Ե՛վ մարդկային, և՛ մասնագիտական առումով լիովին հասկանալի է, թե ինչու է մեր հարգարժան գործընկեր Սամվել Մարտիրոսյանը, որին նախկինում ներկայացնելիս անունից առաջ չէինք գրում «տեղեկատվական անվտանգության մասնագետ», «մեդիափորձագետ» կամ որևէ այլ նման բան, այլ հենց «բլոգեր», այժմ լրագրողներին հորդորում է բլոգ ունենալ:
Այդպես մենք էլ, թեև գրեթե ամեն շաբաթ մի լուր ենք ստանում հայաստանյան մամուլից շատ ավելի բարվոք վիճակում գտնվող որևէ թերթի փակման, բացառապես առցանց տիրույթ անցնելու կամ առնվազն տպաքանակի զգալի կրճատման մասին, շարունակում ենք պահել-պահպանել մեր սրտին սիրելի տպագիր լրատվամիջոցները:
Միջոցներ ենք մտմտում թերթերին նոր շունչ տալու համար՝ ելքեր որոնում, թե ինչ կարելի է անել՝ դիզայնը բարեփոխել, վաճառքի նոր եղանակներ գտնել և այլն: Բայց անհերքելի փաստ է՝ սա ընդամենն արհեստական շնչառություն է լինելու, թերթերը դանդաղ, բայց հաստատուն մեռնում են:
Սակայն բլոգները մահացել են ավելի վաղ, ընդ որում՝ նրանց վախճանն ավելի արագ վրա հասավ: Եվ հիմա հորդոր է արվում նրանց հոգեդարձ անելու: Որոշ փաստարկներ, իհարկե, հիմնավոր են:
Ասենք, որ բլոգն արխիվ է: Ինքս իմ հանկարծամահ եղած բլոգը հենց որպես «պահեստ» էլ գործածում եմ՝ ժամանակ առ ժամանակ այնտեղ դնելով որոշ լինքեր նյութերի, որոնք թվում է՝ արժե պահուստավորել:
Բայց Սամվել Մարտիրոսյանի մյուս փաստարկներն ինձ համար վիճահարույց են: Ասենք, որ «Բլոգը հեշտացնում է աշխատանքի վայրը փոխելը»: Մի՞թե հայտնի է, օրինակ, որ Հայաստանում որևէ մեկը վերջին տարիներին լրագրողական աշխատանքի հրավիրվի՝ իր բլոգային գրառումները հաշվի առնելով:
Այն տարիներին, երբ բլոգ ունենալը նորաձև էր, հիշում եմ, որ մի բլոգերի հրավիրեցին լրատվամիջոցում բլոգ վարելու, մյուսը մամուլի խոսնակ դարձավ… Սակայն դա վաղուց էր: Թարմ օրինակներ կարծես չկան, չէ՞:
Լրագրողի պրոֆեսիոնալ կերպարը բլոգը չի ստեղծում, հաստատ: Ոչ էլ այն ստեղծելուն կարող են խոչընդոտել հայաստանյան չարակամ խմբագիրները, որոնք չեն ցանկանում լրագրողներին առաջ մղել՝ «ներկայացնել որպես լրատվամիջոցի դեմք»։ Սա, ենթադրում եմ, հենց լրագրողների տրտունջն է, թե իրենց ոչ բավարար հանրաճանաչության պատճառը ԶԼՄ-ների չուզող ղեկավարներն են:
Մինչդեռ, իմ համեստ կարծիքով, սեփական կերպարը լրագրողը ստեղծում է ինքը և հենց այն լրատվամիջոցում, որտեղ աշխատում է: Այլապես ինչ կգրես ֆեյսբուքում կամ բլոգում՝ քիչ բան կավելացնի քո պրոֆեսիոնալ կերպարին: Ի՞նչ արժե այն լրագրողի ստորագրությունը, որը սեփական ԶԼՄ-ում տարտամ ու անսեռ նյութեր է գրում, բայց խիզախ ու ոճային է բլոգում կամ սոցիալական ցանցերում:
Ի դեպ, վստահ եմ, որ գործատուների համար դժվար թե դուրեկան լինի նաև այն, որ այս կամ այն պատճառով իրենց մերժած նյութը լրագրողը հրապարակի որևէ այլ հարթակում, այդ թվում՝ նաև սեփական բլոգում:
Հետևանքների առումով անկանխատեսելի նման քայլի կարելի է դիմել միայն այն բանից հետո, եթե այլևս չես աշխատում տվյալ լրատվամիջոցում: Եվ անգամ այդ դեպքում են դրա հետևանքներն անկանխատեսելի, քանի որ որոշ ԶԼՄ-ների պայմանագրերում կա դրույթ, ըստ որի՝ իրենց է վերապահվում լրագրողի «արտադրանքի» հեղինակային իրավունքը:
Սակայն այս ամենը գուցե մանրուք է: Գլխավոր պատճառը ինչի համար, ասենք այսպես, այնքան էլ ցանկալի չէ, որ լրագրողն իր լրատվամիջոցի «տարածքից դուրս» բլոգ վարի, այն է, թե ինչպես դա կզուգորդվի այն գործունեության հետ, որը նա իրականացնում է աշխատավայրում:
Բացահայտեմ՝ վերջերս ստացածս բողոքներիցս մեկը վերաբերում էր «Առավոտի» թղթակցի սեփական լուսանկարի մի մակագրությանը: Այն դիտվում էր իբրև ոչ հարգալից այն պետական մարմնի հանդեպ, որտեղ գործունեություն է իրականացնում տվյալ լրագրողը:
Բազմիցս բողոքներ ենք ստացել մեր թղթակիցների՝ սոցիալական ցանցերում գրառումների կապակցությամբ, որոնք, բողոքաբերների համոզմամբ, խնդրահարույց էին դարձնում նրանց անաչառությունն ու անկողմնակալությունը այն թեմաների առումով, որոնք նրանք լուսաբանում են:
Մի օրինակ՝ կրթության ոլորտում բևեռացված դիմակայություն կար երկու գործիչների միջև, և կրթական խնդիրներ լուսաբանող լրագրողը հստակ արտահայտում էր իր համակրանքը բևեռի մի կողմի, և հակակրանքը՝ մյուսի գործադրած մեթոդների հանդեպ: Եվ այն, որ այդ դիտարկումները նա հայտնել էր անձնական տարածքում՝ բնավ չապահովագրեցին մեղադրանքներից, թե այս հարցում ինքն ակնհայտ կողմնակալ է:
Ինձ հայտնի է նաև օրինակ, որ լրագրողի՝ սոցիալական ցանցում արված գրառման պատճառով մի պետական մարմին ընդհանրապես է հրաժարվել տվյալ ԶԼՄ-ի հետ հարցազրույցի` վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունից և ընդհանրապես՝ համագործակցությունից:
Այս ու չթվարկած բազմաթիվ այլ նման նախադեպերն են ինձ հիմա հիմք տալիս, մեղմ ասած, զգուշավորությամբ վերաբերվելու հորդորներին՝ վերստեղծելու բլոգները, որտեղ լրագրողը կկարողանա արտահայտվել «այն հարցերի շուրջ, ինչը տարբեր պատճառներով չի կարողանում անել իր լրատվամիջոցում»:
Ու մի նվազ կարևոր հանգամանք. հօգուտ բլոգների Սամվել Մարտիրոսյանի մի փաստարկն էլ որոնողական համակարգերն են, որոնց համար սոցցանցերի գրառումները նվազ տեսանելի են, քան բլոգային գրառումները: Այս թեմային ինքն ինձնից հաստատ հարյուր անգամ ավելի լավ է տիրապետում, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ լրատվամիջոցների հրապարակումներն էլ ավելի լավ են ինդեքսավորվում որոնողական համակարգերում, քան բլոգային գրառումները:
Այնպես որ՝ պնդում եմ կարծիքս. լրագրողը պետք է փորձի ինքնադրսևորվել ու հանրաճանաչություն ձեռք բերել սեփական ԶԼՄ-ում: Եվ եթե շատ է ուզում լուրերից զատված իր դիտարկումները հայտնել, դա պետք է արվի այն խմբագրության շրջանակներում, որին տվյալ պահին մաս է կազմում ինքը:
Աննա Իսրայելյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Բլոգոլորտը մահացել է
Բլոգոլորտը մահացել է շուտվանից, դա փաստ է։ Բայց ոչ բլոգները որպես երեւույթ։ Աշխրհքի էրեսին բլոգները շարունակում են լինել կարեւոր։
Ինչ վերաբերում է մնացած օրինակներին․․ Ասեմ ։Ճ Այս նյութը գրել է ոչ թե Աննա Իսրայելյան կարկառուն լրագրողը, այլ Աննա Իսրայելյան խմբագիրը։ Եվ ֊ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ խմբագրերը ցանկություն չունեն լրագրողներին տեսնել ավելի անկախ ։Ճ Խմբագրությունները հիմնականում ոչ ունեն, ոչ էլ հավես ունեն ունենալու ինչ֊որ մի քաղաքականություն լրագրողների ինտերնետում ներկայության վերաբերյալ։ Բնականաբար, բլոգը ամենամեծ գլխացավանքներից է այդ դեպքում։
Բլոգները իհարկե մնում են
Բլոգները իհարկե մնում են կարեւոր: Բայց ինչ որ բան ինձ հուշում է, որ դրանք առավել արդյունավետ են այն մարդկանց համար, որոնք չունեն արտահայտման այլ հարթակ: Լրագրողները հաստատ նրանք շարքում չեն:
Ինչ վերաբերում է մնացածին՝ նորություն էր, որ խմբագիրը լրագրող չի: Բայց ասեմ իբրեւ լրագրող՝ եթե ուզենայի պահպանել անկախությունս, ոչ մի տեղ չէի աշխատի, կվաճառեի հոդվածներս տարբեր ԶԼՄ-ների: Բայց եթե ընտրել եմ այլ ուղի՝ պիտի նաեւ գործեմ տվյալ խմբագրական քաղաքականության շրջանակներում: Իսկ մասնավորապես «Առավոտն» ունի նման քաղաքականություն: Մեր վարքականոնի 9-րդ կետն է. «Առավոտի» լրագրողները պետք է ձեռնպահ մնան սոցիալական ցանցերում հանդես գալ այնպիսի գրառումներով, որոնք կարող են ընկալվել որպես կողմնակալության եւ նախապատվության արտացոլում: «Առավոտի» լրագրողները պետք է գիտակցեն, որ սոցիալական ցանցերում նրանց հետ կապված ցանկացած բովանդակություն համարժեք է նրան, ինչը հայտնվում է թերթում կամ կայքում այդ լրագրողների հեղինակությամբ: