Լուսանկարիչ-վավերագրողն իրավունք չունի խառնվելու իրադարձությունների ընթացքին։ Այս ճշմարտությունը, ինչպես «Հայր մեր»-ը, անգիր են արել բոլորը, ովքեր մեդիաշուկայում հավակնում են լուսանկարչական տեղեկատվության ազնիվ մատակարարի կոչմանը։
Վերջերս Հայաստանում մարզական միջոցառում անցկացվեց։ Կարծեմ լավագույն մարզական ընտանիքների մրցույթ էր։ Դժվար թե այս միջոցառումն ուշադրության արժանանար, եթե պետության առաջին դեմքը չայցելեր այն…
Սակայն նրա այցը նույնիսկ չէր հետաքրքրի ինձ, եթե Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր «մարդամեջ» դուրս գալը չուղեկցվեր իրենց տաղտկալի կյանքում հազվադեպ հանդիպող այդ իրադարձության շուրջ լուսանկարիչ-թղթակիցների հրմշտոց-իրարանցմամբ։
Հայկական լրատվական շուկայում շատ որոշակի են օրվա նորությունների լուսանկարների մատակարարները՝ «Ֆոտոլուր», «ՊանՖոտո», «Արմենպրես», եւ եթե բանը հասնում է Սերժ Սարգսյանին, ապա նրա դռանը, բնականաբար, առաջինը հայտնվում է իր իսկ անձնական լուսանկարիչը։
Երբ մարզական,այսպես ասած, ճակատամարտն ավարտվեց, մրցույթի մասնակիցները որոշեցին, որպես հուշ, լուսանկարվել երկրի ղեկավարի հետ։ Թե ինչ ստացվեց դրանից, վերապատմելն անգամ տհաճ է։
Սերժ Սարգսյանը կանգնեց անվասայլակներով հաշմանդամների կողքին։ Լուսանկարիչները շարվեցին դիմացը։ Թվում էր՝ չկա ավելի հեշտ բան, քան մի քանի ակնթարթում լուսանկարել 10-15 կադր եւ ցրվել՝ ամենքն իր գործով։ Սակայն, ինչպես սովորաբար է լինում, «թագավորին» շրջապատեցին «նազիր-վեզիրները»։ Եվ նրանք խորապես թքած ունեին, որ, «վայելելով» իրենց ղեկավարի «արբեցուցիչ» մոտիկությունը, իրենց «հպարտ» մարմիններով ծածկում են նրանց, ում հետ, ենթադրվում էր, պետք է լուսանկարվեր Սերժ Սարգսյանը… Անվասայլակներին նստած հաշմանդամներին։
Այ, հենց այդտեղ սկսվեց ամենահետաքրքիրը… Լուսանկարիչներն այդ պաշտոնյաներին պե՞տք է ցույց տային իրենց տեղը կադրում։ Ոչ ոք չհամարձակվեց անել դա։
Երեւի բոլորը մեկ մարդու նման հիշեցին վավերագրողի առաջին պատվիրանը. «Իրավունք չունես խառնվելու իրադարձությունների ընթացքին»։ Երկու հնագույն լուսանկարիչ-վետերանները մի կերպ դուրս եկան իրավիճակից։ Ով՝ ինչպես կարողացավ։
Մելիք Բաղդասարյանը («Ֆոտոլուր») որսաց այն պահը, երբ հաշմանդամներից երկուսի (երեք հոգի էին) դեմքերը նշմարվեցին քաղաքապետի եւ ինչ-որ պաշտոնյայի արանքում։ «Արմենպրեսի» վետերան Ֆելիքս Առուստամյանը նույն կերպ վարվեց. մեկին «զոհ տալով»՝ որսաց մյուս երկուսի դեմքերը։
Երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնք պարզապես լուսանկարում էին, ամենեւին չմտահոգվելով իրավիճակի նրբությամբ, իրենց լուսանկարներում «անմահացրին» միայն պաշտոնյաների թիկունքից երեւացող հաշմանդամների ոտքերը։
Ֆոտոլուրի տնօրեն Մելիք Բաղդասարյանն ստեղծված իրավիճակն այսպես պարզաբանեց. «Երբ նկարահանման ժամանակ ներկա է լինում նախագահի անձնական լուսանկարիչը, նա համարվում է գլխավորը։ Բոլորը նայում են նրան։ Մենք կադր ենք որսում՝ նրա կողքին կանգնելով»։
Բայց անձնական լուսանկարիչը եւս, «գլխավոր» լինելով հանդերձ, գերադասեց համակերպվել ստեղծված իրավիճակին։ Գուցե նա չէր էլ նկատել, թե ինչ է կատարվում։ Ով ինչ էր նկատել՝ էական չէ. հերթական անգամ բոլորս տեսանք ակնհայտը. պաշտոնյաները խորապես անտարբեր են հաշմանդամների նկատմամբ։
Ցավալի է, որ ո՛չ նախագահականի պատասխանատուները, ոչ լրատվական գործակալությունները սա չհասկացան եւ ցուցադրեցին այս լուսանկարներն իրենց պաշտոնական կայքերում։
…Իսկ գուցե հասկացա՞ն։ Դրա համար էլ ի ցույց դրեցին եւ համընդհանուր ծաղրի առարկա՞ դարձրին Տարոն Մարգարյանին ու մնացածներին։
Գերման Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: