2015.06.10,

Քննադատ

Պատմության այս օրը կարող է լինել հետաքրքիր

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Առնվազն յոթանասուն տարի Հայաստանի մեդիան հանրությանը հայտնել է կիսաճշմարտություններ կամ ընդհանրապես լռության մատնել իրադարձությունները, մարդկանց։ Խոսքը սովետական տարիների մասին է, երբ դասակարգային մոտեցման արդյունքում փաստերը մատուցվում էին ըստ տվյալ պահի կուսակցական պատվերի։

Ընդ որում՝ սովետական լրագրությունը աչքի էր ընկնում նաեւ բացառիկ գորշությամբ՝ անհամ-անհոտ լեզվով, վարչա-հրամայական ու խրատա-դաստիարակչական տոնայնությամբ, որն իր հերթին վանում էր նյութից։

Մինչդեռ այդ ընթացքում, իհարկե, թե՛ Հայաստանում/ՍՍՀՄ-ում, թե՛ աշխարհում տեղի էին ունենում բազմաթիվ իրադարձություններ, որոնք կհետաքրքրեին ժամանակակիցներին։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն ունի մի հաղորդաշար, որը պարբերաբար այդ ահռելի նյութը ներկայացնում է հեռուստադիտողներին՝ «Այս օրը»։ Բուն հաղորդման մտահղացումն օրիգինալ չէ՝ նման հաղորդաշարեր կամ էջեր ունեն շատ հեռուստատընկերություններ։ Էջերը հիմնականում ներառված են լինում առավոտյան հաղորդումներում, որոնց խեղճ հաղորդավարները ոչ միշտ են առաջին փորձից ճիշտ արտասանում տվյալ օրվա հերոսների անուն-ազգանունները կամ տեղանունները, ուր մնաց վերաբերմունք արտահայտեն կամ մեկնաբանեն։

Մեր եթերում հասանելի հեռուստաընկերություններից նման էջ ունի նաեւ «Կուլտուրա» ալիքը, որն իսկապես էլ մշակույթով է արվում՝ ընտրված կերպարները կամ իրադարձությունները հետաքրքիր են, տեսաշարը՝ հարուստ։

Ays_ory_3Կադր «Երկիր մեդիա»-ի «Այս օրը» հաղորդաշարից

«Երկիր մեդիա»-ի «Այս օրը» առանձնանում է բոլորից փաստերի ընտրությամբ՝ դրանց մասին միջին վիճակագրական հեռուստադիտողը կա՛մ ոչինչ չգիտի, կա՛մ աղոտ պատկերացում ունի։ Ավելին՝ հանրության էրուդիտ հատվածն էլ կարող է տեղյակ չլինել արդեն վերը նշված պատճառներով։

Իմ վերջին տեսածներից նշեմ, դիցուք, 1946 թ.-ի մայիսի 25-ի Երեւանի ջրհեղեղի մասին հաղորդումը։ Սահմռկեցուցիչ մանրամասներով՝ Անատոմիկումից քշված-բերված դիակներով, կենդանաբանական այգուց քաղաքի կենտրոնում հայտնված արջով, բարաքներում խեղդամահությունից փրկվել փորձող, բայց փշալարն անցնելիս գնդակահարված գերմանացի ռազմագերիներով (վերջին տեղեկությունը՝ ըստ բանավոր լուրերի) եւ, որ բացառիկ կարեւոր է, արխիվային տեսանյութով. այո, պարզվում է, նկարահանումներ արվել են։

Հետաքրքի՞ր է վնասների չափը, այն, որ Հայաստանը նույն ժամանակ պատրաստվում էր սփյուռքահայերի մեծ ներգաղթին, որ տղամարդկանց սղություն կար քաղաքում։ Իհարկե։

Նույնքան հետաքրքիր փաստերով է հարուստ նաեւ Արամ Վրույրին նվիրված թողարկումը, որի առիթը 1921 թ. փետրվարի 17-ին «հօգուտ վաստակավոր դերասանի» անցկացվող բարեգործական ներկայացման ազդն է «Մշակ» թերթում (դրանից մի քանի օր առաջ է, որ դերասանը 0ձունում ու Դսեղում ներկայացումներ է խաղացել տեղի ուժերով. առաջին շարքի տեղերի գինը՝ 3 հաց, երկրորդինը՝ 2, երրորդինը՝ 1), 1963-ի մայիս 15-ին Տիգրան Պետրոսյանի մեծ հաղթանակի անդրադարձը, Բայրոնի մի նամակի հետքերով նրա հայկական առնչությունների հանգամանալից, ամբողջական շարադրանքը (13.05.15-ի թողարկում), 1915-ի փետրվարի Հայոց ազգային առաջին համագումարի մասին պատմությունը (16.02.25-ի թողարկում) եւ այլն։

Ays_ory_2Կադր «Երկիր մեդիա»-ի «Այս օրը» հաղորդաշարից

«Այս օրը» վարում է Վարդան Օնանյանը՝ որոշակի, մշակված հնչերանգով։ Հաղորդման հաջողվածությունը, անկասկած, ամբողջ բազմանդամ ստեղծագործական խմբի ջանքերի արդյունքն է, բայց նախ եւ առաջ խմբագիրների՝ փորձառու Արամ Հովհաննիսյանի ու Անահիտ Մուրադյանի լրագրողական հոտառության ու հետազոտական լուրջ աշխատանքի, ռեժիսորի կողմից տեսաշարային հագեցածության ապահովման։

Վերջինս թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական առումով անհնարին կլիներ, եթե հաղորդաշարի պաշտոնական գործընկերը չլիներ Հայաստանի ազգային արխիվը։

Վերջում միայն մեկ նկատառում, որ վերաբերում է համացանցում հաղորդումների ներկայացմանը։ Քանի որ վերջին ամիսներին իմ տեսած թողարկումներից յուրաքանչյուրը նվիրված է մեկ առանձին նյութի, ճիշտ կլինի, որ դրանք ոչ միայն թվագրված լինեն, այլեւ ունենան վերնագիր։ Դա կնպաստի, որ հաղորդումը եթեր հեռարձակվելուց հետո համացանցում հասանելի լինի ոչ թե պատահական այցելուներին, այլ տվյալ թեմայով հետաքրքրվողներին։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *