2016.03.22,

Քննադատ

Մշտադիտարկման կիսաանհայտ մի քանի գործիքների մասին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Լրագրողների, փորձագետների համար մշտադիտարկումը կարևորագույն գործընթացներից է։ Ցանցում մոնիթորինգը հեշտացնելու համար գոյություն ունեն մի շարք պարզ գործիքներ։

Իհարկե, ամենալավ տարբերակն այն է, երբ լրատվամիջոցը կամ կազմակերպությունն իրեն թույլ է տալիս օգտվել ծրագրավորողների ծառայություններից, որոնք կարող են ստեղծել պահանջված գործիքները (այստեղ կարելի է տեսնել, թե ինչպիսին են տեխնիկական լուծումները Meduza.io խմբագրությունում)։

Բայց նույնիսկ նման շռայլությունների բացակայության դեպքում կան բազմաթիվ հնարավորություններ՝ օգտագործելու արդեն եղած անվճար գործիքները։

Նույն Գուգլը, որը մեզ հետապնդում է ամենուր, ունի մի շարք գործիքներ, որոնք հաճախ անտեսվում են։ Դրանցից ամենապարզը Գուգլի որոնողական լրացուցիչ գործիքներն են, որոնք թույլ են տալիս փնտրվող բանալի բառերը ֆիլտրել ըստ ժամանակի․ ընտրել կոնկրետ օրեր կամ տեսնել վերջին մեկ ժամվա ընթացքում հայտնված հղումները (տես նկարը)։

 

Սակայն նման լուծումը հայերենով միշտ չէ, որ լավ է աշխատում, քանի որ չի լինում զատել լրատվական կայքերը մնացածներից, և հաճախ տեղեկատվական աղբը հնարավորություն չի տալիս նորմալ մշակել տեղեկատվական հոսքերը։

Այդ նպատակով Գուգլն առաջարկում է հատուկ գործիք, որը կոչվում է Google Custom Search Engine։ Այն թույլ է տալիս ստեղծել ձեր որոնողական համակարգը, որը կփնտրի միայն ձեր կողմից նշված կայքերի շրջանակներում։ Ընդամենը մի քանի րոպեում կարելի է ստեղծել սեփական գործիքը։

Մյուս տարբերակը Թվիթերի ցուցակներից (List) օգտվելն է։ Այստեղ կա հնարավորություն ստեղծել օգտատերերի թեմատիկ ցանկեր և առանձին ընթերցել դրանք։ Սա, օրինակ, Հայաստանին վերաբերող օգտատերերի մի ցանկ է, որը ստեղծվել է Reported.ly ծրագրի կողմից՝ Հայաստանում կատարվող իրադարձությունները մոնիթորինգի ենթարկելու նպատակով:

 

Տվյալ ցանկերը հարմար են այնքանով, որ կարող են ստեղծվել խմբերով և ընթերցվել առանձին՝ չխառնվելով ընդհանուր լրահոսին։ Նման գործիքը թույլ է տալիս առանձին մշտադիտարկման ենթարկել մամուլը, քանի որ այստեղ ներկայացված են հիմնական լրատվամիջոցները, իսկ մյուս կողմից՝ սոցցանցերի ակտիվիստներն ու փորձագիտական համայնքը։

Քանի որ ցուցակները հանրային են ու մեծ մասը՝ բաց, ապա դրանք կազմելու համար կարելի է օգտվել արդեն եղածներից։ Օրինակ՝ Հայաստանին վերաբերող ցուցակների ցանկը կարելի է գտնել այստեղ։

Կարելի է օգտագործել նաև Google Alerts գործիքը։ Սակայն վերջերս այն ուշացումներով է ուղարկում բանալի բառերի հայտնվելու վերաբերյալ հաղորդագրությունները, ինչը մոնիթորինգի համար լուրջ խնդիր է։

Ֆեյսբուքն իր հերթին վերջերս թարմացրել է ներքին որոնողական համակարգը, ինչը թույլ է տալիս փնտրել գրառումները բանալի բառերով: Սակայն Ֆեյսբուքը չի հստակեցնում, թե որքանով լիարժեք է ներկայացնում որոնման արդյունքները, ինչը նույնպես մշտադիտարկման համար օգտագործելու համար պիտանի չէ։

Սամվել Մարտիրոսյան
Լուսանկարը՝geralt (որոշ իրավունքներ պաշտպանված են)

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *