Հայաստանի համար սովորական դարձած պարապուրդը երկրի բոլոր կարևոր օղակներում մենք գիտեինք, բայց այն անտանելի ակնառու դարձավ պատերազմի չորս օրվա ընթացքում: Պարապուրդի հաստատուն ֆոնի վրա, երբ մարդը կատարում է իր սովորական պարտականությունը, հասարակությունը դա ընկալում է համարյա իբրև հերոսություն:
Մասնավորապես, այս օրերին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կազմակերպած լրատվությունը ֆեյսբուքյան էջում արժանացավ ոչ միայն քաղաքացիների, այլև լրագրողների «շնորհակալությանը»: Խոսնակը լավ կատարեց իր պարտականությունը: Նա ի պաշտոնե պարտավոր էր մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, լուր տալ, թե ինչ է կատարվում ռազմաճակատում:
Կատարված աշխատանքի համար լրագրողների և քաղաքացիների շնորհակալությունը վկայում է այն մասին, թե ինչքան ենք մենք հետ վարժվել տեսնելուց, որ մարդն իր պաշտոնում կատարում է իր գործը:
Չմոռանանք, որ մտահոգ և երկրի կյանքում դերակտարում ունեցած վաթսունն անց ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի օգտվում համացանցից, և ՊՆ խոսնակի ֆեյսբուքի գրառումներից տեղյակ չէ: Նրանց հույսը առաջին օրերին շատ սուղ տեղեկություն տվող հեռուստաալիքներն էին, որոնց հաղորդած լուրերն արդեն նորություն չէին, քանի որ որևէ այլ ճանապարհով նրանց արդեն հասած էին լինում:
Պատերազմական գործողությունների թեման և՛ արտաքին, և՛ ներքին ցենզորի պատճառով լուսաբանվում է զգուշավորությամբ: Այս օրինակը մենք ունեցանք, երբ առաջին օրերին հերքվում էր ադրբեջանական կողմի տված տեղեկությունը որոշ դիրքերի գրավման մասին: Եվ հաջորդ իսկ օրը որպես լավ լուր հաղորդվում էր, որ նույն դիրքերը հետ են վերադարձված:
Հասարակությունը «չգնահատեց» իրեն վատ լուրից խնայելու ջանքը, բայց սկսեց կասկածով ընկալել հաջորդ լուրերը: Ընդ որում՝ հաճախ՝ չտրամաբանված կասկածով:
Կարծում եմ՝ պատերազմ անցած հասարակությունը խուճապի խնդիր չի ունենում:
Պատերազմն իր առաջնային աղետներից բացի ունի նաև երկրորդային ու լավ թաքնված մի հոգեբանական աղետ ևս՝ անվերջության զգացումը: Երբ հասարակությունը մի անգամ տեսանելիորեն իմանում է, որ պատերազմն, ի վերջո, մի օր ավարտվում է, ու ելքի ժամկետն ու որակը կախված է բոլորից, այդ հասարակությունը լուրից խուճապահարվել չի կարող:
Խուճապը սկսվում է լուրը քողարկելու բացահայտումից անմիջապես հետո:
Բացի արտաքին ցենզորից՝ ցանկացած գրագետ մարդու ու լրագրողի մեջ այդպիսի օրերին աշխատում է նաև ներքին ցենզորը: Այն հիմնականում զգուշացնում է պետության կամ մարդու շահերին լրջորեն չվնասելու, լուրին հետևող հարազատներին սխալ տեղեկություն չհաղորդելու մասին:
Գրագետ մարդու ներքին ցենզորն ավելի ուժեղ է, քան արտաքինը: Եթե սովորական պայմաններում լրագրողը տեղեկությունն առաջինը հաղորդելու բնական մոտիվացիա ունի, ապա պատերազմական իրականության մեջ նա այդ նույն լուրը դժվար է հաղորդում:
Պատերազմի երկրորդ օրից սկսվեց պարզ պատերազմական լրատվությունը՝ հակիրճ, ստույգ տեքստերով: Այդպես աշխատեցին առանձին լրատվամիջոցներ ու լրագրողներ, որոնց նյութերը տարածվում էին արագ ու հստակ հավատ էին ներշնչում:
Այս լուրերի մեջ կարևորվում էր ամեն ինչը, անգամ ստորակետը: Մարդիկ կարդում ու կարևորում էին ցանկացած մանրամասնություն, նկարագրություն, զգացմունքային արտահայտություն, հումոր: Ամեն փոքր դրվագ իր մեջ պարունակում էր ենթատեղեկություն: Օրինակ՝ եթե առաջնագծի հրամանատարը կատակ էր անում, ուրեմն ամեն ինչ սարսափելի չէ, կամ եթե մարտերից հետո խաղողի այգի են տնկում, ուրեմն կյանքը շարունակվում է:
Դիրքերի գրավման, հանձնման, զոհերի ամենասահմռկեցուցիչ տեղեկությունից բացի՝ մարդկանց հետաքրքրում էր նաև այդ լուրերի տողատակում երևացող շարունակվող կյանքը, որը թաքնված է երկրորդական նկարագրությունների, ածանցյալ փաստերի ու լուսանկարների մեջ:
Բայց դրանց մի մասը հասու էր միայն սոցցանցերում:
Հասարակությունն այդպես էլ չտեսավ պետական մակարդակով ստույգ, սպառիչ ու օպերատիվ լրատվություն: Նա ուզում էր լսել մոտավորապես «Խոսում է Երևանը» արտահայտությունը: Համենայնդեպս, դա ուզում էր հասարակության այն հատվածը, որի տարիքը կամ տեխնոլոգիաներից օգտվելու հմտության բացակայությունը ստիպում էր սպասել հատկապես հեռուստալրատվությանը: Միգուցե պատճառն այն էր, որ նրանց կարծիքով՝ պատերազմի մասին տեղեկությունն առաջին հերթին պետական ոլորտ է:
Նաև այն պատճառով, որ համատեղ, միասին լսված լուրջ տեղեկությունն ինքնին արդեն համախմբող էֆեկտ ունի:
Ես ականատես եմ եղել մի շարք ընտանիքների «լուրընկալման» պրոցեսին: Մարդիկ, որոնց տղաները բանակում էին, որսում էին ցանկացած նորություն, բայց երբ նրանց հաղորդում էիր ամենաթարմ ու ստույգ տեղեկությունը, նրանք, այնուամենայնիվ, թերահավատ էին՝ սպասելով հեռուստաալիքներով հաղորդվող լրահոսին:
Իսկ պատերազմի առաջին մեկուկես օրը հեռուստացույցով հիմնականում հաղորդվում էին հինավուրց հայրենասիրական երգեր, որոնց բովանդակությունը (լսելու դեպքում) անհեթեթ է:
Պատերազմական գործողություններին չմասնակցող, այլ հետևող հատվածը միայն ճշմարիտ տեղեկատվություն էր տենչում (չեմ խուսափի այս բառից, քանի որ այդ օրերին «ուզել» բառը չափազանց մեղմ էր): Միայն օպերատիվ ու ստույգ տեղեկատվությունը կարող է ապահովել լուրի հանդեպ հարգանքը, իսկ «լուրը» տվյալ դեպքում պետությունն է՝ իր անվտանգությամբ ու վտանգով:
Ի վերջո, պետական սահմանների հանդեպ լուրջ ոտնձգության կամ դիրքերի կորուստների մասին տեղեկությունը համախմբեց մարդկանց և ավելի լուրջ իրավիճակում կարող է օգնություն լինել բանակին:
Իսկ բանակի զինվածության աստիճանի, հարձակման անսպասելիության և այս շարքից այլ հարցերը, միևնույն է, առաջանալու են՝ անկախ լուրի հաղորդման ձևից: Դրանց պատասխանն ունենալու հասարակական պահանջը առաջացել է, և անգամ եթե մի մասը մնա որպես պահի զգացմունքային պոռթկում, միևնույն է, գերակշիռ մասը կդառնա պատիվ պահանջելու, պատասխանատվության ենթարկելու հասարարակական պահանջ, քանի որ կշեռքին տղաների կյանքերն են:
Սա արդեն ցածր աշխատավարձի, կենսաթոշակի, նպաստի, քանդվող շենքերի դեմ հասարակական նվնվոց չի լինելու, քանի որ մենք արդեն ունենք զոհեր:
Մենք ունենք զոհեր և զոհերի ծնողներ, որոնց համար հարցը երբեք չի կորցնելու ակտուալությունը:
Լուսինե Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: