2015.06.29,

Քննադատ

#ElectricYerevan․ Ինչը կարելի է շտկել տեղեկատվական ոլորտում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի եւ դրանց լուսաբանման մասին արդեն շատ է գրվել։ Սակայն անդրադառնամ նրան, թե ինչն էր խանգարում եւ ինչը ավելի լավ կարելի էր անել լուսաբանման տեսանկյունից։

Բաղրամյան պողոտայի հանդեպ ուշադրությունը համաշխարհային մամուլում եւ սոցցանցերում շատ մեծ էր եւ շարունակում է մնալ այդպիսին։ Ուշադրությունն այնքան մեծ է, որ ադրբեջանական որոշ օգտատերեր նույնիսկ բողոքում են, թե հայերի հերթական դավադրության հետեւանքում աշխարհի ուշադրությունը Բաքվում կայացող Եվրոպական օլիմպիական խաղերից շեղվել է դեպի Երեւան։

Իսկ Երեւանից եւ ընդհանրապես Հայաստանից դուրս եկող տեղեկատվությունը ինչ-որ պահերի կաղում է մի քանի պատճառով․

ա․ Չափազանց ակտիվացել էին ուկրաինական եւ հատկապես ռուսաստանյան քարոզչական մեխանիզմները։ Հայաստանում ամերիկյան ականջների մասին ռուսաստանյան քարոզչական թեզերը Թվիթերում տարածվում էին ավոտամատացված համակարգերի միջոցով, որոնք փորձում էին հեղեղել #ElectricYerevan հեշթեգը, ինչը ժամանակ առ ժամանակ հաջողվում էր։

բ․ Հայաստանից անգլերեն եւ ռուսերեն օբյեկտիվ լրատվությունն առաջին օրերին թույլ էր, քանի որ մեր ԶԼՄ֊ները ներքին շուկայի համար էին աշխատում։ Հետագայում դա շտկվեց։ Բացի այդ՝ Երեւանից սկսեցին աշխատել նաեւ ավելի օբյեկտիվ արտասահմանյան, նույն ռուսաստանյան լրագրողները։

գ․ Ուղիղ եթերները, որոնք տրամադրում են մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ, շատ երկրների համար արգելափակված են, շատերը դրսից չեն կարողանում դիտել։ Խմբագիրները պետք է մտածեն սրա մասին։

CISrME1WoAAv02p.pngՌուսաստանյան քարոզչությունը տարածող ավտոմատացված համակարգերի աշխատանքը Թվիթերում

Կարծում եմ նաեւ, որ ակցիայի կազմակերպչական տեսանկյունից անհրաժեշտություն կար տեղեկատվական կենտրոն ստեղծելու՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ քաղաքական որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը հրատապ ստանալու եւ տարածելու համար։

Դրա անհրաժեշտությունը երեւում էր նույնիսկ Բաղրամյան պողոտայում, որտեղ ժողովրդի տեղաբաշխումը եւ ձայնային հզոր տեխնիկայի բացակայությունը բարդացնում էր հաղորդակցությունը հավաքի երկու կողմերի միջեւ։ Բացի այդ՝ նման դեպքերում «դեպի դուրս» տեղեկատվությունը պետք է հասանելի լինի բոլորի համար, այլ ոչ թե այդ պահին այդտեղ հայտնված լրագրողների միջոցով։

Մյուս հարցը շատ բարդ է քննարկել Հայաստանում նույնիսկ լրագրողների շրջանում։ Դա լրատվամիջոցների անկողմնակալության հարցն է։ Պարզ է, որ նման համաժողովրդական շարժման ժամանակ լրագրողին դժվար է չտրվել էմոցիաներին։

Սակայն երբ իրավիճակը սրվում է, հատկապես երբ դա դառնում է դժվար ընկալելի (օրինակ՝ երբ ցուցարարները բաժանվում են երկու մասի, մի մասը գնում է Ազատության հրապարակ), ընթերցողի համար օպերատիվությունից բացի կարեւոր է դառնում նաեւ լրատվամիջոցի չեզոք դիրքը։

Երբ լրագրողն սկսում է խառնել փաստերը մեկնաբանությունների եւ կարծիքների հետ, դրանով նաեւ ապակողմնորոշում է իր լսարանին։ Կարծում եմ՝ հունիսի 28-29֊ի գիշերը կային լրատվամիջոցներ, որոնք սկսեցին այս կամ այն կողմ ուղղորդել՝ կամա, թե ակամա։

Ինչեւէ, քանի որ հիմա մտնում ենք շարժման ավելի, այսպես ասած, բազմազանացված փուլ, թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան լսարանի համար կարեւոր է ոչ միայն օպերատիվ, այլեւ վերլուծական, կարծքիներ ներկայացնող տեղեկատվությունը։

Սամվել Մարտիրոսյան  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *