Առողջապահության մասնագետները պետք է շնորհակալ լինեն մեդիային՝ թեման խուճապահար բարձրացնելու համար, քանի որ երբ ինքդ քո մասին ես մտածում, շահում են բոլորը
Հայաստանում նոր տարվա սկիզբը, որպես կանոն, խորհրդանշվում է լուրերի պակասով ու տարբեր հիվանդությունների սրացումով:
Ավանդույթի համաձայն՝ երկար ձմեռային արձակուրդներից հետո ևս մեկ շաբաթով հետաձգվում են դասերը կրթական և նախակրթական հաստատություններում (այդ մասին առաջինը իմանում են Ֆեյսբուքի օգտատերերը, որոնք կարդում են ՀՀ Կրթության ու գիտության նախարարի ստատուսները):
Հետո գալիս է սուր շնչառական վարակների մասին տեղեկությունների հերթը, որը լրատվական նյութերի զգալի տոկոս է կազմում: Այս տարի իրավիճակը, թերևս, շատ ավելի լուրջ էր, քանի որ սովորական հարբուխին միախառնվեց նաև տագնապ ներշնչող խոզի գրիպը:
Լուրերը խոզի գրիպի մասին սկսեցին տարածվել երկրաչափական պրոգրեսիայով ու հախուռն կերպով: «Սովորակա՞ն է իմ գրիպը, թե՞ խոզի է»,- այս հարցը դարձավ արդիական ու իր պատասխաններն արագ ստացավ լրատվական դաշտում:
«Ինչպե՞ս տարբեր սովորական գրիպը խոզի գրիպից», «Ինչպե՞ս պաշտպանվել խոզի գրիպից». մոտավորապես այսպիսի վերնագրերով նյութեր հայտնվեցին լրատվական դաշտում տարեսկզբին:
Եղան «խոզի գրիպը» հումորով ներկայացնելու փորձեր (հիմնականում խոզի բուդի սոուսի ներքո): «Կապկի «խոզությունը»՝այսպիսի հպանցիկ ու ոչինչ չասող զուգահեռներ տարավ «7 օր»-ը: Լրահոսում իր տեղը գտան նաև դավադրության տեսության օրինակները: Խոզի գրիպը ներկայացվեց որպես դրսից ներմուծված զենք՝ ուղղված Հայաստանի առողջության սասանմանը:
Գրելու բան քիչ կար, իսկ գրիպը տագնապ էր ներշնչում:
Իրավիճակը խճճվեց հատկապես այն պահին, երբ մեդիայում շրջանառվեց «համաճարակ» բառը: «Խոզի գրիպի համաճարակի պատճառով դասերը հետաձգվում են»,- հունվարի 7-ին հայտնեց «Սիվիլնեթ»-ը:
«Արցախում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ»,- այսպիսի մշուշոտ վերնագրով նյութ գրեց «Այսօր»-ը:
«Խոզի գրիպի հետևանքով մահվան դեպքերը չեն անհանգստացնում Թուրքիայի առողջապահության նախարարությանը»,- թեման թեժ-տարածաշրջանային դարձրեց «Երկիր»-ը:
«101 հղի կին գրիպի վիրուսի պատճառով հոսպիտալացվել է»,- գրեց «Առավոտը»:
«Վրաստանը գտնվում է խոզի գրիպի համաճարակի շեմին»,- հայտնեց «News.am»-ը:
Ու բոլորին միանգամից հետաքրքրեց՝ իսկ Հայաստանը՞… Մանավանդ, որ հայտնի դարձավ հոսպիտալացման ու մահացության դեպքերի մասին: Երբ մահացավ 6-րդ մարդը, լրատվական դաշտ մուտք գործեցին առողջապահության ոլորտի պատասխանատուներն ու աներկբա հայտնեցին, որ համաճարակ չկա:
ՀՀ գլխավոր վարակաբանը ասուլիս հրավիրեց ու խնդրեց լրատվամիջոցներին չօգտագործել այդ բառը: «Ես ուզում եմ խնդրել լրագրողներին, որ խուճախ չառաջացնեն… Խուճապն ու բարձր զգոնությունը շատ մոտ են իրար, պետք է տարբերակենք երևույթները»,- ասաց նա:
Հետո ՀՀ Առողջապահության փոխնախարարը հայտնեց, որ «Հայաստանում խոզի գրիպի բռնկման վտանգ չկա», – ինչն էլ շտապեց մեջբերել «Արմենպրես»-ը:
Հետաքրքիր տրամաբանության համաձայն՝ եթե չգրես խուճապ, խուճապ չի լինի: Իսկ եթե գրես «համաճարակ», համաճարակ կսկսվի: Եվ մեր լրատվական դաշտը արեց այնպես, ինչպես իրեն հորդորում էին: Զերծ մնաց խուճապային բառերից, բայց քանի որ վարակվածների ու հիվանդների թիվը մեծանում էր, հարցերը չէին պակասում:
Լրատվամիջոցների մի մասը պարզապես հայտնեց, որ համաճարակ չկա: Շատ վերնագրերում չէր էլ նշվում, որ սա պատասխանատուների կարծիքն է, այլ ներկայացվում էր որպես վերին ճշմարտություն: Երևի արժի նման պատասխանատու պահերին հայտարարել որևէ բան ոչ թե սեփական անունից, այլ նրա, ով արել է այդ պնդումը: Օրինակ՝ նշել, պնդման սկզբնաղբյուրը:
Լրատվամիջոցների մյուս մասը շարունակեց հարցեր տալ: Մոտավորապես այսպես՝ «Համաճարակ չկա, բայց…»: «Համաճարակ չկա», բայց հիվանդների թիվն ավելանում է»,- հայտնեց «Սիվիլնեթը»:
«ԱՆ–ն հայտարարում է գրիպի համաճարակի բացակայության մասին, սակայն չի ներկայացնում հիվանդների թվի մասին տվյալներ»,- հարց բարձրացրեց «Առկա» լրատվական գործակալությունը:
«Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա»,- պնդեց «Արմենիա» հեռուստընկերությունը՝ վստահությամբ ու առանց «բայցերի»:
«Հայաստանում խոզի գրիպից 6 մարդ է մահացել, բայց համաճարակ չկա, պնդում է փոխնախարարը»,- «Epress»-ի այս վերնագիրը, թերևս, ամենալավը արտացոլեց այն մտահոգությունները, որոնք կան Հայաստանում և որոնք առավել սրվել են զգոնության կոչերից հետո:
Հարցին՝ արդյոք դրսից չեն բերում վիրուսը Հայաստան, ՀՀ գլխավոր վարակաբանը փիլիսոփայական բան ասաց. «Հայաստանում ոչ մի օդակաթիլային վարակ չի ծնվում հողից կամ ծառից կամ թմբերից, դա միշտ մեզ մոտ բերվում է կա՛մ Ռուսաստանից, կա՛մ Իրանից, կա՛մ այլ երկրներից»:
Խոզի գրիպի մասին տեղեկացնող լրահոսը շատ խառն է մի քանի պատճառով: Նախ՝ թվերն են արագ փոխվում, և հետո էլ՝ առաջնային է այն հարցը, թե արդյոք այդ թվերը արտացոլում են իրականությունը:
Հայտնի է, որ անհայտ ծագում ու ծանր հետևանքներ ունեցող վարակները սարսափ (նաև խուճապ) են առաջացնում այն ժամանակ, երբ ծանրակշիռ վավերացում են ստանում թվերի ու տոկոսների տեսքով: Շատ հիվանդություններն ու մահացության դեպքերը վտանգի մասին են վկայում, իսկ գրիպի լատինական անվանումը H1N1-ը հուզում է խոցող սրի պես:
Իրականում առողջապահական պետական հաստատությունները պետք է շնորհակալ լինեն մեդիային՝ թեման խուճապահար բարձրացնելու համար, քանի որ մտահոգվելով է մարդը փորձում տեղեկություն հավաքել ու ինքն իր մասին հոգ տանել: Իսկ երբ ինքդ քո մասին ես մտածում, շահում են բոլորը:
Որպես մարդկային առողջ նկարագրի շարունակություն՝ կարելի է կարդալ այս հոդվածը, որի համար աղբյուր է դարձել նորաթուխ, բայց հույժ ակնառու ու հարգանքի արժանի մասնագետը՝ «քնաբանը», որը խրախուսում է ֆիքսված ժամերին քնել-արթնանալ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: