2016.02.12,

Քննադատ

Ոչ նորմատիվային լեքսիկոնը՝ ԶԼՄ-ներում

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Հայհոյանքը, ոչ նորմատիվային խոսքը նույնքան հին են, որքան խոսքն՝ ինքը: Անտիկ շրջանից մինչև այսօր գրականությունն ու արվեստի մյուս ճյուղերն առատորեն պատկերել են բոլոր այն տեսարանները, որոնց մասին բազում հայհոյանքներն են հյուսվել:

«Հայհոյում է, ինչպես հարբած կառապան» արտահայտությունը եվրոպական գրականության մեջ թույլ է տալիս ենթադրել, որ եղել է մի շրջան, երբ հայհոյանքը, ոչ նորմատիվային լեքսիկոնը համարվել են կառապանների սլենգ:

Սակայն ժամանակի ընթացքում, հայհոյանքը լեգիտիմացվել է, մտել առօրյա: Թերևս, դուք ևս նկատել եք, որ այսօր հայհոյում են շատ-շատերը՝ անկախ սոցիալական դիրքից ու կրթության մակարդակից: Հայհոյում են բանվորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, տաքսու վարորդները, հատկապես պատանիներն ու երիտասարդները: Եվ անգամ՝ կանայք:
Կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների առաջին արձագանքը հայհոյախոսությունն է: Ուրախանում են՝ հայհոյում են, բարկանում են՝ հայհոյում են, զարմանում են՝ հայհոյում են: Հայհոյում են՝ առանց պատճառի, այնպես, խոսքին պատկերավորություն տալու համար, հայհոյում են երդվելիս:

Գեղարվեստական գրականության մեջ, ֆիլմերում հայհոյանքը,  հայհոյախոսությունը, խոշոր հաշվով, ընկալելի են. կան իրավիճակներ, երբ առանց թունդ խոսքերի հնարավոր չէ: Սակայն երբ հայհոյախոսությունը հայտնվում է առօրյայում, սերիալներում, սոցցանցերում և անգամ հոդվածների վերնագրերում, տպավորությունը չափազանց տհաճ է:

Օրերս  Asekose.am կայքը իր հոդվածներից մեկի վերնագրում հայհոյանք  դրեց՝ իրեն չկաշկանդելով ընթերցողների հանդեպ հարգանքով կամ բարեկրթության կանոններով:
 
Գրավոր խոսքում, երբ ավելի երկար ես մտածում, քան խոսելիս, հայհոյանքի չպատճառաբանված կիրառությունը՝ մեկ ուրիշի անձը վիրավորելու նպատակով, սրան-նրան հայոց այբուբենի երկրորդ և երրորդ տառերով պիտակավորելը, վաղուց արդեն արվում է՝ առանց կարմրելու: 
Հատկապես սոցցանցում. յուրաքանչյուրն ուղղակի վստահ է, որ իր անձնական տարածքում կարող է իրեն դրսևորել այնպես, ինչպես ԱԺ հարգարժան պատգամավոր Ա. Մովսիսյանը՝  անել «ում ուզեմ ու ոնց ուզեմ՚»:

Թեև, դատելով դիտումների քանակից, հեռուստադիտողն էլ, ընթերցողն էլ, առանձնապես խստապահանջ չեն կայքերի կամ հեռուստահաղորդումների խոսքի նկատմամբ: Եթե չասենք՝ հակառակը. սիրով ու հետաքրքրությամբ են դիտում հատկապես բաց տեսքտով ու ոչ գրագետ տեքստով նյութերը: Հեռուստադիտողների ականջին լեռնային առվակի քչքչոցից ավելի հաճելի է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լեքսիկոնը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, և վթարներից հետո ոմանց կպչուն հետաքրքրասիրությունից ափերից դուրս եկած վարորդների հայհոյանքների փոխարեն հնչող տու-տու-տու -երը:

Այն լեզուն, որը երբևէ չէիր լսի 90-ականներին ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, այսօր արդեն հեռուստատեսությամբ ու կայքերում ամենապահանջվածն է:

Բայց կիքսեր, այն էլ՝ ինչպիսի՛, եղել են նաև 90-ականներին: Այսօր Հանրային ռադիոն համարվում է մաքուր խոսքի օրրան: Թեև նման համբավ միշտ է ունեցել:  90-ականների սկզբին, երբ հովհարային անջատումներ էին, և հոսանք ունենում էինք օրական 2 ժամ, բոլորի տեղեկատվության հիմնական աղբյուրը ռադիոն էր:  Հաղորդումների առյուծի բաժինն ուղիղ եթեր էր հեռարձակվում: Գիշերային հաղորդումներից մեկը վարում էր դերասան Աշոտ Գևորգյանը. ունկնդիրների ցանկությամբ երգեր էր հաղորդում ու մեկնաբանում: Երգերից մեկը կարմրազգեստ աղջկա մասին էր, և Աշոտը ուղիղ եթերում հայտարարեց. «Այս երգը նվիրում եմ բոլոր այն կարմիր զգեստով աղջիկներին, որոնց ես… եմ»:
Սա չտեսնված հանդգնություն էր: Մեծ աղմուկ բարձրացավ, աշխատանքից հեռացվելու սպառնալիքներ, եթերին ոչ սթափ ներկայանալու մեղադրանքներ: Նա համոզում էր, որ ցանկացել է ասել «որոնց ես սիրել եմ» բայց լեզվից դուրս է թռել այդ անիծյալ բառը…Աշոտին երկու ամսով զրկեցին եթերից:

Հայերենում, թերևս, աշխարհի բոլոր լեզուներում, հայհոյանքը կապված է սեռական օրգանների և գործողությունների հետ: Սոցցանցերում, կայքերում իրենց ազատ զգացող և հայհոյանքներ զետեղողներին թվում է, թե բանավոր կամ գրավոր խոսքում անկաշկանդ հայհոյելը անսահմանափակ պոտեցիայի մասին է վկայում:

Սակայն  հոգեբաններն էլ կվկայեն, որ դա մոլորություն է:

Այնպես որ, ԶԼՄ-ներում կամ սոցցանցում հայհոյանք գրելիս՝ արժե երկար մտածել: Եթե հանճարեղ չեք, ինչպես Պուշկինը կամ Չարենցը, որ կարողանաք հանճարեղ հայհոյել, անգամ հանգավորված հայհոյել, ավելի լավ է լեզուն կծել:

Կամ սառը ջուր խմել…

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *