«Առաջին պարտականությունս երկիրը ներկայացնելն էր Մոնտենեգրոյում, որը, կարելի է ասել, փառքով կատարեցի»,- այսպես խոսեց ինքն իր մասին հեռուստառադիոհաղորդավար Վրույր Թադեւոսյանը «1» ալիքի «Առավոտ լուսո» հաղորդաշարի եթերում (12.05.15, մաս II)։
Ինչպես մի փոքր ավելի վաղ հնչել էր զրույցի ընթացքում, նա «Եվրոպայի ազատ մամուլի դեսպանի» պարտականություններն է կատարում Հայաստանում եւ Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում մասնակցել է երիտասարդ դեսպանների հանդիպմանը։
Ես շատ ուրախացա առավոտ լուսով այդ ավետիսը ստանալու առթիվ և որպես մարդ, որը վաղուց է երազում, որ Եվրոպան Հայաստանում ազատ մամուլի դեսպան ունենա, թեկուզ երիտասարդ, ում միայն ներկայությունը կզգաստացնի բոլորին՝ Բաղրամյան-26-ից մինչեւ լրագրողների ներքին գրաքննիչներ, սկսեցի ուշադիր լսել հարցազրույցը։
Երիտասարդ վարողը (Վահե Խանամիրյան) հարց տվեց, թե ի՞նչ է նշանակում ազատ մամուլի երիտասարդ դեսպան եւ ինչպե՞ս է պատահել, որ հենց նա է այդ գործը կատարելու։ Հյուրը պատասխանեց հարցի առաջին մասին, որ դա շատ կարեւոր նախագիծ է, որից հետո վարողը ընդհատեց նրան՝ թույլ չտալով իմանալ, թե ինչպես է Վրույրը դեսպան նշանակվել կամ ընտրվել.
«Ինչպե՞ս եք ներկայացրել մեր երկրի իրավիճակը՝ օբյեկտի՞վ, թե՞…»,- հարցրեց նա, եւ այդպես էլ մինչեւ հաղորդման վերջը չիմացվեց, թե ինչպես է կատարվում նման կարեւոր ներկայացուցչի ընտրությունը։
Ես ստիպված փորձեցի համացանցից տեղեկություն քաղել այդ մասին, գտա Վրույրի մեկ ուրիշ հարցազրույցը Esem.am կայքում, որտեղ կար նույն հարցը։
«– Վրույր, ինչպե՞ս ստացվեց, որ հենց դու դարձար ազատ մամուլի դեսպան:
– Շատ պատահական՝ ինչպես ամեն անգամ: Երեւի հաջողակ մարդ եմ: […] Սա ինձ համար հերթական, բայց շատ կարեւոր ձեռքբերում է»։
Ահա գաղտնիքը: Որը երիտասարդ վարողները (Վահե Խանամիրյան, Լիլիթ Մուրադյան) չիմացան եւ այն ամբողջ լրջությամբ, որին ընդունակ էին, շարունակեցին հարցուփորձ անել երիտասարդ դեսպանին իր առաքելության եւ Հայաստանի մեդիայի վիճակի մասին։
Վրույրին հիշեցրին, որ մի հարցազրույցում ասել է. «Մեդիա դաշտում լճացում է, ոչ պրոֆեսիոնալիզմ, գզվռտոց եւ սնանկություն»։ «Վատ տոնով չի էդ ամեն ինչը»,- իր քննադատությունը մեկնաբանեց դեսպանը։
Հետո Վրույրն ասաց, որ եվրոպացիները երբեմն չեն հասկանում մեր խնդիրները, որին երիտասարդ հաղորդավարուհին միջամտեց՝ թե միգուցե պետք չի ներկայացնել դրանք։ Դեսպանը սրան արձագանքեց. «Դե, դա եմ ասում, դե, դա եմ ասում»։
Հնչեցին ուրիշ շատ զվարճալի հարցեր եւ զվարճալի պատասխաններ, որոնցից ամենամտապահվողն այն էր, որ Վրույրն անընդհատ ճամփորդում է՝ մի երկրից գալիս, գնում է ուրիշ երկիր։
Լիլիթ Մուրադյանը հարցրեց, թե ինչու՞ է վերադառնում Հայաստան, եթե ունենում է Եվրոպայում աշխատելու առաջարկներ։
Դեսպանը Հայաստանում իր մնալն այդպես էլ կարգին չբացատրեց, ոչ էլ այն, թե Եվրոպայում ինչ աշխատանք են իրեն առաջարկել։ Մի բան էր միայն հասկացվում, որ նա անձնազոհաբար մնում է Հայաստանում։ Որի համար հեռուստադիտողները պետք է շնորհակալ լինեն։
Եվ իսկապես։ Քարնեգին ու հաջողության մյուս մասնագետները պնդում են, որ դժվարությունների աղբյուր կարող է լինել հենց միայն ձախորդ մարդկանց հետ շփումը, ովքեր Հայաստանում շատ ավելի մեծաթիվ են, քան հաջողակները։ Ուրեմն, օգտակար է նայել Վրույրին… ու մյուս հաղորդավարներին։
Ինչպես հայկական առավոտյան հաղորդումներում են ասում.
«Իսկ այժմ երաժշտություն»։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: