Վարդգես Գասպարին արտահայտվում էր: Նա գտել էր արտահայտվելու իր ձևը: Հորիզոնական դիրքով արտահայտում էր իր անհամաձայնությունը, հուսահատությունը: Ոմանք գրում են, մյուսները նկարում են, մի մասը հայհոյում է. սա էլ արտահայտչամիջոց է, հայհոյանքն էլ խոսքի միավոր է:
Մեծ, գերակշիռ մասը լռում է: Սա նույնպես արտահայտչամիջոց է: Լռում են, երբ ասելիք չունեն, նաև՝ երբ վախենում են կամ իմաստ չեն տեսնում խոսքի մեջ: Վախը՝ ինչպես բղավելու, այնպես էլ լռելու պատճառ կարող է լինել: Գասպարին լուռ պառկում է: Նա չի վախենում, չի բղավում, որ չխաթարի մարդկանց հանգիստը, չի հայհոյում, որովհետև դա էթիկայի առումով անընդունելի է: Մարդն ընտրել է պառկելը որպես արտահայտչամիջոց:
Բայց պարզվում է, որ տոտալիտար երկրի ժառանգները ԵՏՄ շռնդալից մուտքից հետո վերհիշել են նաև խորհրդային երկրի այս չքնաղ ավանդույթը՝ քաղաքական թեքումով հոգեբուժարանները:
Անծայրածիր երկրի հայտնի հոգեբուժարաններից էին Կազանի հոգեբուժական բանտը, Սերբսկու անվան դատահոգեբուժական փորձաքննության կենտրոնը, որը երեսունականներին ուներ հատուկ բաժանմունք քաղաքական հոդվածներով դատապարտվածների համար, և էլի մի քանի բանտ–հոգեբուժարաններ, որտեղ իրենց կյանքի մի մասը անցկացրին խորհրդային երկրի մտավորականները:
Այս իբր բուժական հաստատություններում բուժման և պատժի համատեղումը նոր ուղղություն էր համաշխարհային հոգեբուժության մեջ: Հիմնականում «բուժվողներին» արթուն պահում էին միայն սնվելու ու մի քանի ֆիզիոլոգիական անհրաժեշտություն հոգալու համար, մնացած ժամանակը նրանք անցկացնում էին քնած՝ ուժեղ սեդատիվ դեղամիջոցների ազդեցությամբ: Կիրառվում էր էլեկտրաշոկը, որից հետո մարդը, մեղմ ասած, մոռանում էր իր քաղաքական հայացքները:
Օգտագործվում էին նաև դեղամիջոցներ, որոնցից հետո «հիվանդը» դառնում էր «շփվող» ու «շատախոս»: Այդ դեղերից հետո նա «սիրով» տրամադրում էր անհրաժեշտ ինֆորմացիան ու անկախ իր կամքից հարվածի տակ դնում բազմաթիվ կենսագրություններ:
Եթե այս ավանդույթն է սկսում կիրառել մեր պետությունը, ապա սա նոր որակի ողբերգություն է, արտահայտվելու հանդեպ բռնության դաժանագույն ձևերից մեկը: Ի դեպ, քաղաքական հոգեբուժարանները հատկապես ծաղկեցին հետստալինյան հալոցքի շրջանում՝ վաթսունական թվականներին, երբ այլևս չէին գնդակահարում, բայց նաև չէին թողնում ապրել:
Գասպարին ընդամենը բնականոն ուղղահայաց դիրքից անցնում է այլ՝ ցերեկվա համար ոչ բնականոն դիրքի, միակ նպատակով ՝ ցույց տալու սեփական անհամաձայնությունը:
Երբ Հայաստանի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորը նստում է դահլիճում բացառապես՝ ցուցամատը քթանցքում, մի՞թե սրա համար նրան տանում են հոգեբուժարան, որպեսզի զննեն մտավոր ունակությունները: Սակայն բռնի չեն տանում հոգեբուժարան՝ հոգեդատաբժշկական փորձաքննությունն անցկացնելու, հավանաբար ԱԺ պատիվը չարատավորելու համար: Կամ մայրենի լեզվով անվարժ կարդալու համար պատգամավորն ու մարզպետը կարծես թե բռնի հոգեբուժարան բերման չեն ենթարկվում՝ թուլամտության մտահոգությամբ: Երկու դեպքում էլ, ի դեպ, գործ ունենք արտահայտվելու հնարավորության հետ , քանզի մարդը երկարաշունչ հորանջում, քնում է օրենսդիր մարմնում, երբ ձանձրանում է:
Ձանձրույթը արտահայտչամիջոց է: Նրան չի կարելի պարտադրել չձանձրանալ: Ձանձրանալը նրա սահմանադրական իրավունքն է : Իսկ թե ինչպես է տվյալ ձանձրացող անձն արտահայտում իր անձնական ձանձրույթը , դա միմիայն ընտանեկան ավանդույթի ու մշակույթի թելադրանքն է, հետևաբար, չի կարելի պատգամավորին արգելել, առավել ևս տանել հոգեդատաբժշկական փորձաքննության՝ ձանձրույթի հետևանքով հասարակական վայրում քիթ մաքրելու, հորանջելու, քնելու համար: Հարգել է պետք ցանկացած մարդու ներընտանեկան մշակույթը: Հետևաբար, բարությունը պետք է որ տարածվի բոլորիս վրա, մանավանդ որ Վարդգես Գասպարին ընդամենը արտահայտվում է՝ ընտրելով բողոքի ամենաանմեղ ձևը: Նա նույնիսկ երթևեկությանը չի խոչընդոտում:
Մի քանի հասարակարգերում ապրելը ունի իր մեծ հմայքը: Մենք ոչ թե գրքերից, այլ սեփական կյանքի փորձից գիտենք, որ խոսքի ազատության համար դատապարտված գրողների, բանաստեղծների գործերը հետագա սերունդների համար դառնում են համաշխարհային գրականություն: Իսկ ժամանակին այդ նույն գործերը ,, սամիզդատ,, տարբերակով ունենալը, պահելը, կարդալը և տարածելը ճամբարից մինչև հոգեբուժարանի ուղեգիր էր խոստանում:
Այսօր ոչ ոք չի հիշում խոշտանգողի, դահիճ հոգեբույժի որևէ անուն: Սոլժենիցինին կարդում են ամբողջ աշխարհում, Բրոդսկուն Նոբելյան մրցանակ են տվել, իսկ նրա դատավարությունը հիմա զվարճալի հատված է խրոմե սապոգի դարից: «Սամիզդատի» շնորհիվ տարածվել է դատական նիստից ժամանակ արված սղագրությունը.
Դատավոր. Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք:
Բրոդսկի. Բանաստեղծ, բանաստեղծ-թարգմանիչ:
Դատավոր. Իսկ ո՞վ է որոշել, որ դուք բանաստեղծ եք, ո՞վ է ձեզ դասել բանաստեղծների շարքը:
Բրոդսկի. Ոչ ոք : Իսկ ո՞վ է ինձ դասել մարդկային ցեղի շարքը:
Դատավոր. Իսկ դուք որևէ տեղում սովորե՞լ եք այդ մասնագիտության հմտությունները:
Բրոդսկի. Ո՞ր մասնագիտության:
Դատավոր. Դե որպեսզի բանաստեղծ լինեք:
Բրոդսկի. Ես չգիտեի, որ դա կրթությամբ է տրվում:
Դատավոր. Բա ինչո՞վ է տրվում:
Բրոդսկի. Ես կարծում էի (շփոթված), որ դա աստծուց է:
Դատավոր. Դուք դատարանին միջնորդություն ունե՞ք:
Բրոդսկի.Ես կուզեի իմանալ, թե ինչու են ինձ ձերբակալել:
Դատավոր. Դա միջնորդություն չէ, հարց է:
Բրոդսկի. Ուրեմն՝ չունեմ:
Իսկ դուք գիտե՞ք, որ հոգեբուժության մեջ կա այսպիսի ախտորոշում. «պրիմիտիվ անձ»: Դա չի համարվում պաթոլոգիա, անձի շեղում չէ, անձը համարվում է լրիվ ձևավորված: Պարզապես այսպես են կոչվում սահմանափակ մարդիկ: Նրանց չեն բուժում, բերման չեն ենթարկում, բանակից չեն ազատում, բայց նրանց տրված է, օրինակ, միշտ ենթարկվելու և բերման ենթարկելու իրավունք: Ահա՝ ամբողջ անհեթեթությունը:
Լուսինե Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: