2015.03.26,

Քննադատ

Նեղանալ չկա. Հերոսների «զբաղվածությունը» հայկական սերիալներում

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Մի քանի օր է՝ հայկական սերիալ եմ նայում։ Առիթ դարձավ «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Արթուր Եզեկյանի հարցազրույցը media.am-ին։

Հարցազրույցի փաստն ինքնին դրվատելի է. ամենախոսակցական մեդիաներից մեկի՝ հեռուստատեսության ղեկավարները, հաճախ անտեղի քչախոս են։

Կարծում եմ՝ արդարացի է «Շանթի» նախագահի հպարտությունը, երբ նա հայտարարում է. «Հայաստանում սերիալները բառիս բուն իմաստով մենք հիմնադրեցինք», եւ դժգոհությունը, որ «քննադատողներն անգամ չեղած տեղն են կարողանում պրոբլեմներ գտնել ու մեկ էլ տեսար՝ ՀՀ նախագահին նամակ են գրում»:

Այո, սերիալ նկարելու համար իսկապես «հսկայական ինդուստրիա է հարկավոր՝ իր ծախսերով, ծավալով», եւ Հայաստանի նման աղքատ երկրում դա լուրջ ռիսկ է եղել ժամանակին։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին նամակ գրողներին, նրանց գործելակերպը շատ չի տարբերվում ստալինյան տարիներից. «Գրենք «Առաջնորդին», նա ամեն ինչ տեղը կգցի» տրամաբանությամբ։

Մինչդեռ դժգոհողները բոլորը մտավորական են. ինչու՞ չէին փորձել հետեւողականորեն ցույց տալ մեդիայում սերիալների թերությունները։ Կարող են առարկել, որ նման հնարավորության չկա, կամ իրենց չեն լսել։

Այդ դեպքում ինչ իմաստ ունի դիմել ՀՀ X նախագահին, որի օրոք այդ իրավիճակն է, եթե TV-ները նրա լիակատար վերահսկողության տակ են, իսկ սերիալների հաջողությունը պայմանավորված է նույնպես լիովին վերահսկվող խոշոր բիզնեսի գովազդով։

Ուրեմն, պետք է ենթադրել, որ «Առաջնորդը» եւ ամբողջ քաղաքական վերնախավը նույն ճաշակն ունեն եւ նույն (մեղա-մեղա) գեղագիտական պատկերացումները։ Այսինքն՝ միեւնույն է, պետք է խոսել հանրության, սեփական ժողովրդի հետ, որն ապահովում է սերիալի դիտելիությունը, որպես բիզնես նախագծի կենսունակությունը, եւ նրան դիմել, դիցուք, բոյկոտի կոչով։

Քանի որ սերիալները շարունակում են արտադրվել, հակառակ Հայաստանի տնտեսական վիճակի վատթարացմանը, փորձեմ ինքս վերլուծել դրանք մասնագիտական տեսանկյունից՝ խոսելով առանձին բաղադրիչների՝ այսօր՝ հերոսների «զբաղվածության» մասին։

Կարող է վատ նորություն լինել որոշ սցենարիստների եւ ռեժիսորների համար, բայց ֆիլմի յուրաքանչյուր հերոս պետք է ցանկացած պահի ինչ-որ բանով զբաղված լինի, ինչպես որ կյանքում է լինում։

«Արմենիա» հեռուստաընկերությունը ցուցադրում է նոր սերիալ «Բախտաբեր» էկզոտիկ վերնագրով (սցենարիստ՝ Անահիտ Մխիթարյան, ռեժիսոր՝ Վահե Սայան, գլխավոր պրոդյուսեր՝ Էդգար Ավագյան)։ Օրինակներ բերեմ մարտի 24-ի սերիայից։

Հերոսուհին (Մարիամ) կանգնած է լոգասենյակում՝ հայելու առաջ, եւ իրեն է նայում։ Մինչեւ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Բայց շուտով հայտնվում է նրա ամուսին Արմանը, եւ պարզվում է, որ խոր գիշեր է, ու կնոջ քունը չի տանում։ Իսկ ի՞նչ է արել նա անքնության երեսից. մտել է լոգասենյակ ու նայում է հայելուն։

Ընդ որում՝ նաեւ հագնվել է՝ «դսնավուր», մեջքի խոր բացվածքով շոր (երեւի հայ դերասանուհուն վայել չէ գիշերազգեստով նկարվել)։ Ամուսինն ինչ-որ պահի գրկում է նրան, շատ թեթեւ, ոնց որ տանգո պարելուց, բայց հենց մատները հպվում են կնոջ մարմնին, սահուն փախցնում է դրանք… (Հավանաբար պատճառը նորից այն է, որ հայ դերասանուհին նկարահանումից դուրս էլ կյանք ունի)։ 

Նույն սերիայում տեսարան կա վերոհիշյալ Արմանի գրասենյակում, որտեղ նա նստած է ընկերոջ հետ։ Հեռուստադիտողը չգիտի, թե նրանք ինչով էին զբաղված, եթե զբաղված էին: Բայց հենց այդ պահին պարզվում է, որ ընկերն, այնուամենայնիվ, գործ ունի. «Արմ, դե ես արդեն ուշացա գործից, գնամ, էլի»։  

Մեկ-երկու մաս էլ նայեցի «Արմենիա»-ի «Էմիգրանտները» սերիալից (ոչ սկզբից, ոչ վերջից լուսագրեր չկան, որ հեղինակներին նշեմ), որտեղ թատրոնի ճանաչված դերասանների (Լեւոն Շարաֆյան, Ալլա Թումանյան, Նարե Հայկազյան եւ այլք) ներկայությունն օգնում է պահել հեռուստադիտողի ուշադրությունը։

Եվ այսպես, մարտի 21-ի սերիան, սկիզբը՝ 06։20։ Գուգո անունով քրեական հեղինակության տուն, առանց նախապես զգուշացնելու, այցելու է գալիս։ Սպասուհին բացում է դուռը, այցելուն առաջանում է դեպի Գուգոն, որը նստած է բազմոցին՝ բարձը (մութաքան) գրկած։ Բառացիորեն։ Դա էլ հենց Գուգոյի «զբաղմունքն» է… մինչեւ որեւէ մեկը կգա։ 

Մեկ ուրիշ տեսարանում Էնջըլ անունով հերոսուհին մտնում է տուն ու հենց դռան մոտ սկսում է ինչ-որ բան փնտրել պայուսակում։ Ընդամենը երեք-չորս վայրկյան անց (կադրը չի փոխվում), ներս է մտնում մի ուրիշը եւ բարձրանում է աստիճաններով առանց Էնջըլին նկատելու, թեեւ անհնար էր, որ նրանք դեռ դրսում իրար չնկատեին մի քանի քայլ հեռավորությունից։ Կանայք մի երկու բառ են փոխանակում, հետո Էնջըլը մոռանում է, որ բան էր փնտրում պայուսակում ու անխռով վեր է բարձրանում աստիճաններով։ 

Նույն սերիայում երկու տեսարան էլ կա սննդի «օբյեկտում»՝ սրճարան-ռեստորան, որտեղ բացի երկու հերոսից, որոնք զրուցում են, ուրիշ ոչ մի հոգի չկա, նմուշի համար։

Բավարարվեմ այսքանով։ Փոքր-ինչ քմահաճ հեռուստադիտողը, դեռ մինչեւ բովանդակությանն անցնելը, անբնականություն է զգում (հաճախ առանց իրեն հաշիվ տալու, թե ինչու), երբ սերիալի հեղինակները չեն կարողանում իրենց հերոսներին զբաղմունք գտնել, այսինքն՝ իրենց գոյությունը սկսում են… երբ բեմադրիչը հրահանգում է օպերատորին նկարել։

«Տղերք, մեզ մենակ թողեք, բայց տնից տեղ չգնաք»՝ հորդորում է իր «տղաներին» մեկ այլ քրեական հեղինակություն «Էմիգրանտներից»՝ Սպարտակը։ Իսկ ու՞ր էին գնալու նրանք, ուրիշ ինչ զբաղմունք ունեն սերիալների հերոսները այս անգամ մասնագիտության իմաստով, առանձին ուշագրավ խնդիր է, որին կփորձեմ անդրադառնալ առաջիկայում։

Վահրամ Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *