2015.07.02,

Քննադատ

«Լեզուն շաղ տալու» գործոնը լրագրողի ու ոստիկանի աշխատանքում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կյանքն ապացուցել է` լրագրողը, որպես թեժ լուր մարմնավորող անձ, հայտնվում է լրատվամիջոցների առաջին էջերին ու ստիպում խոսել իր մասին (ոչ թե գրածի, նկարահանածի, այլ հենց իր անձի) միայն երկու դեպքում.

ա) երբ բռնության է ենթարկվում,
բ) երբ մահանում է:

Իհարկե, կարող է լինել իրավիճակ, երբ բռնության, հետապնդումների ենթարկված կամ մահամերձ լրագրողը ստիպված է որեւէ սուպերակտուալ հարցի շուրջ  վկայություններ տալ: Ինչից հետո նրա լուսանկարն ու մեկնաբանությունը հրատապ նորության պես կսավառնեն մեդիայով:

Բայց, միեւնույն է, սեփական մաշկով նյուզմեյքեր դառնալու համար լրագրողին անհրաժեշտ է լինել զոհ: Այլապես նա կմնա սոսկ որպես դեպքի ու լսարանի միջեւ կանգնած միջնորդ-պահապան՝ միշտ դատապարտված լինելու պրոֆեսիոնալ ու խոսելու ոչ իր անունից:

Լավագույն դեպքում նա կարող է խոսել հանրության անունից՝ մի քանի կարծիք ներկայացնելով ու ինքն իրեն տեղադրելով դրանց արանքում:

Բայց դա ոչ թե առաջին էջի, այլ արանքի տեղ է: Այսպես ասած՝ մասնագիտորեն ապահովագրված դեր, որից դուրս գալով՝ կարող է թուլացնել իր դիրքերն ու ընկնել մեծ ու փոքր օրենսգրքերի ճիրանները:

Լրագրողն այն մասնագետն է, որը ուժ է ներկայացնում այնքան ժամանակ, քանի դեռ իր անձնական մտորումները, երկյուղներն ու հալյուցինացիաները տարրալուծում է իր նյութերի մեջ: Եթե չկարողացավ զսպել իրեն ու սթափվել՝աջ ու ձախ գոռալով «Ես այսինչ այսինչյանն եմ», կխեղդվի իր ենթագիտակցական մղձավանջի հորձանուտում:

Այդ դեպքում կա՛մ ինքը կմեռնի, կա՛մ իր մասնագիտությունը:

Ի վերջո, սոցիալապես պատասխանատու մասնագիտություններ ունեցողները (բժիշկ, ոստիկան, ուսուցիչ) գիտեն բանաձեւը. կա՛մ առաջին էջում են՝ մեռած, կա՛մ արանքում՝ ողջ ու պետքական:

Թող հակասական չթվա, բայց նրանց դերն այնքանով է մեծ, որքանով քիչ է անձնավորված ու շատ է տարրալուծված մյուսների մեջ: Ուսուցիչը ոչինչ է առանց աշակերտների, լրագրողը բանի պետք չէ առանց լսարանի: Բժիշկը զրո է, եթե բուժվող չունի:

Հայաստանի թե՛ ոստիկանները, թե՛ լրագրողները նույն կարգավիճակում են: Նրանք շատ են, պատասխանատու են եւ ուժ են: Անգամ հուժկու ուժ:

Եվ հարց. ինչու՞ է գլխավոր ոստիկան, ոստիկանապետ (ափսոս, չկա «լրագրողապետ» հասկացությունը) Վլադիմիր Գասպարյանը բոլոր տեսակի մեդիա հարթակների ուշադրության կենտրոնում հայտնվել ու ամեն  մոնիտորից հանրության հետ խոսում մե՛րթ «թմբլիկ թաթիկներ» ունեցող ու «լեզուն շաղ տվող» «փոքր հեղափոխականների» մասին, մե՛րթ աչքերը հառնում է Բարձրյալին ու աստվածաբանական «բոցեր» բաց թողնում եթեր՝ գոռալով, որ ինքը Վովա Գասպարյանն է:

Բոլորն էլ գիտեն, որ եթե համազգեստ ունես (լրագրողի դեպքում էլ՝ մասնագիտական վարքականոն), ուրեմն համազգեստն է քո սթափարանը:

Ի վերջո, հանրային պատասխանատու մասնագետները սեփական դեմքով ու  մասնագիտությունից դուրս դերով հայտնվում են առաջին էջերում, եթե

ա) զոհ են,
բ) մահացել են:

Ուրիշ տարբերակ չկա. կա՛մ պիտի լինես արանքում՝ պրոֆեսիոնալ, կա՛մ աստեղային նյուզմեյքեր՝ որպես մահամերձ:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *