2015.10.22,

Քննադատ

«Թոշակառուական հեռուստատեսություն»

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Մշակույթի լուսաբանումը բարդագույն խնդիր է, միաժամանակ գրավիչ. ի վերջո, խոսքն արվեստի եւ գրականության մասին է։

Այդ գայթակղությունը ծնում է ոչ միայն հաղորդաշարեր, այլեւ ամբողջ «մասնագիտացած» հեռուստաընկերություններ։ Նման փորձ արվել է նաեւ Հայաստանում 90-ականների վերջին։ «Մշակույթ» անունով ալիքը հեռարձակվում էր այսօրվա «հ2»-ի հաճախականությամբ, գոյատեւեց մեկ-երկու տարի։

Այժմ հայաստանյան եթերում երկու ալիք կա, որոնք կարելի է մշակութային համարել։

Մեկը «Շողակաթն» է։ Հ/ը ծրագրի «Թանգարաններ», «Դաշնակահարը», «Հայտնի եւ անհայտ կինո», «Սիրելով գիրքը», «Համաշխարհային մշակույթի գանձերը», «Դասականի խռովքը» վերնագրերը բավական խոսուն են իրենց մշակութային ուղերձներով, բայց հարեւանում են «Մարկոսի ավետարան», «Ավետարանի ուսուցում», «Հիսուսի հրաշքներն ու բժշկությունները», «Սուրբ Էջմիածնի սիրով», «Եկեղեցական կյանք», «Պատումիկներ Աստվածաշնչից», «Նվիրապետական կարգ» եւ այլ հաղորդաշարերի հետ։

Մշակութային-եկեղեցական հեռուստաընկերությունը շատ բարդ դեպք է, առանձին խոսակցության նյութ. եթե այլ բան չէ, արվեստն իր ընդվզումների շարքում հաճախ մերժում է նաեւ կրոնը, աստծուն, եկեղեցին, իր հերթին, սեփական պատկերացումներն ունի մշակույթի թույլատրելի բովանդակության եւ ձեւերի մասին։

Մյուս մշակութային ալիքը ռուսական «Կուլտուրա»-ն է։ Սերիալների, վթարների ու հանցագործությունների, իրենց տանը աթոռի վրա մի քանի անգամ երգած «աստղերի» մասին հաղորդումների հեղեղի մեջ այս ալիքը փրկություն է թվում։ Եվ իսկապես էլ այն հաճախ ցուցադրում է հիանալի հեղինակային ֆիլմեր («արթ հաուզ»), ճանաչողական հաղորդումներ։ Մինչեւ 2011 թ.-ը եթերում էր նաեւ Վիկտոր Երոֆեեւի «Ապոկրիֆ» հաղորդումը, որի հարցադրումները հույժ արդիական էին ժամանակակից մշակութաբանության տեսանկյունից, իսկ հյուրերը՝ ինտելեկտուալ ընտրախավի ներկայացուցիչներ։

Տարիների հետ, սակայն, «Կուլտուրա»-ն դարձավ ավելի ու ավելի պահպանողական, «հոբելյանական»։

Ահա, դիցուք, մեկ շաբաթվա «հոբելյանական» հաղորդումների ցանկը. «90-ամյակի առթիվ. Դրվագներ։ Նաում Կորժավին», «80-ամյակի առթիվ. «Վավերագրական ֆիլմ. Ի խույզ կորուսյալ ժամանակների։ Բորիս Զաբորով», «60-ամյակի առթիվ. Կյանքի գիծ։ Լեոնիդ Դեսյատնիկով», «Նիկիտա Միխալկովի 70-ամյակի առթիվ. Գ/ֆ «Ոչ ամենահաջող օրը», «Մ. Գորկու անվան կինոստուդիայի 100-ամյակը»։

Իհարկե, շատերն այս ցուցակից արժանի են առանձին հաղորդման, բայց հոբելյաններին գումարվում են հին ֆիլմերը (նորից՝ մեկ շաբաթվա կտրվածքով)՝ «Շարադրություն Հաղթանակի օրվա առթիվ», «Իմ փոքր եղբայրը», «Սագա Ֆորսայթների մասին» (սերիալ, 1967), ինչպես նաեւ «թոշակառու» հաղորդավարները՝ Լեւ Աննինսկի՝ 81 տարեկան, Յուրի Ռոստ՝ 76, Կիրիլ Ռազլոգով՝ 69, այլք։

Նույնիսկ դասական նկարչի մասին վավերագրական ֆիլմի ընտրությունն է տարիքային խտրականությամբ կատարվել. «Լուկաս Կրանախ Ավագ» (կատակ)։

Կիրիլ Ռազլոգովը ինձ ժամանակակից կինո է դասավանդել. խորին հարգանքով եմ վերաբերում նրա եւ «Կուլտուրա» ալիքի կազմից շատերի ճաշակին, բայց հեռուստաընկերությանն ընդհանուր առմամբ պակասում են երիտասարդները, նորարարության խրախուսման ոգին, որը մշակույթի շարժիչ ուժն է եւ չի թողնում, որ այն վերածվի թանգարանային նմուշի՝ ավելի հարմար թոշակառուների հայեցմանը։

Մյուս կողմից՝ վտանգ կա, որ երիտասարդացմամբ ալիք կներթափանցեն պատեհապաշտ կամ մոլագար լրագրողներ, գործիչներ, ովքեր կքարոզեն այլատյացություն, ագրեսիա՝ ռուսական մյուս դաշնային ալիքների օրինակով։

Ուրեմն, որպես եզրափակում, վերափոխելով Եզնիկ Կողբացու միտքը, թե անգործ մեղուն ավելի լավ է, քան ժրաջան պիծակը, միգուցե այս պահին արժե գոհանալ տարեց պահպանողականներով, մինչեւ որ հասանելի հեռուստաեթերում հայտնվի մեր երազանքի մշակութային ալիքը։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *