Խոսքը հեռուստահաղորդավարների հագուկապի մասին է։ Եթե նկատի առնենք, որ 2013-ի ուկրաինական մայդանից սկսած «քարոզչություն» բառը ասոցացվում է ռուսական մեդիայի հետ, երևի, բնական է՝ ռուսական TV-ների հաղորդավարների։
Մոտավորապես նույն 2013-ի աշնանից այդ TV-ների քարոզչական ծրագրերի տղամարդ հաղորդավարների հագուստից… սկսեց վերանալ փողկապը։
Ընդ որում` առանց փողկապի են եթեր դուրս գալիս ոչ միայն «Գեոէկոնոմիկա», «Ռեպլիկ», «Ագիտացիա և պրոպագանդա», «Ակցենտի» հաղորդաշարերի վարողները, այլեւ «Ռոսիա 24»-ի լուրերի՝ «Վեստի»-ի հաղորդավար Մաքսիմ Կիսելյովը (16.07.2015, 23:00)։
Կան հետազոտություններ, ըստ որոնց, փողկապը արգելակում է արյան բնականոն հոսքը դեպի գլուխ ու դրանով սահմանափակում ուղեղի գործունեությունը, բայց հազիվ թե դա հիմք է տալիս ենթադրելու, որ օձիքները ազատելու ռուս հաղորդավարների ձգտումը մտավոր կարողությունների բարելավումն է, ինչպես երեւում է հաղորդումների որակից։
Պետք է հստակեցնել, որ այս միտումը որեւէ կապ չունի նաեւ անհատական կամ արտիստական ոճի հետ, որ իրենց կարող են թույլ տալ առանձին հռչակավոր լրագրողներ (ասենք` Լարրի Քինգը՝ իր հայտնի տաբատակալներով)։
Ճիշտ նույն կերպ բոլորովին ուրիշ ձեւաչափ ունեն «Առանց փողկապի» կամ մոտավորապես այս վերնագիրը կրող հարցազրույցները, որոնք հուշում են, որ հեռուստադիտողը պետք է սպասի ոչ պաշտոնական զրույցի պաշտոնական մարդկանց հետ։
Ուրեմն, ո՞րն է դրդապատճառը, որ հանկարծ փողկապն անցանկալի դարձավ «Ռոսիա 1», «Ռոսիա 24» պետական ալիքի զուտ քաղաքական հաղորդաշարերի, НТВ մասնավոր հ/ը համար։
Կարծում եմ` դա նախեւառաջ պայմանավորված է հաշվեհարդարի ոճով, որը տիրապետող է վերոհիշյալ հաղորդաշարերում եւ տարածվում է Ուկրաինային վերաբերող բոլոր մեկնաբանությունների վրա։ Համաձայնենք, որ արտասովոր կլինի գողական «ռազբորկան» փողկապով վարել։
Իսկ Ռուսաստանում, ինչպես եւ մեր հայրենի Հայաստանում, վերլուծաբանները հաճախ են գրում, որ իշխանական համակարգում պաշտոնյաներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ գողական հասկացություններով՝ «պանյատկաներով»։
Երկրորդ շարժառիթն ամեն Արևմտյանից հրաժարվելու, Արևմտյանին հակադրվելու շարունակական քաղաքականությունն է, մինչդեռ փողկապը Եվրոպայից է անցել Ռուսաստան։
Եվ վերջապես՝ աղքատության մեջ ապրող տասնյակ միլիոնավոր մարդկանց ավելի հեշտ է զոմբիացնել` հագնվելով իրենց նման, քան տարբեր։
Իմ սիրած զբաղմունքներից է ձայնը անջատած հետևել հաղորդումներին եւ միայն պատկերից եզրահանգումներ անել՝ որպես քննադատական մտածողության վարժություն։
Սա հենց այդ փորձերից մեկն էր։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: