Մեր մեդիա դաշտի խնդիրներից մեկն այն է, որ շատ հազվադեպ է ստացվում լրահոսում ու խնդրահարույց թեմաների լուսաբանման ընթացքում որսալ մարդուն:
Խոսքը վերացական մարդ արարածի կամ էլ ամենուրեք նույն բառերով ու նույն դեմքի արտահայտությամբ խնդիրը մեկնաբանող քաղաքական գործիչների ու կարծիք հայտնելը մասնագիտություն դարձրած ակտիվիստների մասին չէ, այլ կոնկրետ անձերի, որոնք խնդիրը սեփական մաշկով գիտեն: Եվ դրան գումարած՝ մաշկն էլ պինդ ու ճանաչելի է:
Երբ տաքսու վարորդները բողոքի ցույցեր էին անում ու խոսում իրենց գրպանին ու ապագային անմիջականորեն հարվածող որոշումների ու օրենքների մասին, մեդիան դա լուսաբանում էր չափավոր խանդավառությամբ: Մեդիայի աշխատանքում գերակշռում էր մոտավորապես այս մոտեցումը՝ խնդիրը ծագել է, եւ այժմ դրա լուծումներն են փնտրվում: Տաքսու վարորդները բողոքեցին, հանդիպեցին այս նախարարին, այն փոխնախարարին, այս պաշտոնյային, այն ներկայացուցչին… Նրանց վստահեցրին, խոստացան, կարգադրեցին…
Մեծ հաշվով հանրության համար տաքսիների արտոնագրերի տրամադրումն ու տաքսու վարորդների խնդիրները առանձնապես հետաքրքիր չէին: Նույն խնդիրները կան գրեթե բոլոր ոլորտներում ու գրեթե նույն անհուսությամբ էլ ընկալվում են (անգամ եթե լուսաբանումը չափավոր խանդավառ է):
Հետաքրքիր է, որ ընդամենը մեկ օրվա ընթացքում տաքսու վարորդներն իրենց լսելի ու ընկալելի ձայնն ունեցան մեդիայում: «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին մասնակցած տաքսու երիտասարդ վարորդ Արման Գալստյանը դարձավ այն մեդիա անձը, որի խոսքը (կամ ավելի ճիշտ՝ կրքոտ մենախոսությունը) հանրային արձագանք ստացավ:
Մեկ օրվա ընթացքում միայն Յություբում այդ հաղորդումը 110 հազարից ավել դիտում ունեցավ, տարածվեց տարբեր սոցցանցերով ու տեղ գտավ լրատվական կայքերի էջերին՝ հղման տեսքով: Անգամ նրա անձնական անունով էջ բացվեց Ֆեյսբուքում, որտեղ երկրպագուները թողնում են հիացական ու ոգեւորիչ մեկնաբանություններ: Ֆեյսբուքում նրա անունով բացվեց նաեւ մեկ այլ էջ, որտեղ Արման Գալստյանը որպես հասարակական գործիչ է ներկայացված:
Շատ արագ, սահուն կերպով հանրային ուշադրության արժանացավ մի մարդ, որը թեեւ մինչ այդ մի քանի վայրկյանով կամ րոպեով երեւացել էր տարբեր ռեպորտաժներում, բայց մեծ հաշվով անհայտ էր լայն լսարանին: Իսկ հետո դարձավ հայտնի:
Մեդիայում ու մեդիայի շնորհիվ հայտնի դառնալու մեխանիզմը շատ հետաքրքիր է գործում: Երբեմն հարկավոր է լուրջ ջանք ու գումար գործի դնել, որպեսզի քո մասին խոսեն ու գրեն (ջանք ու գումարը կարող են եւ ապարդյուն ծախսվել), իսկ երեբմն էլ բավական է ընդամենը խոսել քո սեփական անունից, քո ամենօրյա լեզվով ու քո իմացած թեմայի մասին:
Երկրորդ տարբերակը հաստատ ավելի գործուն է ու հեռանկարային, քանի որ ցույց է տալիս, որ դու չես խաղում լսարանի հետ, այլ ընդհակառակը՝ լսարանին ներգրավում ես համատեղ քննել մի հարց, որից ամենատեղյակը հենց դու ես: Եթե կարողացար համոզել, որ տեղյակ ու սրտացավ ես, ուրեմն նվաճեցիր լսարանը: Տաքսու վարորդ Արման Գալստյանը համոզեց:
Մեկ հաղորդման ընթացքում նա արեց այն, ինչը դեֆիցիտ է մեր մեդիայում. ցույց տվեց, որ տեղյակ ու մտահոգ լինելով հանդերձ՝ հարկավոր չէ դիմակ հագնել ու օսլայել բառերն ու մտքերը: Ի վերջո, տաքսու վարորդների արտոնագրերը, զննումները, հարկերն ու տարբեր հարակից ծախսերը ընդամենը առիթ էին ավելի խորը մտահոգությունների ու պրոբլեմների մասին խորհելու համար:
«Ուրվագիծ» հաղորդման տեւողությունը բավական երկար է, եւ 40 րոպե խոսելու ու չձանձրացնելու համար իրոք պիտի համոզիչ անձնավորություն լինես: Միտքը կարող է շեղվել, թեման թռչկոտել, լեզուն կաղալ կամ սավառնել, բայց կարեւորը սեփական մաշկով զգալով ու սեփական բառապաշարով աշխարհի կարգը բացատրելու ունակությունն է: Նշանակություն չունի, թե ինչի մասին ես խոսում, կարեւորը համոզելն է, որ լսարանը համամիտ է քո բացատրության հետ:
Ասենք՝ շերեփուկների ու շնաձկների մոդել առաջ քաշել: Կամ էլ՝ վախի աղբյուր համարել անտառում հանդիպած գայլերին, բայց ոչ բանական մարդկանցից, որոնք երբեմն խախտում են սուբորդինացիան:
Հաճույքով հաղորդում դիտելու համար լավ խոսող ու համոզող պիտի լինի, որը ճանաչելի է, իր տեղում է ու իր տեղից էլ խոսում է: Լավ է, երբ մեդիան հիշում է այդ մասին, այլ ոչ թե գունաթափված բառապաշարով արտահայտվող ծամծմված դեմքերի է խոսք տալիս:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: