2015.04.06,

Քննադատ

Instagram-ն ու հայաստանյան մամուլը․ քողարկված սիրո պատմություն

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Instagram-ն այսօր աշխարհի ամենաայցելվող սոցիալական ցանցերից է։ Լրագրողների եւ լրատվամիջոցների կողմից այն հաճախ օգտագործվում է որպես մասնագիտական հարթակ:

Սոցցանցի յուրահատկություններից ելնելով՝ լրատվամիջոցներն այստեղից անմիջական թրաֆիկ չեն ստանում։ Սակայն ԶԼՄ-ի եւ լրագրողի բրենդինգի տեսանկյունից Instagram-ը լավագույն հարթակներից մեկն է։

Հայաստանում Instagram-ն արդեն կարելի է որպես բավական ազդեցիկ սոցիալական ցանց դիտարկել։ Սոցցանցի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, ինչի պատճառով օգտատերերի թվի մասին միայն մոտավոր պատկերացում կարելի է կազմել։

Ըստ Similarweb-ի` Հայաստանից այցելությունների քանակի տեսանկյունից Instagram-ը 26-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Եվ սա վերաբերում է միայն համակարգիչներից մուտքերին. ներառված չեն շարժական հավելվածից մուտքերը, որոնք այցելությունների հիմնական մասն են կազմում, քանի որ այս սոցցանցն ամբողջությամբ հիմնված է հավելվածի վրա։

Instagram-ի ակտիվության վերաբերյալ պատկերացում կարելի է կազմել փոփ աստղերի բաժանորդների քանակից (անշուշտ, պետք է հաշվի առնել, որ բաժանորդների մի մասը Հայաստանում չի գտնվում, սակայն հայաստանյան ցանցի սպառող է)։

Այսպես, բերեմ մի քանի օրինակ։ Սիրուշոն 68 600 բաժանորդ ունի, Նազենի Հովհաննիսյանը` 35 400, Սոֆի Մխեյանը` մոտ 10 000, Կամո Թովմասյանը` 8600։ Սրանք թվեր են, որոնք համեմատելի են նույն աստղերի ֆեսյբուքյան էջերի ընթերցողների քանակի հետ։

Instagram-ում կարելի է գտնել հեռուստահաղորդավարների, որոնք նույնպես բավական մեծ թվով բաժանորդներ ունեն։ Բայց երբ գործը հասնում է հենց բուն լրատվամիջոցների կողմից վարվող հաշիվներին, ապա տպավորություն է ստեղծվում, թե սոցցանցում գրեթե բացակայում է լրատվական դաշտը։

Բազմաթիվ լրատվամիջոցներ ընդհանրապես չեն օգտագործում Instagram-ը։ Օգտագործողների մեծ մասի գործածումն էլ հարցեր է առաջացնում։

Այսպես, օրինակ, Հանրային հեռուստաընկերությունը կարծես թե ունի հաշիվ, որին մոտ հարյուր մարդ է հետեւում, եւ որը բավական պասիվ է։ Սակայն քանի որ հեռուստաընկերության կայքում այս հաշվի վրա հղում չկա, չնայած, որ ֆեյսբուքի ու Թվիթերի հաշիվների վրա հղում տեղադրված է, ապա հստակ հնարավոր չէ իմանալ` սա պաշտոնական հաշիվ է, թե ոչ։

Շանթ հեռուստաընկերության անունից գործող հաշիվը նույն խնդիրն ունի։ Civilnet-ի հաշիվը 2013-ից սառեցված է. երկու տարի է, ինչ չի թարմացվում։ Մնացած հեռուստաընկերությունների դեպքում նույն անորոշությունն է։ Հնարավոր է` դրանք ունեն Instagram-ի հաշիվներ, սակայն գիտությունն այդ մասին տեղյակ չէ, քանի որ կայքերի հղումներ չկան։

Լրատվական կայքերի դեպքում նույնպես տպավորություն է, թե սոցցանցին լուրջ ուշադրություն դարձնողները շատ քիչ են։ Մեծ մասն ընդհանրապես չկա Instagram-ում։ Եղածներն էլ լիարժեք չեն օգտագործում ներուժը։ Օրինակ` Արմենպրեսը (202 բաժանորդ ունի) շատ հետաքրքիր հաշիվ ունի, որը, ցավոք, արդեն մեկ տարի է` չի թարմացվում։

Ամենահաջողվածներից կարելի է նշել Bravo.am-ը, որը մյուսների համեմատ մեծ քանակությամբ բաժանորդներ ունի (ավելի քան 2000 բաժանորդ)։

Տեսականորեն լավագույն հաշվիները պետք է ֆոտոգործակալություններն ունենան։ Օրինակ` Ֆոտոլուրը 520 բաժանորդ ունի եւ կարողանում է օգտագործել ներուժը: Panarmenian Photo-ն  (320 բաժանորդ)  բավական հազվադեպ է թարմացնում էջը. վերջին ժամանակներում ամսական ընդամենը մի քանի լուսանկար է տեղադրում։

Այնպես որ, Instagram-ում Հայաստանը դեռեւս հիմնականում սնդուսափայլ լրատվության տեսանկյունից է զարգացած։ Իսկ մամուլի տեսանկյունից այստեղ ավելի շատ կարելի է լրագրողներ գտնել, քան լրատվամիջոցներ։

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *