2015.02.04,

Քննադատ

Նեղանալ չկա. «15000 դրամանոց ճշմարտությունների» պակաս հայկական մեդիայում

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Ժամանակակից հայ կինոյին նվիրված հավաքի ընթացքում քննադատներից մեկը սուր հեգնանքով ջախջախեց ճանաչված ռեժիսորի նոր ֆիլմը։

Իմ ռեպլիկին, թե նույն կրքով գրված մի կամ մի քանի հոդվածը կարող էին կանխել ինքնահմայված ռեժիսորի հերթական անհաջող ֆիլմի արտադրությունը, քննադատը պատասխանեց.

«Իսկ հոդվածի համար ինչքա՞ն փող էին ինձ տալու։ Հի՞նգ հազար, տա՞սը, տասնհի՞նգ հազար դրամ։ Բա արժեր տասնհինգ հազար դրամի համար մահացու թշնամի ձեռք բերել»։

Խոսակցությունը հիշեցի հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների հանդեպ Բերձորում կիրառված բռնությունների հանդեպ մեդիայի արձագանքների առթիվ։

Իշխանամետ մեդիան, հատկապես հեռուստատեսությունը, պարզ է՝ արդարացրին տեղի ունեցածը, ինչպես իշխանության ցանկացած գործողություն։ Մնացյալ լրատվամիջոցները փնովեցին իշխանությանը։

Կասկած չկա, որ խաղաղ երթի վրա հարձակումը արժանի է դատապարտման, խնդիրն այն է, թե ինչ էր արել մեդիան՝ իշխանամետ, անկախ թե ընդդիմադիր, մինչեւ բանը կհասներ բռնություններին։  

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները դեռ դեկտեմբերին հանդիպել էին Արցախի իշխանություններին, որոնք անցանկալի էին համարել ավտոերթը դեպի Ստեփանակերտ։

Եղա՞ն լրատվամիջոցներ, որոնք հարցրին «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատուներին, թե արդյոք չե՞ն ենթադրում, որ բռնություն կկիրառվի իրենց հանդեպ, եթե ավտոերթի մերժումն անտեսեն։ Եվ եթե ենթադրում են, ապա ի՞նչ հետեւանքներ կունենա դա Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, եւ որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը։

Ընդ որում՝ ո՛չ բռնություններից հետո, ո՛չ էլ այսօր ուշ չէ նույն հարցերը տալու համար. վերջին հաշվով առօրյա միջադեպի մասին չէ խոսքը, այլ խոսքի, տեղաշարժի ազատության լրջագույն խախտման, որը ցնցել է հանրությանը, այդ թվում նաեւ այն մարդկանց, ովքեր ուրիշ բանի չէին սպասում, ինչպես ես։

Բայց լինի դեկտեմբերին, լինի հիմա, եթե որեւէ լրագրող/լրատվամիջոց հանդգնի, Արցախի ու Հայաստանի իշխանություններից բացի, քննարկել «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատվության հարցը, ապա մեծ հավանականությամբ ընդդիմադիր ճամբարի մաս կազմող ուժերի եւ մեդիայի կողմից կհայտարարվի իշխանությանը ծախված, ինչը կձախողի որեւէ բանավեճ, իսկ լրագրողն ու լրատվամիջոցը խորապես կզղջան, որ «տասնհինգ հազար դրամի» համար մահացու թշնամիներ են ձեռք բերել։

Ահա այսպես էլ ապրում ենք սեւ-սպիտակ իրականության մեջ՝ կարոտ «տասնհինգ հազար դրամանոց» ճշմարտությունների, որոնք ցույց կտան երանգները, այդպիսով նաեւ՝ իրական միտումները, հասունացող վտանգներն ու պարբերաբար կատարվող գունափոխությունները։  

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *