2016.01.15,

Քննադատ

Ինչպե՞ս ստուգել տեղեկատվությունը. «մահացած» Մանդելայի հետքերով

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հունիսի 27-ի գիշերը հայաստանյան մի շարք լրատվական կայքեր հայտնել էին Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան մասին՝ հղում անելով միջազգային մեդիային: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Մանդելան չի մահացել, եւ լրատվական կայքերը այդ մասին տեղեկատվությունը հեռացրել էին իրենց կայքերից: Սակայն լուրն արդեն հասցրել էր տարածվել սոցիալական ցանցերում եւ օգտատերերի քննարկման առիթ դառնալ:

 

Ինչպե՞ս պետք է ստուգել տեղեկատվությունը՝ ընթերցողներին շփոթության մեջ չգցելու եւ ապատեղեկատվություն չտարածելու համար. մեկնաբանում ենք մեդիա խմբագիրները:

Գեւորգ Սահակյան

Tert.am-ի գլխավոր խմբագիր

 

Եթե խոսքը միջազգային լուրերի մասին է, ապա պետք է հաշվի առնել լուրի հնչեղությունը, բնույթը, այսինքն՝ թե այն հասարակության լա՞յն, թե՞ ավելի նեղ շրջանակների համար հետաքրքրություն ներկայացնող է։

 

Առաջինի դեպքում դրա իսկությունը պետք է փորձել պարզել առնվազն երկու հեղինակավոր միջազգային լրատվամիջոցից (BBC, CNN, Reuters, AP, Russia Today եւ այլն)։

 

Եթե լուրը ընդամենը հասարակության նեղ շրջանակների համար հետաքրքրություն ներկայացնող է, ասենք, ժամանցային է կամ գիտության ինչ-որ ոչ կարեւոր նվաճման մասին, ապա, թերեւս, կարելի է միայն հաշվի առնել տվյալ լրատվամիջոցի հեղինակությունը։

 

Տեղական բնույթի տեղեկատվության մասով եւս պետք է հաշվի առնել աղբյուրի հեղինակությունը, արժանահավատությունը։

 

Իհարկե, եթե այդ աղբյուրը լրատվամիջոց է, ապա տեղեկատվությունը ներկայացնելիս դրան հղում անելը որոշակիորեն ազատում է քեզ «պատասխանատվության բեռից», այնուամենայնիվ, հնարավորության դեպքում պետք է սեփական ճշտումն անել սկզբնաղբյուրից։

Գնել Նալբանդյան

«Արմնյուզ»-ի խմբագիր

 

Եթե հայաստանյան որեւէ կայք գրում է Նելսոն Մանդելայի մահվան մասին, պետք է դա ստուգել միջազգային գոնե 1 լրատվամիջոցի էջում. ասենք` BBC, DW, RFE/RL, newsru.com. այս բոլորն էլ ունեն ռուսերեն ծառայություններ /եթե անգլերեն չգիտենք/:

 

Եթե հայաստանյան որեւէ կայք գրում է Պարույր Հայրիկյանի մահվան մասին, պետք է դա ստուգել Արմենպրեսով կամ ԱԻՄ զանգելով: Եթե հայաստանյան որեւէ կայք գրում է Գնել Նալբանդյանի մահվան մասին, դա պետք է ստուգել Արմնյուզ զանգելով:

 

Երեք մահերի դեպքում էլ պետք է ստուգել, բայց յուրաքանչյուր մահվան դեպքում փոխվում է ստուգման մակարդակը: Եվ պետք է տեղեկությունը հրապարակել` հղում անելով աղբյուրին /հղում անել հիպերլինքով, եթե աղբյուրը կայք է/: Բայց եթե Շամշյանի կայքը գրում է Դդմաշեն-Նորատուս ավտոճանապարհի 41-րդ կմ-ի վրա կողաշրջված Գազելի եւ 2 զոհի մասին, իմաստ չունի այս տեղեկության հավաստումը փնտրել BBC, DW, RFE/RL, newsru.com, Արմենպրես, Արմնյուզ, ԱԻՄ, ԱԻՆ, ԱԱԾ, Նորատուսի գյուղապետարանի պաշտոնական կայքէջերում:

 

Շամշյանի հաղորդած տեղեկությունները ոչ ոք չի կարող վերահաստատել: Այսինքն՝ մնում է մի պարզ բան. կա՛մ վստահում ենք այդ կայքին ու տարածում ենք նրա տվածը, կա՛մ կազմում ենք անվստահելի կայքերի սեւ ցուցակ, տպում ենք այն, կպցնում խմբագրության պատերին եւ աշխատանքից ազատելու սպառնալիքով արգելում այդ կայքերից որեւէ տեղեկություն տարածել:

 

Հ.Գ. Թող ների ինձ Պարույր Հայրիկյանը` իր օրինակը բերելու համար, եւ թող ներեն ինձ Մանդելան եւ Հայրիկյանը` իմ համեստ անձը իրենց կողքին դասելու համար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *