«Վրացական տարբերակ». այս բնորոշումը՝ որպես ընտրական ցուցակները ճշգրտելու եղանակ, մարտի 15-ին կյանքումս առաջին անգամ լսեցի հայաստանյան եթերում: Հետաքրքրեց, թե այդ ինչ տարբերակ է, որովհետև դրա մասին էին խոսել խորհրդարանում:
Մի քանի ալիքներով լրատվական գլխավոր թողարկումներին հետևելուց հետո էլ պարզ չդարձավ, թե իրենց ընտրացուցակների հետ այդ ինչ են արել Վրաստանում, որը բավական ուսանելի են համարում Հայաստանի խորհրդարանի առնվազն երկու ուժեր:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ամբիոնից էր դա թվարկել որպես իրենց քաղաքական ուժի առաջարկներից մեկն Ընտրական օրենսգրքի նախագծում («ցուցակների ճշգրտում՝ վրացական եղանակով»): Եվրոպացի փորձագետների հետ նույն օրը խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումներում այդ նույն «վրացական տարբերակի» շուրջ պնդումներ էին արել ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները:
Խնամքով փոխանցելով այս տեղեկությունը (Բիշարյանի դեպքում՝ ուղիղ մեջբերմամբ. սինքրոնով)` որևէ ռեպորտաժի հեղինակ այդպես էլ չբացատրեց, թե ինչ է նշանակում այդ «վրացական տարբերակը»:
Ես շատ լավ գիտեմ, որ խորհրդարանում աշխատելը լրագրողից շատ ավելի մեծ ջանքեր, գիտելիք ու ժամանակ է պահանջում. երբեմն եթերին հասցնելուց առաջ րոպե անգամ չի մնում լրացուցիչ ճշտումների: Բայց ո՞րն է այդ տեղեկությունը լսարանին փոխանցելու իմաստը, եթե ոչ այնքան հայտնի կամ ավելին՝ բացարձակապես անհայտ բնորոշումը չի բացատրվելու:
Դա չարվեց «Հ3»-ի «Օրը» լրատվական թողարկմանը, «Արմենիա»-ի «Ժամը» լրատվական թողարկմանը, «Կենտրոն»-ի «Էպիկենտրոն»-ում…
«Շանթի» «Հորիզոն»-ն ու «Արարատի» «Հայլուր»-ն ընտրական օրենսգրքի շուրջ մարտի 15-ի քննարկումների մասին ռեպորտաժներ չունեցան, իսկ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականը» և «Երկիր Մեդիա»-ի լրատվական «Երկիրն այսօր»-ի՝ ընտրական օրենսգրքին առնչվող ռեպորտաժներում «վրացական տարբերակի» մասին հիշատակում չկար, բնականաբար, բացատրություն էլ չէր կարող լինել:
«Ազատություն» ռադիոկայանի մարտի 15-ի ռեպորտաժում վերջապես գտա բացատրություն, որը հնչել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքում, երբ նա անդրադարձել է «ցուցակների մաքրմանը». «Այդ մաքրումը պետք է արվի այնպես, ինչպես Վրաստանում 2011 թվականին արվեց, երբ որ ստեղծվեց համատեղ հանձնաժողով՝ ընդդիմություն, իշխանություն և քաղաքացիական հասարակություն հավասար մասնակցությամբ»։
Լրատվական կայքերում որոնումներս պարզեցին նաև, որ Վրաստանի այս փորձի մասին մոտ մեկ տարի առաջ գրվել է հայաստանյան լրատվամիջոցներում, բայց դարձյալ՝ առանց ուղեկցող որևէ բացատրության:
Այսպես՝ Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարներ Մանուկյանն ու Ցուլուկիանին Թբիլիսիում համագործակցության հուշագիր են ստորագրել, ինչից հետո Ցուլուկիանին ասել է, որ «հայկական կողմին կարող է հետաքրքրել ընտրացուցակների ճշգրտման Վրաստանի փորձը»:
Հ.Գ. Խորհրդարանական ու ընդհանրապես լրագրող գործընկերներիս վատաբանելու մտադրություն բացարձակապես չունեմ: Նման թերացումներ, հաստատ, ինքս էլ ունեցած կլինեմ իմ ռեպորտաժներում և ոչ՝ մեկ անգամ:
Պարզապես, երբ լրատվությանը հետևում ես ոչ թե պատրաստողի, այլ սպառողի դիրքից, ուզում ես, որ նրանում արծարծված տեղեկությունների շուրջ հարցականներ չունենաս: Այդ թվում՝ ոչ բոլորին հայտնի, շրջանառության մեջ նոր դրված հասկացությունների, երևույթների և արտահայտությունների, եթե դրանց մասին հիշատակում կա քո նյութում:
Ռուզան Խաչատրյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
[email protected]
Եթե նմատիպ նյութեր էլ չլինեն, դժվար թե շատ դեպքերում մենք՝ լրագրողներս հասկանանք մեր սխալները:
Կարևոր գործ եք անում, շնորհակալություն: