մի մասը թույլ չի տալիս օգտվել քարտեզներից օֆլայն տարբերակով։
Մյուսների՝ հակամարտությանը վերաբերող տարածքները թույլ են զարգացած և նկարագրված։ Այսօր տարբեր տեղանքներ ավելի լավ են ներկայացված Google Maps-ում և Open Street Maps-ում։ Google Maps-ի դեպքում արդեն հնարավոր է որոշակի տարածքը ներբեռնել հեռախոսի մեջ և օգտագործել օֆլայն տարբերակով։ Google My Maps առանձին հավելվածը թույլ կտա արագ ստեղծել ձևավորված քարտեզ հեռախոսով․ նշել կետեր, գծել սահմաններ, ցույց տալ դիրքերի փոփոխություն և այլն։ Maps.me հավելվածը նույն օֆլայն քարտեզների տարբերակը առաջարկում է Open Street Maps-ի համար։
Ռազմական գործողությունների վերաբերյալ այսօր բավական հետաքրքիր տեղեկատվություն կարելի է քաղել տվյալ տեղանքից սոցիալական ցանցերում հայտնված գրառումներից, նկարներից։
Նոր ժամանակների հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ սոցցանցերի մոնիթորինգը թույլ է տալիս ոչ միայն ստանալ տեղեկատվություն, այլ նաև իրականացնել եղած տեղեկությունների վերստուգում։ Instagram-ում, VK-ում, Twitter-ում, Google Plus-ում տեղադրված լուսանկարները կարելի է գտնել ըստ տեղանքի՝ օգտվելով, օրինակ, Banjo հավելվածից, որը թույլ է տալիս քարտեզով որոշել աշխարհագրական տեղանքին կցված գրառումները։
Yomapic հավելվածը ավելի սահմանափակ է սոցցանցերի տեսնակյունից և աշխատում է միայն Instagram, VK հարթակներում տեղադրված լուսանկարների հետ։ Սակայն այստեղ գործում է ֆիլտրման ավելի մանրամասն համակարգ, որը թույլ է տալիս նշել հստակ տարածքային շառավիղը և օրերը, որոնց ընթացքում տեղադրվել են լուսանկարները։
Եվ այս ամենի համար, բնականաբար, պետք է ունենալ լրացուցիչ մարտկոց, քանի որ նման հավելվածները, ցավոք, «անում են ամեն ինչ», որպեսզի հեռախոսը շուտ լիցքաթափվի և վերածվի աղյուսի։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: