2015.06.09,

Քննադատ

«Առանց սխալվելու իրավունքի» կարգախոսը ԶԼՄ-ների համա՞ր չէ

Անսխալական է միայն առաջին տուրօպերատորը, ինչպես Աստծուն անվանում են Տուրիզմի հայկական ինստիտուտում: ԶԼՄներն, անգամ ամենահզորներն ու փորձառուները, ավաղ, անսխալական չեն:

Որպես ապացույց` հիշեցնենք վերջին ամիսների մի քանի սխալներ, որոնք վերաբերում էին Հայաստանին, ուստի եւ արտացոլվեցին մեր մամուլում:

Ապրիլի 24-ին Reuters-ը հաղորդեց, որ Գերմանիայի խորհրդարանը հաստատել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, որով 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակել է ցեղասպանություն: Այդ բանաձեւը մինչ այժմ էլ ընդունված չէ, բայց աղբյուրն իր կայքում տվյալ լուրը պահպանել է նույնությամբ:

Մայիսի 20-ին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդեց, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին մասնակցությունից:

Ընդամենը ժամեր անց տարածվեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունը, թե Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիա՝ մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովներին:

BBC-ի կայքում այդ լուրն այժմ խմբագրված է, սակայն այդ հրապարակմանը հղումները պահպանվել են հայկական լրատվամիջոցներում, ասենք՝ CivilNet.am-ում, որը եւս, վստահելով հեղինակավոր ԶԼՄ-ին, ակամա տարածել էր ապատեղեկատվություն:

Հայկական գրեթե բոլոր ԶԼՄ-ները փաստացի նույն դերը կատարեցին, երբ մայիսի 22-ին փոխանցեցին The Guardian-ի կանխատեսումը, թե Հայաստանը հաղթելու է «Եվրատեսիլ»-ում: The Guardian-ը պարզաբանել էր, թե կանխատեսման իր մոդելը հիմնված է այն վիճակագրության վրա, թե անցած 12 տարիներին մասնակից երկրներից որն ինչ ձայներ է ստացել:

Այդ տվյալները վերլուծել էին ըստ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների, կանխատեսման այս մոդելի վրա The Guardian-ը 2 տարի էր ծախսել: 2 տարին, եթե բառացի թարգմանելու լինենք Հայաստանի ռազմավարական դաշնակցի մի ասացվածքը, «գնաց կատվի պոչի տակ»:

Ու ԶԼՄ-ն կարծես հետո բացատրություն էլ չներկայացրեց, թե ինչպես եղավ, որ իրենց այդպես քաշեց աշխարհաքաղաքական զարգացումների սեփական վերլուծությունը: Հար եւ նման հայկական ԶԼՄ-ներին, որոնք ամեն թափուր պաշտոնից հետո հավանական թեկնածուների մի շարան են արտանետում, ու հետո չեն էլ անդրադառնում, թե այդ ինչպես եղավ, որ նշանակվեց այդ շարանից դուրս մեկը:

«Մի տնից չենք՝ մի հալի ենք» արդեն հայկական ասացվածքն էլ տեղին է հիշել BBC-ի մեկ այլ սխալի կապակցությամբ, որի լրագրողը Թվիթերի իր էջում հունիսի 3-ին գրեթե թաղել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-ին՝ գրելով, թե նա տեղափոխվել է հիվանդանոց եւ, հավանաբար, երկար չի ապրի:

Բայց հետո լրագրողը եւ BBC-ն հա ներողություն էին խնդրում, նրանց հետ միասին՝ այդ տեղեկությունը տարածած Bild-ը եւ CNN-ը, ինչը հայ աստղերին պարբերաբար թաղող մեր ԶԼՄների պարագայում «մունդիրի պատիվն» արատավորելուն հավասար բան է թվում:

… Այս բոլոր սխալները հիշելու առիթը դարձավ Lifenews-ի հաղորդման պատճառով հայկական ԶԼՄ-ներում կատարվածը:

Որքան էլ ասեն, թե այդ ԶԼՄ-ն դեղնավուն է, ու պետք չէր վստահել, հենց Lifenews-ն էր, որ առաջինը հաղորդեց, թե Վալերի Պերմյակովն ինչ պատճառաբանություն է մոգոնել իր ահասարսուռ ոճրագործության համար, այս ԶԼՄ-ն էր, որ հարցազրույցներ էր հրապարակում նրա ծնողների եւ մերձավորների հետ: Ու կարելի է պատկերացնել, թե ինչպես եղավ, որ առանց քննելու ընդունվեց նրանց հրապարակած մեկ այլ լուր, թե Չինաստանը ՄԱԿ-ին առաջարկել է ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Ձեռքով գլխին խփելուց բացի՝ ինչ անել, երբ սխալվել ես: Վերոշարադրյալ բոլոր օրինակներից ո՞ր մեկն է հոգեպես ավելի ազնիվ՝ ներողությու՞ն խնդրելը, բացատրություն ներկայացնե՞լը, լուրը խմբագրե՞լը, թե՞ այն պարզապես հեռացնելը:

 Բոլորն էլ կարելի է խորհուրդ տալ, բացի վերջինից, քանի որ անպայման կգտնվի մեկը, որ տեսապատճենել է այդ հրապարակումը եւ կներկայացնի՝ իբրեւ ապացույց, որ լավ չեք աշխատում, հեչ լավ չեք աշխատում:

Իսկ հայկական իրականության մեջ, ի լրումն, դեռ մի խումբ էլ կա, որ պարբերաբար կեղծ հաղորդագրություններ է ուղարկում ԶԼՄներին՝ իբրեւ յուրօրինակ «ոջլոտության ստուգում», տեսնեն՝ խայծը կուլ կտա՞, թե՞ ոչ, որ էլի չարախնդան՝ լավ չեք աշխատում, հեչ լավ չեք աշխատում:

Մի անգամ նրանց ծուղակն ընկնելով՝ արդեն սկսում ես կասկածով վերաբերվել ամեն ինչին: Եվ այդպես եղավ, որ այդ խմբակի հերթական հնարանքը համարեցի այն, որ մայիսի 16-ին տամպլիերները այցելելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ու լրագրող չուղարկեցի լուսաբանման:

Առիթն օգտագործելով հիմա ասեմ այդ խմբակին՝ դուք մեզ տամպլիերներ եք պարտք:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *