Իրար կողք դնելով նախագահ Սերժ Սարգսյանի մասաչուսեթսյան այցի լուսաբանումները, այսպիսի տպավորություն ունեմ. հայաստանյան մեդիայի համար իր նյութը պատրաստելիս թղթակիցն աչքի առջև ունի այս նպատակը՝ ինչ կասեն «վերևները», իսկ ամերիկացի թղթակիցը՝ ինչ կասեն «ներքևները», այսինքն՝ իր լսարանը: Ի դեպ, ամերիկահայ մամուլն էլ այս հարցում իրեն ավելի շատ դրսևորեց հայաստանյան մեդիայի տրամաբանությանը համահունչ:
Որպես սպառող, նաև որպես լրագրող, և ինչու՞ չէ, նաև որպես Հայաստանի քաղաքացի, ինձ համար նախընտրելի է ամերիկացի լրագրողի մատուցածը, որովհետև դա ավելի հետաքրքիր է: Որովհետև ես ուզում եմ իմանալ ոչ միայն պրոտոկոլային տեղեկությունները, ոչ միայն պաշտոնական ելույթների բովանդակությունը, այլև տեսնել, թե ինչ տեսակի մարդ է իմ երկրի նախագահը՝ պաշտոնական շփումների արանքում:
Եվ՝ ինչն արդեն Ամերիկայի ոչ հայկական լսարանին այնքան էլ հետաքրքիր չէ, ես նաև ուզում եմ իմանալ, թե Հայաստանի նախագահի առջև մեզ և իրենց հուզող ինչ խնդիրներ են բարձրացրել հայաստանցի ուսանող երիտասարդներն ու սփյուռքահայ գործիչները, գիտնականները, ձեռներեցները… Բայց դա ներկայացվում էր ընդհանրացված, ավելի շատ՝ թե ինչ թեմայի շուրջ է եղել զրույցը, ու՝ վերջ:
Մասաչուսեթս նահանգում այդ օրերին հայաստանյան երկու հեռուստաընկերությունների թղթակիցներ էին աշխատում՝ «Արմենիայի» և Հանրայինի: Բավական ակտիվ ու ծանրաբեռնված լուսաբանեցին, բայց, ինչպես Հայաստանում բոլորը, երբ նախագահին առնչվող իրադարձություն է լուսաբանվում՝ պրոտոկոլային տեղեկությունների մասնաբաժինը չափից դուրս գերակշիռ էր նրանց ռեպորտաժներում. նախագահին դիմավորում են, ամբիոնի մոտ կանգնած նախագահը ելույթ է ունենում, նստած են այսինչ մարդիկ, որոնցից մեկնումեկը խոսում է ռեպորտաժի համար:
Վատ չէ, գոնե եթե այլք էլ խոսում են: Բայց ի՞նչ են խոսում: Այդ մարդուն կամ ընդհանուր, վերացական մի բան են հարցրել, կամ՝ որ պատմի, թե ինքն ինչ ոլորտում է մեծ նվաճումների հասել: Ես հասկանում եմ, որ տեսագրելիս հարցեր տվողը գուցեև ռեպորտաժ պատրաստողը չէ, բայց հեռուստացույցի առջև նստածին նկատի ունենալու դեպքում, կարելի է նրա հետաքրքրությունը ևս բավարարել, չէ՞:
Օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ այցին նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում այսպիսի բան ասաց.
«Պարո՛ն Աֆեյան, (…) հրապարակավ խնդրում եմ, որպեսզի մի շատ խելացի ընկերություն էլ Հայաստանում հիմնեք… »:
Գիտնական, ձեռներեց Նուբար Աֆեյանն այնտեղ էր, Հանրայինի ռեպորտաժներում էլ նա կար՝ իր կարճ ասելիքով: Նրա ամենահայտնի ընկերության մանրամասներն էլ կային, բայց թե ինչ է Նուբար Աֆեյանը մտածում նախագահի կոնկրետ առաջարկի մասին, հայտնի չդարձավ. նրան չհարցրին: Ու չիմացանք՝ մտադի՞ր է Հայաստանում էլ գործ սկսել Նուբար Աֆեյանը, որի մասին ամերիկյան «Ֆորբս» հանդեսը վերջերս ծավալուն հոդված էր հրապարակել, թե «մեկ հաջողակ ընկերության մեկնարկը տալն արդեն իսկ հրաշալի նվաճում է. իսկ ի՞նչ ասել, եթե մարդը 38 այդպիսի ընկերությունների հիմնադրմանն է աջակցել»:
Ինչ վերաբերում է նախագահի՝ թեկուզ պրոտոկոլային հետաքրքիր շփումներին, «Արմենիայի» թղթակիցը փորձում էր արանքներում ներկայացնել դրանք, բայց՝ վերապատմելով: Օրինակ, Թավթս Համալսարանի Ֆլեթչեր դպրոցի դեկանը նախագահին դիմավորելիս ասում է, որ երկու լուր ունի՝ լավ ու վատ: Լավը՝ մուտքի մոտ Հայաստանի դրոշն է, վատը՝ վերելակը չի աշխատում, յոթ հարկ պետք է ոտքով բարձրանալ: Նախագահ Սարգսյանն արձագանքում է՝ ի՞նչ վատ լուր. ֆիզկուլտուրա’ է:
Կամ սա՝ «Սերժ Սարգսյանը լուսանկարչին հանձնարարեց՝ Դավի’թ, բոլորին մեկ առ մեկ նկարները կուղարկես»։
Թե ինչու են այս հետաքրքիր կտորները հեռուստատեսային թողարկումներում վերապատմելով մատուցվում, չգիտեմ՝ տեխնիկակա՞ն հարց է, թե չի՞ կարելի նախագահին ցույց տալ ոչ պրոտոկոլային, պարզապես մարդկային վիճակներում:
Իսկ երբ ԱՄՆ-ի նախագահն է պաշտոնական ճաշի ժամանակ տանգո պարում՝ մեծ հաճույքով ցուցադրում ենք, ի դեպ, շատ հաճույքով էլ դիտում ենք:
Այն, որ Հայաստանի նախագահը պարել գիտի, այդ թվում՝ տանգո, ես որ չեմ կասկածում: Ավելին, թե’ որպես այս երկրի քաղաքացի, և թե’ որպես լրագրող, ես շատ կուզենայի, որ դա չհամարվեր լրատվամիջոցներով ցուցադրելու կամ պատմելու համար «անհարմար» թեմա: Եթե դա չի արվում, հանրության չբավարարված այդ հետաքրքրությունից սկսում են օգտվել սոցցանցերի «բամբասագիրները»:
Տանգոն այստեղ ընդունենք որպես պայմանական, ընդհանրացված բառ բոլոր այն դրվագների համար, որոնք պաշտոնյային ներկայացնում են որպես պարզապես մարդ՝ մեզանից մեկը:
Այս գաղտնիքը վաղուց գիտեն Ամերիկայում: Եվ Հայաստանի նախագահի 1998թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկահայ Կասյա Աբգարյանի մտահղացմամբ (հետագայում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ), թեկնածու Քոչարյանը ներկայացվում էր նաև բասկետբոլ խաղալիս:
Կասյա Աբգարյանն աշխատել էր նաև ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ալ Գորի նախընտրական շտաբում, և նրան շատ քննադատեցին, թե պատկերացում չունի, որ Հայաստանում ամերիկյան «մեթոդները» չեն աշխատում: Բասկետբոլի կադրերն էլ քննադատվեցին, բայց որևէ մեկը չի կարող ասել՝ հանրությու՞նն էր նման կադրերին դեմ, թե՞ մրցակիցների համար էին դրանք քննադատության լավ առիթ:
Բայց ամբողջ աշխարհում հանրությունը նույնն է. երբ երկրի ղեկավարին ներկայացնում ենք միմիայն որպես առօրեականից վեր կանգնած, միայն պետության ղեկավարման գործով զբաղված մարդու, նրան գրեթե հավասարեցնում ենք աստծուն: Այդ դեպքում, մեդալի մյուս երեսն էլ պիտի տեսնենք. երբ մարդը հայտնվում է ամենանեղ վիճակում, իր խնդիրների պատճառը ճիշտ հասկանալու և լուծումներ գտնելու փոխարեն նա ըմբոստանում է հենց աստծո դեմ. հարևանը նեղացրել է՝ նախագահ-աստվածն է մեղավոր, դատարանից դժգոհ է՝ նույնը, գործատուն աշխատավարձն ամիսներով չի վճարել՝ դարձյալ նախագահ-աստվածն է մեղավոր:
Ռուզան Խաչատրյան
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: