ОРТ-ն ռուսական 1-ին ալիքն է, որը ես էլ մտքումս հին անունով եմ կոչում բոլորի նման։ Իսկ Մարկ Տվենի ոճով վերնագիրը արտառոց իրավիճակն է թելադրել։
Հունիսի 23-ին երեկոյան եկա Ազատության հրապարակ՝ նույն առավոտ ջրցան մեքենայի ու ծեծի միջոցով Բաղրամյան փողոցից հալածված ցուցարարներին աջակցելու, երբ ինձ խնդրեցին հարցազրույց տալ ОРТ-ին։
Ողջունեցի իմ լավ բարեկամ Լեւոն Գրիգորյանին՝ ОРТ-ի երկարամյա օպերատորին, որից հետո լրագրողն ու մեզ շրջապատած մարդիկ սկսեցին ինձ հուշել, թե ինչ ասեմ։ Որ հոսանքի թանկացման դեմ շարժումը ամերիկացիները չեն կազմակերպել, որ բողոքը առհասարակ որեւէ մեկի կողմից հրահրված չէ։ Էդքանը համապատասխանում էր իմ պատկերացումներին, ու ես սիրով տմբտմբացրի գլուխս։
Հետո համարյա պահանջի նման առաջարկվեց ժխտել շարժման քաղաքական բաղադրիչը։ Էդտեղ ես ասացի, որ խոսելու եմ էն, ինչ կուզեմ։ Դա սառեցրեց խորհրդատուների ոգեւորությունը։ Բոլորս լրջացանք, որ Լեւոնը նկարի։
Ու էդ պահին ինչ-որ մեկն ուշադրություն դարձրեց, որ ես կովբոյական գլխարկով եմ, վրան էլ անգլերեն գրված՝ By Pill Mill։ Ինձ խնդրեցին գլխարկս հանել, թե չէ խոսքով կհերքեմ, որ ամերիկացիներն են գունավոր հեղափոխություն կազմակերպում, բայց տեսքիցս միլիոնավոր ռուսներ կհամոզվեն, որ ԱՄՆ-ը ռեյնջերներ է ուղարկել Հայաստան։
Կովբոյական գլխարկը մի առանձնահատկություն ունի՝ ստիպում է մարդուն գլուխը բարձր պահել, հակառակ դեպքում ոչինչ չես տեսնի։ Ես մտածեցի, որ հասունացել եմ առանց օժանդակ միջոցների գլուխս բարձր պահելու համար ու հանեցի գլխարկս։ Ասացի, որ ինձ համար տոն է երիտասարդության ինքնաբուխ նախաձեռնությունը։ Եվ եթե բոլորս այս հրաշալի երիտասարդների պես վճռական լինենք մեր իրավունքները պաշտպանելու եւ թալանը զսպելու խնդրում, չինովիկ-օլիգարխների խմբակը ստիպված կլինի նահանջել։
Հարցազրույցը եթեր չհեռարձակվեց։ Մասնակիցներից ոչ մեկին էլ խոսք չտրվեց, հաղորդվեց միայն 11 վիրավոր ոստիկանների մասին, ինչը երեկ «Արմենիա»-ով էլ էի լսել, երեւի, ոստիկանության տվյալներն էին, բայց շեշտվեց, որ հոսանքի թանկացումը միայն պատրվակ է (формальный повод) հուզումների համար:
Ինչի՞ց իմացավ «Վրեմյա»-ն, որ էս բողոքը հեղափոխության նախերգանքն է, ո՞ր աղբյուրից։ Ի՞նչն է ստիպում, որ նույն օրը «Վեստի» ծրագրի թղթակից Վիտալի Առուծյունյանն ասի (01:05), թե «գազազած ամբոխը հարձակվեց ոստիկանության վրա, արդյունքում իրավապահները ստիպված եղան ջրցան մեքենաներ օգտագործել»։ Ի՞նչ նպատակ է հետապնդում կրեմլամերձ քաղաքագետ Սերգեյ Մարկովը, որն իր ֆեյսբուքյան էջում գրում է, թե «տասնյակ մարզված գրոհայիններ ճեղքում են ոստիկանական շղթաները»։ Եվ նրա զառանցանքը հավաքում է 200-ից ավելի «լայք» ։
Ես երկու վարկած ունեմ։ ՌԴ ներկա վարչակարգը, քարոզչությունը`
ա) օրգանապես ի վիճակի է աշխարհն ընկալել միայն ռուս-ամերիկյան հակամարտության լույսի ներքո,
բ) նրանք ապատեղեկատվության միջոցով ներշնչում են ռուս ազգաբնակչությանը, որ Հայաստանում ամերիկամետ ուժեղ ընդդիմություն ու դիմադրության օջախներ կան, որպեսզի արդարացնեն ՌԴ ցանկացած, այդ թվում՝ զինված միջամտություն, իրենց ձեռնտու ինչ-որ պահի։
Երկու դեպքում էլ իզուր հանեցի գլխարկս, մեկ է, իրենք ինչ ուզեն, էն էլ ասելու են, ոնց որ 1988-ին, ոնց որ հեռավոր սովետական տարիներին։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: