2015.02.23,

Քննադատ

Հայկական ցանցի` տասը տարվա մետամորֆոզները

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վերջին տասը տարում ցանցի հայաստանյան հատվածը զարգացման մի քանի փուլ է անցել: Իրար հաջորդել են տարբեր տիպի հանրային հարթակներ, որոնք էլ ձեւավորել են շփման լեզուն՝ ժարգոնը:

Հանրային բնույթի առաջին հարթակները, որոնք հաջորդեցին զուտ ժամանցային չաթերին, ֆորումներն էին: Հենց այստեղ սկսեց ձեւավորվել հայ-ադրբեջանական վիրտուալ շփումը:

Ռուսաստանյան «Независмая Газета» թերթի կայքում հոդվածների քննարկումը վերածվեց բանավիճային մի հարթակի, որը, երեւի, առաջին լայն քննարկումների փորձն էր: Դրան հետեւեց հայկական եւ ադրբեջանական ֆորումների ստեղծումը: Այստեղ մի քանի հարյուր օգտատերերի կողմից ձեւավորվեց այն քարոզչական ապարատը, որը հետագայում որդեգրվեց երկու պետությունների կողմից:

Իրական կյանքի հետ կապ ունեցող առաջին ակցիան, որ իրականացվեց ցանցային համայնքի կողմից, դարձյալ կապված էր Արցախյան հակամարտության հետ: 2005 թվականի մայիսյան բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց որ հայկական կողմը պատրաստ է հանձնել յոթ շրջանները:

Հայաստանի ԱԳՆ-ը երկար ժամանակ լռում էր, ինչի հետեւանքով հայկական գրեթե բոլոր մեծ հարթակներն առաջին անգամ միասնական հայտարարությամբ հանդես եկան, եւ մամուլը փաստացի առաջին անգամ անդրադարձավ ցանցային հանրության հայտարարությանը (բնօրինակը տեղադրված է OpenArmenia ֆորումում): Այդ ժամանակ ցանցում հայերեն գրել հնարավոր չէր, ինչի պատճառով շփումը հիմնականում ռուսերեն էր: Հայտարարության հայերեն թարգմանությունը մնացել է «Առավոտ»-ի կայքում:

2005 թվականին սկսեց ձեւավորվել հայկական բլոգոսֆերան, որը տեղակայված էր հիմնականում Livejournal-ում: Բլոգները լուրջ հասարակական եւ քաղաքական գործիք դարձան 2007-2008-ին նախագահական ընտրությունների շուրջ սկսված քաղաքական պայքարի արդյունքում: Հենց այս ժամանակ հայտնվեցին քարոզչական, թաքնված հեղինակ ունեցող բլոգները, որոնց այսօր ընդունված է անվանել ֆեյքեր: Մինչ այդ ֆեյքերը հիմնականում օգտագործվում էին հայ-ադրբեջանական վիրտուալ պատերազմում: Նման որոշ քարոզչական բլոգներ կարելի է գտնել 2008-ի հունվարին Արթուր Պապյանի կողմից ստեղծված ցուցակում:

2008-ի մարտին բլոգները տեղեկատվության գրեթե միակ աղբյուրն էին արտակարգ դրության եւ ցանցային մամուլի սահմանափակումների իրավիճակում: Այդ, ինչպես նաեւ դրան հաջորդող մեկ տարվա ընթացքում, ակտիվ բլոգների լսարանը քանակապես գերազանցում էր ցանցային մամուլի լսարանին: Սոցիալական ցանցերի ներխուժումը հանգեցրեց բլոգոլորտի անկմանը:

Հայաստանյան սոցիալական ցանցերը բավական կարճ պատմություն ունեն: 2008-ի ամենաթեժ փետրվարին հոդված էի գրել, որի բովանդակությունը խոսում է այն մասին, որ սոցցանցերում նույնիսկ սակավաթիվ խմբերը լուրջ ակտիվության տպավորություն էին թողնում.

Բավականին ակտիվ են նախընտրական կրքերը նաեւ հասարակական ցանցերում (social networks): Այսպես, Facebook–ում «Հայաստանի Հանրապետության Նախագահական Ընտրություններ 2008» խմբում գրանցված է 321 անդամ։ Մեկ այլ՝ «Armenian Elections 2008» խմբում կա ութ անդամ։

Facebook–ում գոյություն ունեն թեկնածուներին աջակցող խմբեր։ Դրանցից մեկը «Լեւոն Տեր–Պետրոսյանի համակիրներն են», որտեղ գրանցված է 61 մարդ։ ԼՏՊ–ին դեմ քարոզողներն ունեն սեփական խումբը, որը կոչվում է «Լեւոն Տեր–Պետրոսյանից զզվողներ» եւ ունի 7 անդամ։ Մյուսը՝ «All for Tigran Karapetich Karapetyan, Armenian Presidential Elections 2008», խումբը սակավաթիվ է. ընդամենը 9 անդամ։

Սակայն ինքը՝ Տիգրան Կարապետիչը, նույնպես գրանցված է օգտվողների ցանկում եւ 68 ընկեր ունի ցանցում։ Դժվար է դատել, թե ո՞վ է զբաղվում սրանով։ Երեւի թե ինչ-որ մեկը, հաշվի առնելով ժողովրդի կողմից Կարապետիչի վայելած սերը, որոշել է պարզապես բարի գործ անել։

Փաստացի, Ֆեյսբուքի սոցիալական ազդեցությունն սկսվեց 2010-ի գարնանից. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման, օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարն ու նմանատիպ այլ շարժումները սկիզբ դրեցին սոցցանցերի ակտիվացմանը:

Տասը տարիների ընթացքում հայաստանյան ցանցային հանրությունը մի քանի փուլեր է անցել, որոնց ընթացքում որակապես փոխվել է ոչ միայն հասարակական-քաղաքական գործընթացների վրա ազդեցությունը, այլեւ բառապաշարը: Այսօրվա ցանցային երիտասարդ ակտիվիստները դժվարությամբ կհասկանան տասը տարի առաջ տեղի ունեցած քննարկումների ժարգոնն ու ենթատեքստերը:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *