2016.04.05,

Քննադատ

Ինչպես դիմակայել դրսի լրատվական պատերազմին

Արևմտյան առաջատար որոշ լրատվամիջոցներից հիասթափված երիտասարդ գործընկերներս անձնական տիրույթներում այս օրերին ինձ համարյա անկյուն քշեցին՝ բա ինչպե՞ս հասկանանք, որ նրանց թղթակիցները գալիս են այստեղ, մեզ անկողմնակալ լրագրության դասեր տալիս, բայց իրենք հիմա կողմնակալ լրատվություն են տարածում մեր մասին (մեր դեմ):

Հնարավոր է, որ այդ որոշակի լրատվամիջոցներն աշխարհաքաղաքական ավելի մեծ քարոզչական պատերազմի մեջ են և մեր պատերազմին նայում են միմիայն այդ դիրքերից: Մյուսը՝ նրանց թղթակիցն ինչ նյութ էլ պատրաստի այսպիսի իրավիճակներում, խմբագիրն այն անցկացնելու է լրատվամիջոցի քաղաքականության մաղով, լեզուն հարմարեցնելու է իրենց կլիշեներին, իսկ վերջում կցելու է Ղարաբաղի հակամարտության մասին մոտ երկու տասնամյակ գրեթե չփոփոխված՝ ստանդարտ բեքգրաունդը:

Կարո՞ղ ենք մենք փոխել հեղինակավոր լրատվամիջոցների՝ ամրապնդված այս քաղաքականությունը, եթե չի փոխվում նրանց դիրքորոշումը: Եվ մյուս կողմից, կարո՞ղ ենք հակազդել թուրք-ադրբեջանական լրատվական լոբիզմին:

Ինչ ունենք արդեն

Հայաստանում և Ղարաբաղում ստեղծվող լրագրողական մեր պրոդուկտը (գերակշռող մասը՝ իրադարձային) թարգմանում ենք օտար լեզուներով և արագ տարածում մեր լրատվամիջոցներով ու սոցկայքերի մեր տիրույթներով:

Սփյուռքահայ լրատվամիջոցները ևս իրենց օտարալեզու բաժիններով արագ տարածում են այդ ամենը, նաև՝ աշխարհում ավելի մեծ զանգվածների համար ընդունելի մարդկանց մեկնաբանությունները, օրինակ՝ Սերժ Թանկյանի:

Օտար երկրներում սովորող կամ ապրող հայաստանցի երիտասարդներն ակտիվորեն նամակներ են հղում իրենց երկրների հեղինակավոր լրատվամիջոցներին՝ բացատրելով իրականությունը և պահանջելով հարգել ճշմարտացի տեղեկություններ տարածելու կանոնները: Այդպիսի անկեղծ նամակներ հղվում են նաև այստեղից:

Այս ամենն ավելո՞րդ ջանքեր են. իհարկե՝ ոչ: Օվկիանոսը կաթիլներից է բաղկացած, և դրանք առնվազն պետք կգան չեզոք, փաստերը բարեխղճորեն ստուգող՝ աշխարհաքաղաքական շահեր չհետապնդող լրատվամիջոցների համար:

Որքան է այս ջանքերի արդյունավետությունը:

Գուցեև՝ ոչ շատ մեծ: Մեր լուրերի հիմնական սպառողը՝ թեկուզ օտարալեզու, ավելի շատ մենք ենք՝ աշխարհի հայությունը: Աշխարհի մնացած մասն սպառում է այն լրատվամիջոցների պրոդուկտը, որոնց սովոր է կամ որոնց վստահում է: Եվ սոցկայքերի օգտատերերին հետևելիս էլ շարժվում է նույն տրամաբանությամբ:

Այս իմաստով անհամեմատ ավելի մեծ է Քարդաշյան քույրերի՝ Թվիթերում գրառման ազդեցությունը, որ նրանք աղոթում են Հայաստանի համար, քան, ցավոք, հայկական օտարալեզու լրագրողական արտադրանքի ողջ պոտենցիալը (իհարկե՝ քան ադրբեջանականի ամբողջ պոտենցիալը նույնպես):

Եվ՝ մի կարևոր հանգամանք: Որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքը հետապնդել է Արցախում աշխատող լրագրողներին, կարող է և հենց լրագրողներին թիրախավորած չլինել, բայց հաստատ է, որ Բաքուն սպառնացել է Լեռնային Ղարաբաղում աշխատող օտարերկրյա լրագրողներին:

Ինչու՞: Որովհետև հասկանում է, որ միջազգային հանրության կարծիքը ձևավորելու, և իրականության մասին հաղորդելու են հենց այդ թղթակիցները, և տեղից նրանց հաղորդած նյութերին ավելացող «մշտական բեքգրաունդները» չկարդացվելու աստիճանի մղվելու են երկրորդ պլան:

Ինչ կարելի է անել

Թեժ գոտում հավաքված, և մեծավ մասամբ տեղեկատվական լուրերով իրար կրկնող մեր լրագրողների այս պահի հնարավորությունները կարելի է առաջարկել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին:

Բացի աշխարհաքաղաքական կամ այլ շահերից, ցանկացած պրոֆեսիոնալ լրատվամիջոց մշտական մեկ շահ ունի՝ որպեսզի իր արտադրանքն ավելի շատ մարդ սպառի: Եթե հակամարտության գոտում այժմ գտնվող մեր լրագրողներն այդ իրադարձությունների մեջ մարդկային արտառոց պատմությունները ներկայացնեն, և նրանց ղեկավարները դրանք թարգմանել տան ու փորձեն առաջարկել աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցներին, կարծում եմ, բոլորը չէ, որ կմերժեն:

Թալիշում սպանված տատիկ-պապիկի անցած կյանքի ճանապարհն, անկասկած, նման պատմություններից կարող է լինել: Եվ դա ավելի ազդեցիկ է, քան քարոզչական ցանկացած ձևակերպում կամ դրսի խմբագրություններ հղվող բողոքի ցանկացած նամակ:

Միայն թե՝ այդ նյութերում պետք է բացառվեն զգայական ու քարոզչական հավելումները, խնամքով վերարտադրված պետք է լինի յուրաքանչյուր փաստ՝ լինի տողերում, լուսանկարներում, տեսանյութերում թե ինֆոգրաֆիկաներում: Այս մի հարցում դրսի առաջատար լրատվամիջոցները, հաստատ, անմրցելի են. ոչ միայն լավ հոտառություն ունեն, այլև հրաշալի գործիքներ՝ իսկությունը ստուգելու, հորինվածը ճանաչելու հարցում: Իսկ մենք այստեղ ոչինչ հնարելու և որևէ բան խեղաթյուրելու պատճառ չունենք:

Առաջարկս սա է գործընկերներիս այն մասին, որոնք հակամարտության գոտուց այս օրերին իրադարձային առումով տալիս են այն, ինչ մարդիկ աշխարհի տարբեր կողմերում նստած էլ կարող են ստանալ պաշտոնական կայքերից. շփման գծի մոտերքում խորանալու փոխարեն մարդկային ճակատագրերի մեջ խորացեք և փորձեք դրանք հրապարակել տալ աշխարհի առաջատար լրատվամիջոցներում:

Այն, որ երկրի ճակատագիրը որոշվում է իրական մարտի դաշտում և ոչ թե միջազգային հանրության կարծիքով, այս օրերին բոլորս մեկ անգամ էլ համոզվեցինք: Բայց միջազգային հանրության կարծիքն, ամեն դեպքում, համարվում է թիկունքն ամրապնդող բարոյական գործոն:

Ռուզան Խաչատրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *