2015.04.13,

Քննադատ

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը հերոսացավ Հայաստանում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Քիմ Քարդաշյանը մոլորակի ամենահայտնի անձանցից մեկն է, որի բոլոր քայլերն ու հատկապես լուսանկարները սպառվում են ցանկացած մեդիա ֆորմատով՝սոցցանցերի գրառումներից սկսած, գլամուրային ամսագրերով ու հեռուստաշոուներով վերջացրած:

Նրա ամեն մի քայլը ինքնապրեզենտացիա է, ինքնագովազդ է, սնունդ՝ սեփական անձի (արածի, մտքերը, հագուկապի, արտադրանքի) հանդեպ հետաքրքրությունը չնվազեցնելու համար:

Նա ֆենոմեն է, քանի որ միաժամանակ ոչինչ է եւ ամեն ինչ՝ մի քիչ հեռուստաաստղ է, մի քիչ՝ մոդել, մի քիչ էլ՝ գործարար: Նա առաջին հերթին մեդիա անձ է եւ զանգվածային մեդիայի կանոնների համաձայն՝ իր հետ կատարվածը տարածում ու գովազդում է ցանցային՝ հորիզոնական կապերով:

Եվ եթե նրա ճանապարհը խաչվում է մեկ այլ ճանապարհի հետ, ապա շահում է հենց մեկ այլը: Ստացվեց այնպես, որ ապրիլի 8-13-ը շահեց Հայաստանը: Եվ իսկապես շահեց, քանի որ տեղից շարժվեցին այն կարծրացած պատկերացումները, որոնք վաղուց պիտի տեղից շարժվեին:

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի այցը շատ բան փոխեց Հայաստանում: Եվ խոսքը ոչ միայն համաշխարհային լրատվամիջոցներում ու սոցցանցերում Հայաստանի ու հայկականի հանդեպ ծագած աննախադեպ հետաքրքրության ու PR-ի, այլեւ հենց Հայաստանի ներսում կատարվող վերափոխումների մասին է:

Աշխարհը գրեց Հայաստանի մասին, քանի որ Հայաստանում էր Քիմ Քարդաշյանը, բայց Հայաստանն էլ իրեն սկսեց այլ կերպ զգալ (միգուցե նաեւ դիրքավորել), քանի որ եկել էր Քիմ Քարդաշյանը, որը հանրային հարաբերությունների մասին մեզանից տարբերվող պատկերացումներ ունի:

Մենք ընտելացել ենք, որ Հայաստանում ամեն բան կատարվում է ուղղահայաց. վերեւից թելադրում են, ներքեւում գտնվողները ըմբռնում ասածն ու ուղարկում ավելի ներքեւ, իսկ ավելի ներքեւում գտնվողներն արդեն կատարում են թելադրանքը:

Կառավարման ու վարվելաձեւի նման մոդելը հաջող գործել է սովետական չինովնիկական համակարգում եւ գողական աշխարհի շրջանակներում: Նույնն էլ շարունակվում է անկախ Հայաստանի հանրային կյանքում:

Իսկ Քիմ Քարդաշյանը կտրականապես տարբեր՝ հորիզոնական տարածման կերպար է:

Առաջին հայացքից հախուռն ու իմպրովիզացիոն (բայց երկրորդ հայացքից՝ խիստ հաշվարկված) քայլերով ու հանրային զբոսանքներով նա հայաստանցիներին առաջարկեց լինել մի քիչ այլ: Ոչ ոստիկանական պետության բնակիչ: Եվ շատերին դա դուր եկավ:

Օրինակ՝ առանց փողոցները փակելու ու լրագրողներին վանելու հիստերիայի քայլել քաղաքով ու լուսանկարվել՝ երեխային գրկած, ձեռքով բարեւելով, ժպտալով գրկել հակահիգիենիկ տատիկներին ու սելֆի անել արագ կողմնորոշված հայաստանցիների հետ:

Հանրային մարդը հանրային վարքագիծ ուներ, ընդ որում՝ այդ վարքագիծը բխում էր հենց տվյալ հանրության պատկերացումներից: Քիմ Քարդաշյանը հայտնվում էր Երեւանում ոչ շատ բաց հագուստով, ոչ շատ շքեղ շքախմբով, որոշ դեպքերում խոնարհ ու համեստ, որոշ դեպքերում՝ ուրախ ու մարդամոտ, մի խոսքով՝ այնպես, ինչպես ճիշտ էր:

Եթե սկզբից որոշ հայաստանցիներ ներողամտորեն ու հեգնանքով էին խոսում նրա այցի մասին (ո՞վ է, որ պիտի գա), մանավանդ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում, ապա նրա մի քանի հանրային զբոսանքներից հետո Քարդաշյանի երկրպագուների թիվը զգալիորեն աճեց:

Շատերը փորձում էին նրա այցը արդարացնել աշխարհի անկատար ու փտած լինելով (դե, հենց Քիմի նման սանձարձակներն են ամեն ինչին տիրանում)՝ հեռատեսի կեցվածքով խոսելով այն մասին, որ, անկախ ամեն ինչից, պետք է օգտագործել նրա այցը Հայոց ցեղասպանության մասին աշխարհին տեղեկացնելու նպատակով:

Բայց ստացվեց այնպես, որ ամենալավ օգտագործողը դարձավ հենց Քիմ Քարդաշյանը: Նա ու իր ամուսինը՝ ռեփփեր Քանիյե Ուեսթը, օգտագործեցին մեզ՝ ուրախության, թեթեւության ու պաշտպանվածության մոռացված զգացումը հանրային կյանք վերադարձնելով:

Բացարձակապես ապաքաղաքական այս ընտանիքը մի քանի օրով ապամոնտաժեց խորհրդային ուղղահայաց մտածելակերպը: Նախ՝ ապացուցեց, որ ընդամենը կես ժամում կարելի է Երեւանի կենտրոնում հավաքել հազարավոր մարդկանց: Եվ դրա համար անհրաժեշտ են ընդամենը մեկ-երկու գրառում սոցցանցերում, եւ թքած ավանադական մեդիայի ու ավանդական քարոզչամիջոցների վրա:

Իսկ հետո էլ՝ հանպատրաստից կենդանի համերգ կազմակերպել Կարապի լճում ու անասելի ուրախություն պարգեւել հավաքվածներին: Հայերեն ասած՝ «դրայվ» մտցնել նիրհող հանրային կյանք՝ ցատկելով լիճն ու քայլելով ջրի մեջ:

Շատ հաճախ լավագույն քաղաքական վերաիմաստավորումները սկսվում են ոչ թե քաղաքական գործիչների դատարկ ճառերից, այլ ուրախ ու ազատամիտ լիցքերից, որոնք հայտնվում են հանրային կյանքում ու բումերանգի էֆեկտի պես տարածվում սոցիալական մեդիայում:

Համենայնդեպս, Քարդաշյանն ու Ուեսթը իրոք աշխատեցին Հայաստանում ու արեցին հնարավորը թե՛ մեդիայում, թե՛ հանրային կյանքում ապախորհրդայնացնելու հաճույքը զգացնել տալու համար:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *