2016.03.15,

Քննադատ

2015-ին ամենից շատ դիտվել են սերիալները. առաջատար ալիքներն են «Արմենիա»-ն ու «Շանթ»-ը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստավարկանիշները, որպես կանոն, վերլուծությունների լայն դաշտ են բացում ոչ միայն գովազդատուների, այլև սոցիոլոգների, մշակութաբանների ու ժամանակակից փիլիսոփաների համար, քանի որ տեսանելի են դարձնում, թե ինչպիսի վիզուալ արտադրանքի կարիք ունենք ու որքան ժամանակ ենք անցկացնում հեռուստաարկղի առջև:

Այս տվյալները թույլ են տալիս կազմել որոշակի հանրային դիմանկար: Ավելի շուտ՝ այն դիմանկարը, որը համապատասխանում է ալիքների ղեկավարների պատկերացումներին:

Հեռուսատեսությունը, որպես լրատվության ու վերլուծության աղբյուր, այլևս վաղուց առաջատար դիրքերում չէ, քանի որ ինտերնետը խախտել է լրահոս կազմելու հեռուստատեսության մենաշնորհը: Համենայնդեպս, 2015 թվականի ամփոփիչ հեռուստավարկանիշները փաստում են, որ ամենադիտված հաղորդումների հնգյակում չկան ո՛չ լրատվական թողարկումները, ո՛չ թոք շոուները (որոնք ամեն դեպքում տեղեկատվական առիթի վրա են կառուցվում), ո՛չ էլ ցանկացած այլ ժանրի, նոն-ֆիքշըն (ոչ հորինված) արտադրանքը:

Հեռուստատեսության միակ ու անկրկնելի մենաշնորհը շարունակում է մնալ զվարճացնող բովանդակությունը՝ հիմնակում սերիալներն ու հումորային հաղորդաշարերը: Եվ այս դաշտում բացարձակ առաջատարները «Արմենիա»-ն և «Շանթ»-ն են:

Ուշագրավ է, որ լրատվական թողարկումները 2015 թվականին երկու անգամ են բարձր վարկանիշ ունեցել և կարողացել մրցել սերիալների հետ: Երկու դեպքում էլ լրատվությունը կապվել է հանրային հնչեղություն ունեցող թեմաների հետ:

2015թ.-ին ամենադիտված հաղորդումների ցանկը

«Արմենիա»-ի «Ժամը» լուրերի թողարկումը բացարձակ դիտումներ է ունեցել փետրվարի 16-ին (Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև ծայրաստիճան լարված օրեր էին):

Իսկ «Շանթ»-ի «Հորիզոն»-ը իր դիտելիության կիզակետին է հասել հունվարի 18-ին (Գյումրիում Ավետիսյաննների ընտանիքի դաժան սպանության մասին կիրակնօրյա անդրադարձ էր):

Այն ալիքները, որոնք զանգվածային լինելու հավակնություն ունեն, անպայման նկարահանում են սերիալներ: Ոչ մի ալիք չի կարող իրեն թույլ տալ առանց սերիալների աշխատել, եթե նպատակ ունի լսարան գրավելու: Անգամ հանրային հեռուստաընկերությունը:

Ըստ 2015 թվականի ամփոփ վարկանիշների՝ հեռուստաընկերությունների առաջատար հնգյակը այսպիսին է՝ առաջին չորսը «Արմենիա», «Շանթ», «Առաջին ալիք», «ԱԹիՎի» ալիքներն են, իսկ «Հ2»-ի և «Կենտրոն»-ի ցուցանիշները գրեթե հավասար են:

Սերիալները ժամանակակից իրականության հեռուստատարբերակն են, որի հիմքը ալիքների ղեկավարների պատկերացումներն են կյանքի մասին: Եվ որքան այդ տարբերակը ճչացող (ավելի հաճախ՝ ճչացող-խնդացող) հետք է թողնում լսարանի սրտում, այնքան բարձրանում է ալիքի վարկանիշը:

Հեռուստասերիալի ժանրն իր շարունակական բնույթով ու հորինվածքային առանցքով ազգային այն արտադրությունն է, որը ազդում է բոլոր ոլորտների վրա: Կինոյից սկսած՝ տնտեսությամբ ու զբոսաշրջությամբ վերջացրած:

Քանի դեռ սերիալային մատրիցան համարվում է շարժիչ ուժ հեռուստաընկերությունների համար, սերիալների որակը չի բարձրանա: Այս պնդումը պարադոքսային չէ: Ավելի շուտ փակուղային է:

Սերիալներում գործող անձանց դերաբաշխումը, շերտավորումը՝ կարևորի ու երկրորդականի, ձայնի իրավունք ունեցողների, շշուկով խոսողների ու անտեսվածների, հնարավորություն են տալիս խոսել սոցիալական հիերարխիայի մասին: Սերիալներն իրենք են ստեղծում այն բուրգը, որը հանրությանը հուշում է տարբեր խավերի սոցիալական դերերի, նշանակության ու կշռի մասին: Կոպիտ ասած՝ տարբերակում են ճիշտն ու սխալը և ի ցույց դնում դրանք կերպարների էմոցիաների միջոցով:

Բոլոր հայաստանյան սերիալների հիմքը անձնական կրքերն ու տվայտանքներն են: Միայն և միայն նեղ անձնական, որոնց որոշ դեպքերում գումարվում են ընտանեկան-կլանային կամ միջավայրային բախումները:

Դա, թերևս, արվում է քաղաքականության ցանկացած դրսևորումից խուսափելու համար: Քաղաքականությունը (ցանկություն փոխել ինչ-որ բան համակարգված կերպով) փոխարինված է վիրավոր սրտի վրեժով, ընտանեկան սկանդալներով, փշրված սիրո ցավով…

Այդ մակերեսն է սերիալների (հետևաբար՝ հեռուստաընկերությունների) գլխավոր զենքն ու հետադիմական ընթացքի պատճառը:

Սերիալային բումը փակուղի է տանում հեռուսաալիքներին, քանի որ, ապաքաղաքականցնելով ու նեղ անձնական մակերեսի վրա դնելով հորինված սերիալային կյանքը, ալիքները ավելացնում են քաղաքականության չափաբաժինը իրական, ոչ հորինված կյանքում: Եվ արդյունքում լսարան են կորցնում:

Հեռուստատեսությունը՝ հույսը դնելով միայն ինֆանտիլ, լայն առումով՝ սեփական ընտանիքների պատերից դուրս ոչինչ չորոշող լսարանի վրա, ավելի շատ նպաստում է քաղաքական ու սոցիալական լարմանը, քան պարզապես «անմեղ» զվարճանք է առաջարկում:

Նունե Հախվերդյան

«Տելեմեդիակոնտրոլ» ընկերության տվյալները ամփոփել է փորձագետ Խորեն Բեգլարյանը, գրաֆիկը՝ media.am-ի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *