2016.01.18,

Քննադատ

Ամեն ինչի համար վաղ թե ուշ պետք է վճարել

author_posts/german-avagyan
Գերման Ավագյան
twiter

Լուսանկարիչ

2015 թվականի World Press Photo մրցութային ընտրության տարբեր փուլերի շրջանում որակազրկվել է մոտավորապես 20 տոկոս նկար՝ անթույլատրելի կոպիտ թվային մեքենայությունների պատճառով։ Հասկանալի լեզվով ասած՝ վավերագրական լուսանկարները Ֆոտոշոփով վերամշակելու համար։

Ժյուրիի անդամներից Գարի Նայթն ընդգծել է, որ ընթերցողների վստահության բացակայությունը լուսանկարչական լրագրության հանդեպ կարող է դառնալ լրջագույն սպառնալիք ոչ միայն հենց ԶԼՄ-ների, այլեւ ողջ հասարակության և հենց ժողովրդավարության նկատմամբ։

WPP-ի կողմից հայ լուսանկարիչներին դեռևս որակազրկում չի սպառնում, և մեր մեդիամիջավայրն իր էջերում «անգնահատելի» ավանդ է ներդնում լուսանկարների նկատմամբ հասարակության վստահության վիժեցման գործում, որպես հետևանք՝ նաև ողջ ֆոտոլրագրության նկատմամբ։

Փորձեմ հայաստանյան մեդիայի անցած տարվա վերջին ամսվա լուսանկարների ամփոփիչ պատկերը ներկայացնել։

2015-ի դեկտեմբերի 22-ին news.am կայքը տեղեկացնում է Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերի ինքնաթիռի վթարի մասին։ Ըստ տեղեկատվության` չորս մարդ է զոհվել։ Ցավալի է, որ հեռավոր Հնդկաստանում զոհվել է չորս մարդ, տուժել՝ տասը։

Հուսանք, որ մեր իշխանությունները, կարդալով այս լուրը, ցավակցություն են հայտնել հնդիկ ժողովրդին։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս ողբերգական լուրը «զարդարված է» Asiana Airlines ավիաընկերության «Բոինգ 777-28EER» ինքնաթիռի լուսանկարով, որը վայրէջքի պահին վթարվել է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում` 2013 թվականի հուլիսի 6-ին։ Այս ավիաաղետի ժամանակ զոհվել է երեք դպրոցական, 182 մարդ հոսպիտալացվել է:

NewsAM

Մի տեսակ լավ չի ստացվում… Սրբապղծություն է, այլ կերպ չես ասի։ Լավ ձևավորման (դիզայնի) համար սեփական էջում կարելի է նաև այլոց մահը շահարկել։ Մի խոսքով, Google-ում լուսանկարների մատչելիությունը լավ բանի չի բերում։

Տեղական լուրը տվյալ դեպքի հետ ոչնչով չառնչվող լուսանկարով «զարդարելու» ևս մեկ օրինակ։ Lragir.am-ը 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին հայտնում է ադրբեջանցի գրոհայինների սահմանախախտման մասին։ Զոհվել են մեր զինվորները։ Երեքը։ Դժբախտությունը մտել է մեր հայկական ընտանիքները, բայց «Լրագրի» լրագրողները ժամանակ չեն ունեցել հայթայթելու զոհված պատանիների լուսանկարները՝ հրապարակման և ցավակցության համար։ Ի՞նչ կարիք կա։

LragirAM

Կարելի է «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկայից մի քանի ամիս առաջ ստացած լուսանկարը դնել («ձեռի հետ»՝ նրանց էլ անհարմար վիճակի մեջ դնել)…

Ինչ-որ սև համազգեստով ավտոմատավոր տղաներ գրոհում են… Լուսանկարիչը վազում է հետևներից… ու նկարում։ Ովքե՞ր են սրանք։ Ադրբեջանցի գրոհայիննե՞ր են։ Եվ ինչու՞ էր «Արմենպրես»-ի ֆոտոլրագրողը վազում ադրբեջանցի գրոհայինների հետևից…

Մերո՞նք են գրոհայիններին հետ մղում։ Եթե մերոնք են, ապա ինչու՞ են գրոհում ինչ-որ ամրոցիկի վրա, որը գեղեցիկ ներկված է քողարկիչ գույնով։ Ու՞մ վրա են հարձակվում։ Որտե՞ղ են հարձակվում։ Եվ ինչու՞ են Արցախի սահմանին կապույտ գույնով ներկված լապտերասյուներ շարված։

Պարզ է։ Ուսումնավարժանքներ են։ Սահմանից հեռու։

Այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Բոլորը չես թվարկի։

Ե՞րբ են վերջապես մեր խմբագիրները դադարեցնելու այս ծաղրուծանակը։

Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով նրանք հարվածի տակ են դնում մեզ՝ ֆոտոլրագրողներիս։ Մեր լուսանկարները դուրս են մղված տեղական մամուլից, և դրանց փոխարինել են այլևայլ պատկերներ, որոնք պատրաստակամորեն և անվճար՝ ԶԼՄ-ների բուռն է դնում Google-ը…

Սակայն ամեն ինչի համար պետք է վճարել։ Նույնիսկ՝ «անվճար» լուսանկարների համար։ Վաղ թե ուշ։

Գերման Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *