2016.01.13,

Քննադատ

Մեդիապատիվ նվիրատվությունների ժամանակները

Հանրավճարով ֆինանսավորումն արևմուտքում բիզնես ընտրության լավագույն միջոց է դառնում փոքր լրատվամիջոցների և հատկապես՝ հետաքննող լրագրության համար: Լրագրողական հետաքննությունների դեպքում ընթերցողին միայն խնդրելը՝ նվիրատվություն անել, լրիվ բավարար է

Չեմ կարծում, թե Հայաստանում շատ լրագրողներ հարմար կգտնեն առցանց տեղադրված իրենց նյութին այսպիսի գրություն կցել՝ ահա հոդվածս, եթե ջանքերս գնահատում եք կամ հավանեցիք, մի քիչ մուծվեք…

Թեթևակի հարցում անցկացրի իմ շրջապատում, և գործընկերներիս մեծ մասն անհարմար բան համարեց դա: Լսեցի նաև այսպիսի պատասխան՝ ամոթն ամոթ չի, պարզապես, մեկ է, չեն վճարելու: Երիտասարդ գործընկերներիցս մեկը միայն տարբերվեց՝ իսկ ի՞նչ կա որ, կարելի է:

Մինչդեռ նորզելանդացի արտահաստիքային լրագրող, բլոգեր Քիթ ԷնՋին, օրինակ, իր երկրում այդպիսի մի փորձ արել է 2012 թվականին՝ դառնալով առանձին վերցրած մեկ հոդվածի համար ամենաբարձր վարձատրված լրագրողը Նոր Զելանդիայում: 

Հեղինակներին չվճարող մի կայքում տեղադրված իր հոդվածի վերևում նա տվել էր դրամահավաք էլեկտրոնային հասցեի հղումը և գրություն թողել. « Այս հոդվածը պատրաստելը մի ամբողջ շաբաթ տևեց, եթե հավանեք, մի քիչ փող փոխանցելը շատ ողջունելի կլինի»: Եթե նրա հոդվածն այդ երկրի որևէ լրատվամիջոցի առցանց բաժնում տեղադրվեր, նա ամենաշատը մոտ 600 ամերիկյան դոլար կստանար: Մինչդեռ ընթերցողների նվիրատվությունների շնորհիվ նա մոտ 4000 ամերիկյան դոլար ստացավ այդ մեկ հոդվածի համար:

Հանրավճարն անհրաժեշտություն է դառնում

Ամբողջ աշխարհում եկել է գովազդից բացի կամ նույնիսկ գովազդը բացառող՝ ֆինանսական եկամուտների այլ աղբյուրներ գտնելու ժամանակը: Հայաստանում էլ, ի դեպ, եկել է այդ ժամանակը, չնայած նման որոնումների ակտիվ ջանքեր չեն երևում: Ու հենց Հայաստանի առցանց մեդիայի համար է եկել այդ ժամանակը, որովհետև սպառողական շուկան փոքր է, գովազդատուները՝ քիչ:

Զգաստացնող է երկու բան՝ սպառողների շրջանում adblocker (գովազդն արգելափակող) ծրագրերը տարածվում են, կատարելագործվում: Մյուս կողմից, անկախ մեդիայի համար գովազդը, որքան էլ կերակրող, մի սպառնալիք միշտ պարունակել է՝ կախման վտանգ հատկապես խոշոր կամ մշտական գովազդատուներից (առիթը եկած դեպքում նրանց դեմ չարտահայտվել կամ առնվազն լռել):

Գովազդից բացի ֆինանսական այլ աղբյուրներ ունենալը մեկ այլ հարց ևս կարող է լուծել լրատվական առցանց դաշտում՝ հրաժարում տխրահռչակ «քանակն է քանակ բերում» սկզբունքից և անցում «որակն է քանակ բերում» աշխատաոճին:

Այդ դեպքում, այլ ո՞վ պետք է վճարի: Անկախությունը պահպանելու և միայն լսարանի, այսինքն՝ հանրության հետ հաշվի նստելու համար լավագույն միջոցն այն է, երբ առցանց տեղեկության համար սպառողն է վճարում (crowdfunded journalism. հանրավճար լրագրություն): Բայց ինչքան ընդլայնվում են համացանցի հնարավորությունները, մարդիկ այնքան ավելի ու ավելի են սովորում տեղեկատվությունն անվճար ստանալուն:

Դա զուտ հայկական սինդրոմ չէ. ամբողջ աշխարհում է այդպես: Լրատվական դրամահավաք Blendle հարթակի համահիմնադիր Ալեքսանդր Քլոպպինգը Journalism.co.uk-ին նույնանման դժգոհություն է փոխանցել. «Գերմանիայում ու Հոլանդիայում լուր սպառողները՝ պահանջների որոշակի տարբերություններով հանդերձ, մեկ ընդհանուր հատկանիշ ունեն՝ երկու երկրներում էլ նրանք հակված չեն քիչ թե շատ բարձր գին վճարել լրագրողական լավ արտադրանքի համար»:

Ավանդականն՝ IT փաթեթավորմամբ

Նորացված ամենահին ավանդական ձևն առցանց բաժանորդագրությունն է: Կա լրատվական կայք մտնելու միմիայն վճարովի մուտքերի մեթոդը (paywall):

2014-ին Google-ը հայտարարեց նոր՝ Contributor հարթակի մասին, որով հնարավոր է մուտք գործել հարթակի մասնակից գովազդազերծ կայքեր՝ վճարելով 1-3 դոլար: Բայց սա հասանելի է միայն նրանց, ում Google-ը հրավեր է ուղարկում:

Առանձին նյութերի համար հանրավճար

Արևմուտքում ավելի շատ տարածում է ստանում առանձին նյութերի համար հանրավճարի մեթոդը: Սա այն է, երբ սպառողը կարող է բաժանորդագրվել՝ ոչ թե կայքի ամբողջական բովանդակությունը, այլ որոշակի քանակությամբ և որոշակի նյութեր ստանալու համար: Սա կարելի է անվանել՝ ըստ նյութերի վճարման մեթոդ:

Այս մեթոդի հաջողված հարթակներից է Blendle-ը, որը 2016թ.-ի հունվարից բետա՝ փորձնական տարբերակով կկիրառվի նաև ԱՄՆ-ում: Հոլանդական սթարթափ է, որը 2015թ.-ի սեպտեմբերից կիրառվում է նաև Գերմանիայում:

Ծրագիրը գործարկվում է 2014 թ.-ի հոկտեմբերից, երբ New York Times ընկերությունը և Գերմանիայի հրատարակիչ Axel Springer-ը համատեղ 3 միլիոն եվրո ներդրեցին Blendle-ում: Գերմանիայի և Հոլանդիայի ավելի քան 120 հրատարակիչներ ու լրատվամիջոցներ են միացել հարթակին:

Հրատարակիչները կարող են իրենց գները սահմանել Blendle-ում, բայց ամենաթանկը շուրջ 36 սենթ է՝ մեկ լուրի համար, և մոտ 1 դոլար՝ ծավալուն նյութերի համար:

«Մարդիկ չեն ուզում վճարել լուրերի համար, բայց պատրաստ են դա անել առավել ծավալուն նյութերի դեպքում: Ավելի լավ են վաճառվում վերլուծական հոդվածները և հարցազրույցները, քան լուրերն այն մասին, թե, ասենք, այսօր էլի ինչ է ասել Դոնալդ Թրամփը»,- ասում է Blendle-ի համահիմնադիր Ալեքսանդր Քլոպպինգը:

Հանրավճարի որևէ հարթակ մի երկրում կարող է աշխատել, մյուսում՝ ոչ: Blendle-ն ասում է, որ չի մտնի այնպիսի երկրներ, ինչպիսին, օրինակ, Ավստրիան է, քանի որ այնտեղ բոլոր թերթերն իրենց բոլոր նյութերն անվճար տեղադրում են առցանց: Blendle-ը նախընտրում է մտնել այնպիսի երկրներ, որոնցում առցանց նյութերի վճարման մոդելներ արդեն կիրառվում են:

«… Աբիսողոմ աղա, օր մը մեր խմբագրատունը հրամմեցեք խահվե մը խմելու»

Հանրավճարների (crowdfunding) Byline հարթակի նպատակը լրագրության՝ գովազդով սնվող մոդելից հրաժարվելն է: Փորձարկման վերջին փուլն անցնող այս հարթակում լրագրողներն ու բարձրակարգ բլոգերները շփվում են լսարանի հետ:

Byline-ը երկու նոր ձևաչափ է փորձարկում: «Աջակիցների առցանց սրճարանում» սպառողները կարող են վիրտուալ շփումներ ունենալ լրագրողների հետ: Իսկ «Կարևոր նպատակները» հետաքննող լրագրողների համար է, որով նրանք կարող են իրենց հետաքննելիք թեման ներկայացնել լսարանին և առցանց դրամահավաք կազմակերպել՝ գործն ավարտին հասցնելու համար:

Հանրավճարով ֆինանսավորումն արևմուտքում բիզնես ընտրության լավագույն միջոց է դառնում փոքր լրատվամիջոցների և հատկապես՝ հետաքննող լրագրության համար: Փորձագետները պնդում են, որ լրագրողական հետաքննությունների դեպքում ընթերցողին միայն խնդրելը՝ նվիրատվություն անել, լրիվ բավարար է:

Շոտլանդիայում վերջերս ներմուծվել է Ferret հարթակը, որը նախ առաջարկում է քվեարկել հետաքննության թեմայի շուրջ, ապա նոր բացում է հանրավճարի հղումը:

Հայկական փորձ

Արդեն մի քանի տարի է, ինչ գովազդին զուգահեռ հանրավճարի Paypal համակարգն է կիրառում Hetq.am-ը, որը հիմնականում կենտրոնացած է լրագրողական հետաքննությունների վրա: Նրա ղեկավար Էդիկ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ հարթակի կիրառումը դեռևս հաջողված չի կարելի համարել երկու պատճառով: Առաջինը՝ հարթակի գործածության տեխնիկական խնդիրներն են, այդ թվում և այն, որ Paypal-ն ինքը պաշտոնապես չի մտել Հայաստան:

Մյուս պատճառը, թերևս, համամարդկային է: Չնայած Բաղդասարյանը դա համարում է հայկական սովորություն՝ հայերը հայաստանյան լրատվական բովանդակության համար վճարել չեն սիրում, այդ թվում՝ սփյուռքահայերը, որոնք իրենց երկրներում մեդիայի համար գուցե և փոխանցում են հանրավճարներ:

Hetq.am-ում Paypal-ի միջոցով ստացված նվիրատվությունների ընդհանուր թիվն այնքան էլ մեծ չէ, իսկ ամեն մի փոխանցում՝ ամենաշատը 20-30 դոլար: Առանձին խնդիր է հարթակի պահանջած տոկոսավճարը:

Մեդիահարկ

Դանիայում կիրառվող և մեդիահարկ անունն ստացած այս վճարումները դասական իմաստով հարկեր չեն և աշխատավարձերից չէ, որ պահվում են: Այս վճարումները սահմանել է ազգային հեռուստառադիոհեռարձակող DR-ը, հաստատել է կառավարությունը: Կոչվում է արտոնագրային վճար, և Դանիայի ցանկացած բնակիչ, որը տանն ունի հեռուստացույց, ռադիոընդունիչ, համացանցին միացված համակարգիչ, սմարթֆոն կամ թաբլեթ, պետք է տարեկան որոշակի գումար վճարի: Բավական բարձր կենսամակարդակ ունեցող դանիացիներն անգամ բոլորովին էլ երջանիկ չեն այդ վճարումներից. նրանք հո գիտեն, որ շատ երկրներում, ու նույնիսկ հեռավոր Հայաստանում մարդիկ առցանց տեղեկատվությունն անվճար են ստանում:

Ռուզան Խաչատրյան

Հ.Գ. Եթե Հայաստանում առցանց լրատվամիջոցի հանրավճարով դրամահավաքի փորձարկումներ եք սկսել և կուզենայիք ներկայացնել, կարող եք գրել մեկնաբանությունների դաշտում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *