2016.04.18,

Քննադատ

ԴԱՀԿ պետի հրաժարականի, մեդիայի հարցական հաղթանակի և հին տաշտակի մասին

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի լուրն առնելուն պես Հայաստանում, երևի, շատերի գլխում առաջինը ծագած միտքը սա էր՝ վերջապես մեր երկրում էլ լրատվամիջոցի հրապարակած փաստերը պետական պաշտոնյայի հրաժարականի պատճառ դարձան. նման նախադեպ չի եղել Հայաստանում, և սա նշանակում է՝ ժողովրդավարական երկիր ենք դառնում:

Խոստովանեմ, ձեռքերս պարզապես քոր են գալիս՝ գրելու, որ հենց այդպես էլ կա: Բայց մի շարք գործոններ առայժմ ստիպում են ձեռնպահ մնալ հետաքննող լրագրողների այս մեծ հաղթանակն ավետելուց:

Նախ, ինչպե՞ս է իր հրաժարականը բացատրել անձամբ պաշտոնյան.«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի»:

Մինչդեռ ժողովրդավարական երկրում պաշտոնյան իր մասին մեղադրական փաստերի հրապարակման օրն իսկ պիտի հրաժարական ներկայացներ և թեկուզ այսպես պատճառաբաներ՝ որպեսզի արդար քննություն անցկացվի, պաշտոնս չդիտվի որպես ճնշման միջոց, և հանրությունը հավատա, որ ես անմեղ եմ…

Երկրորդ գործոնը, որն ստիպում է դեռևս ձեռնպահ մնալ լրագրողական հաղթանակի մասին հայտարարելուց, հայաստանյան լրատվամիջոցների փոխանցած՝ «պստլիկ» թվացող մի հանգամանք է.«Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ իշխանություններից պահանջել են քննել (Միհրան Պողոսյանի մասին) հրապարակված տվյալները»:

Ուրեմն, միջազգային ֆինանսական կազմակերպությունների՞ պահանջով է սկսվել ուսումնասիրությունը:

Հաջորդ գործոնը. ԴԱՀԿ պետի հրաժարականի նախորդ օրը, հավաստի, թե ոչ, այսպիսի լուր է հրապարակվել.«Երևան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով պատրաստվել են մեկնել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի երեխաները, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին… Միջադեպը օդնավակայանի ղեկավարության մոտ դժգոհություն է առաջացրել»:

Այսինքն` համբերությա՞ն բաժակը վերևներում լցվեց, եթե այս լուրը հավաստի է:

Ուրեմն, միայն այն ժամանակ Հայաստանը կդառնա իրոք ժողովրդավարական, երբ պետական որևէ պաշտոնյա իր դեմ ամենալուրջ փաստերի հրապարակումից հետո (լինի՝ միջազգային, թե տեղական մեդիայում), անմիջապես հաշվի կնստի այդ փաստերի հետ, կա՛մ դրանք ժխտող անհերքելի ապացույցներով հանդես կգա, կա՛մ հրաժարական կներկայացնի՝ առանց սպասելու վերևների կամ միջազգային մարմինների որոշումներին կամ ճնշմանը:

Եվ այդ ժամանակ հետաքննող մեր գործընկերների հաղթանակը կտոնենք, իսկ նրանց բազմաչարչար, սեփական անձն ու ընտանիքը վտանգող ջանքերն իզուր չեն անցնի, ինչպես նախկինում՝ գրեթե միշտ:

Տեղեկանք

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) մեկ տարի շարունակ աշխարհի տարբեր երկրների հետաքննող լրագրողների հետ համատեղ (Հայաստանից՝ «Հետքի») ուսումնասիրել և գաղտնազերծել է օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթեր:

Ապրիլի 3-ին աշխարհի լրատվամիջոցներն սկսեցին հրապարակել այդ փաստաթղթերից հատվածներ (Panama Papers):

Ապրիլի 4-ին հայաստանյան անունների մասով դրանք վերլուծական հոդվածի տեսքով հրապարակեց հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը. «ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը և նրա քեռիների՝ Գրիգորի եւ Միխաիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները այդ ցուցակում են», կամ՝ «ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները»։

Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հրաժարական ներկայացրեց իր պաշտոնից՝ պատճառաբանելով, թե չի ուզում, որ իր երկրի անունը դրվի «բռնապետական Ադրբեջանի» անվան կողքին:

Ապրիլի 5-ին Panama Papers-ի հրապարակումների առիթով հրաժարական ներկայացրեց Իսլանդիայի վարչապետը, ապրիլի 15-ին՝ Իսպանիայի արդյունաբերության նախարարը: Առայժմ որևէ տեղեկություն չկա, թե այս երկու հրաժարականների պատճառը Panama Papers-ում հայտնված՝ իրենց անհաճո այս կամ այն անունն է:

Ռուզան Խաչատրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *