2016.02.24,

Քննադատ

Չաթերի կիրառումը լրատվության մեջ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Չաթերը կամ մեսենջերները (տարբեր մարդիկ տարբեր ձևով են անվանում ծրագրերը, որոնք թույլ են տալիս շփվել համացանցում) այսօր լրջորեն գործածում են լրատվամիջոցները։ Հաշվի առնելով մեսենջերների ներթափանցումը՝ դրանք սկսում են հանդիսանալ այլընտրանքային սոցիալական ցանցեր։ Այսպես, Whatsapp֊ը փետրվարին անցավ օգտվողների մեկ միլիարդի շեմը։

1 միլիարդ օգտատեր ունեցող WhatsApp-ը

Մեսենջերները հարմար են լրատվամիջոցը հասանելի դարձնելու համար, քանի որ  դրանք փաստացի կան գրեթե յուրաքանչյուր շարժական սարք ունեցողի մոտ։ Whatsapp֊ի հաջողությունը, օրինակ, պայմանավորված է նրանով, որ հավելվածը հասանելի է գրեթե բոլոր հեռախոսների համար, ներառյալ արդեն չարտադրվող, բայց դեռ շատ տարածված հեռախոսները Symbian օպերացիոն համակարգի վրա։

Այսօր շարժական սարքերից այցելելով լրատվական կայքեր՝ կարող եք նկատել, որ սոցցանցերում տարածելու կոճակներին ավելացել է նաև Whatsapp֊ի կոճակը։ Buzzfeed֊ում, օրինակ, ընթերցողները հիմա ավելի հաճախ հենց Whatsapp֊ի կոճակն են սեղմում, քան Թվիթերում տարածելու կոճակը։

WhatsApp-ի ներկայությունը BuzzFeed-ի կայքում

Բացի դրանից, Whatsapp֊ը թույլ է տալիս ստեղծել ընթերցողների համար խմբեր։ Այսպես, օրինակ, այս գործիքը կիրառել է BBC-ն՝ Հնդկաստանում ընտրությունների  ընթացքին տեղեկացնելու համար։ Հավելվածը թույլ է տալիս ստեղծել խմբային չաթեր, որոնք ունեն մի թերություն, դրանք սահմանափակ քանակի՝ ընդամենը 256 օգտատեր կարող են ներառել։ Մյուս կողմից, կարելի է բացել անսահման քանակի խմբեր։

Մյուս ամենատարածված մեսենջերներից է Viber֊ը։ Այստեղ օգտատերերի թիվը մի քանի անգամ պակաս է, քան Whatsapp֊ում։ Սակայն Viber֊ը իր կողմից ընտրված գործընկերներին ու բրենդերին տալիս է անսահմանափակ քանակով ընթերցողներ ունեցող չաթեր բացելու հնարավորություն։ Միակ խնդիրն այն է, որ տվյալ պահին Հայաստանում այս հնարավորությունը դեռ չի աշխատում։

РБК-ն Viber-ում

Մեկ այլ, դեռ ոչ այդքան տարածված, սակայն աճող մեսենջեր է Telegram-ը։ Այստեղ կան Viber֊ի նման անսահմանափակ խմբային չաթեր։ Ինչը լավ է՝ Հայաստանում սա աշխատում է։ Բացի դրանից, այստեղ կա մի շատ հետաքրքիր հնարավորություն․ ստեղծել տեղեկատվական ռոբոտներ, որոնք կարող են ընթերցողների հրամաններին պատասխանել։ Օրինակ, բերել օրվա ամենակարևոր նյութերը, արտարժույթի կամ եղանակի տվյալները և այլ հետաքրքիր բաներ։ Ռոբոտները արդեն բավական տարածված են։

Meduza.io կայքի բոտը շատ խելացի է

Ինչը կարող է վախեցնել խմբագրակազմին՝ անհարմար հեռախոսների միջոցով լսարանի հետ աշխատելու անհրաժեշտությունն է։ Սա հեշտ լուծվող խնդիր է, քանի որ բոլոր մեսենջերները ունեն նաև համակարգչից աշխատելու համար ծրագրեր։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *