2016.01.30,

Քննադատ

Զգու՛յշ, լուսանկար է

author_posts/german-avagyan
Գերման Ավագյան
twiter

Լուսանկարիչ

Զարգացած երկրի իշխանության արձագանքը լուսանկարներին միմիայն մարդու իրավունքների պաշտպանությանն է միտված։ Հայաստանի և Թուրքիայի նման երկրների կառավարիչների արձագանքը լուսանկարներին ուղղված է մամուլից պետական պաշտոնյայի պաշտպանությանըԶգու՛յշ, լուսանկար է

Ես չեմ հիշում մի դեպք, որ պետական թերթի խմբագիրն աշխատանքից ազատվի հրապարակված հոդվածի պատճառով։ Սակայն հիշողությանս մեջ մեխվել է մի քանի դեպք, երբ մարդիկ գործազուրկ են դարձել իրենց թերթում զետեղված լուսանկարների պատճառով։

Առաջինը 90-ականներին էր, երբ «02»-ի գլխավոր խմբագիրը հրապարակեց Ներքին գործերի նախարարի շատ անհաջող ռետուշ արած լուսանկարը։

Տարիներ անց, պաշտոնական թերթերից մեկի առաջին էջին հրապարակվեց պաշտպանության նախարարի մամուլի ասուլիսը՝ նրա մեծադիր լուսանկարով։ Նույն էջի ներքեւում ՀՀ Ազգային ժողովի նախագահի և ինչ-որ ռուս պաշտոնյայի հանդիպման լուսանկարն էր։ Գլխավոր խմբագրին «բարի ճանապարհ» ասացին։

Այդ ժամանակվա ԱԺ նախագահի կարծիքով՝ իր հանդիպումը նշանակալի պատմական իրադարձություն էր Հայաստան պետության համար։ Առավել նշանակալի՝ քան պաշտպանության նախարարի մամուլի ասուլիսը։ Հիմա ո՞վ է հիշում այդ ռուս պաշտոնյայի անունը։ Քչերն են հիշում նաև ԱԺ նախագահի անունը… Բայց խնդիրը դա չէ։

Այդ պաշտոնաթերթի հաջորդ խմբագիրն աշխատանքը կորցրեց, Կոնյակի գործարանի սեփականաշնորհման շուրջ խորհրդարանական լեզվակռվի մասին պատմող հոդվածի հետ մեկտեղ կոլաժ հրապարակելուց հետո։

Պատգամավորներից մեկը «ճանաչեց» իր մարմինը, որի վրա ֆոտոշոփով՝ գլխի փոխարեն տեղադրված էր կոնյակի շիշ։ Չնայած կոլաժի հեղինակը (ձեր խոնարհ ծառան) նպատակ չէր դրել վիրավորելու որոշակի պատգամավորի, կոլաժը բուռն բանավեճի պատճառ դարձավ խորհրդարանում, որն ավարտվեց գլխավոր խմբագրին աշխատանքից ազատելով։

erdogan«Հուրիեթ»-ի կոլաժը

Նման մի բան էլ կատարվում է Թուրքիայում։ «Հուրիեթ» թերթի երկու խմբագիրներ աշխատանքից հեռացվեցին կոլաժի պատճառով, որում Էրդողանը պատկերված էր Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարի մեջ։ Թերթի դեմ քրեական գործ հարուցվեց։

Սակայն ժողորդավարական երկրներում նույնպես (օրինակ՝ Ֆրանսիայում), իշխանությունը երբեմն արձագանքում է հրապարակված լուսանկարներին։ Նույնիսկ եթե այդ լուսանկարները հրապարակվել են սոցցանցերում։ Սակայն պետական մարմինների այդ արձագանքը բոլորովին այլ երանգավորում ունի։

paris-france-bataclan-concert-hall-ht-maggy-readԿադր «Բատակլան»-ի ահաբեկչությունից

Փարիզյան ահաբեկչությունից հետո սոցցանցերում սկսեցին տարածել լուսանկարներ իրադարձությունների վայրերից։ Ֆրանսիայի ՆԳՆ-ն Թվիթերի և Ֆեյսբուքի ղեկավարությունից պահանջեց հանել այն լուսանկարները, որոնք կատարվել են «Բատակլան» համերգային դահլիճում սանձազերծված սպանդից անմիջապես հետո։ Լուսանկարներում զոհվածների մարմիններն էին։ Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարեց, որ նման հրապարակումները մարդկային արժանապատվության կոպտագույն ոտնահարումներ են։

Ինչպես տեսանք, զարգացած երկրի իշխանության արձագանքը լուսանկարներին միմիայն մարդու իրավունքների պաշտպանությանն էր միտված։ Նույնիսկ նրանց մահից հետո։

Հայաստանի եւ Թուրքիայի նման երկրների կառավարիչների արձագանքը լուսանկարներին ուղղված է մամուլից պետական պաշտոնյայի պաշտպանությանը։

Երկու տարի առաջ Kafkassam ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի (հասկանալի է, չէ՞, այս կարգի կենտրոնների գործունեության ուղղվածությունը) թուրք վերլուծաբաններից մեկը՝ Հասան Օքթայը, այցելեց Հայաստան, հանդիպեց ՀՀ վարչապետին, կաթողիկոսին և այլոց։ Այդ կենտրոնի գրասենյակի համար արդեն իսկ վարձակալված էր համապատասխան տարածք, երբ հանկարծ մամուլը հեղեղվեց վերոնշյալ թուրք պրոֆեսորի տվյալների բազայից վերցված լուսանկարներով, որտեղ նա՝ երևանյան տեսարժան վայրերի ֆոնին, մատներով ցուցադրում է ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը։

Gorsh_GaylՀասան Օքթայը Հանրապետության հրապարակում

Խայտառակություն, որին նորմալ ժողովրդավարական երկրներում պետք է հետևեին բազմաթիվ պետական պաշտոնյաների հրաժարականները։ Հայաստանում ձեռքները թափ տվեցին։

Թեպետ այդ նույն Թուրքիայում, Թոքատ գավառի կրթության վարչության պետ Բեքիր Ասլանի լուսանկարը, որը նա տեղադրել էր Ֆեյսբուքում, մեծ աղմուկ հարուցեց թուրքական հասարակության շրջանում։ Լուսանկարում, միմիայն հաճույքի համար, նա ատրճանակով օդ է կրակում։ Թուրքիայի քաղաքացիները պահանջեցին վերջինիս հրաժարականը։

Turkshi_OfficialsԲեքիր Ասլանի լուսանկարը

Հայաստանում այս կամ այն լուսանկարների հրապարակումների հետ կապված ընդվզումներ չեն լինի։

Պետական պաշտոնյան կարող է միշտ հայտարարել, որ վարկաբեկիչ լուսանկարը ֆոտոշոփով խեղաթյուրման արդյունք է, և ցանկացած ընդվզում հօդս կցնդի։

Իսկ առավել հավանական է, որ պաշտոնյան ոչինչ էլ չի հայտարարի. նա պարզապես կձևացնի, որ նման հրապարակում գոյություն չունի։ Ընթերցողներին սոցցանցերում մոլեգնելն է մնում։ Երբեմն թվում է, որ հայկական լրատվամիջոցները հենց այդ նպատակին էլ ծառայում են՝ զայրույթ հարուցել սոցցանցերում։

Այսքանով էլ ամեն ինչ ավարտվում է։

Գերման Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *