Հայաստանում հանրային սփռում ունեն մի շարք արտասահմանյան հեռուստաալիքներ, որոնց թվում գերակշռում են ռուսականները… Թեեւ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «ռուսական եւ արտասահմանյան», Բրյուսովի համալսարանի «ռուսաց եւ օտար լեզուների» երբեմնի անվան նմանությամբ։
Ուկրաինայի դեմ՝ տաք, իսկ Արեւմուտքի դեմ սառը պատերազմը սկսելուց հետո Մոսկվան նորից որոշել է խմբագրել պատմությունը։ Խոսուն է ռուսական «1» ալիքով ցուցադրվող «ԱՄՆ–ի չգրված պատմությունը» ֆիլմաշարի վերնագիրը։ Կրեմլյան քարոզիչները, սովետական տարիների նման, հույսը դնում են լսարանի բթության վրա։
Հեռուստադիտողները պետք է նայեն, բայց չտան գլխավոր հարցը. իսկ ինչի՞ մասին է վկայում փաստը, որ հռչակավոր Օլիվեր Սթոունը ջախջախիչ քննադատության է ենթարկում հայրենի Միացյալ Նահանգները, իսկ օսկարակիր Նիկիտա Միխալկովն իր «Բեսոգոն» հաղորդաշարով («Ռոսիա 24») ջախջախիչ քննադատության է ենթարկում… նույնպես Միացյալ Նահանգները… Միգուցե վերջինիս ժողովրդավար բնույթի՞։
Հայկական հեռուստաեթերը տեսակետների հավասարակշռման խիստ կարիք ունի առհասարակ, իսկ պատմական թեմայի առումով՝ մասնավորաբար։ Բավական է նշել, որ Ռուսաստանի գլխավոր հեքիաթասաց դարձած Միխալկովն իր «Միջնաբերդ» բլոքբաստերում հաջողացրել է Երկրորդ աշխարհամարտին մասնակցող սովետական բանակից դուրս մղել… բոլոր «սեւերին»։ Իզուր են զոհվել, ասենք, 300.000 հայերը՝ Հայաստանի բնակչության 1/5 մասը. ֆիլմում գերմանացիների դեմ կռվում է բացառապես սլավոնական «ռասան»։
Ռուսաստանում թափ հավաքած գաղափարախոսական «մեծ լվացքին» չեն ների դիմագրավել Հայաստանի նվազ ուժերը։ Ելքը, իհարկե, եթերը պաշտպանելն է ելուզակ–հեքիաթասացներից, բայց դա էս պահին իրատեսական չէ։ Համեմատաբար իրագործելի է թվում ուրիշ մի բան՝ Հայաստանում ոչ–ռուսական դիտակետ ունեցող պատմական ալիքի հանրային սփռումը կամ գոնե ներգրավումը մալուխային հեռուստափաթեթներում։ Դիցուք՝ Viasat History–ն, որը 24 ժամ ցուցադրում է բարձրարվեստ ճանաչողական պատմաֆիլմեր, կարող է «Ռոսիա1» եւ «Պլանետա ՌՏՌ» ալիքներից մեկին փոխարինել U!com-ի նվազագույն փաթեթում. դրանք 90-100 տոկոսով նույն ծրագիրն են ցուցադրում։ (Հե՜յ, ո՞վ կա U!com-ում, գոնե մեկն ու մեկը)։
Ընդ որում՝ Viasat History-ի ներառման կոչով ես միտք չունեմ հեռուստադիտողին կույր վստահություն ներշնչել տվյալ մեդիայի նկատմամբ։ Ավելին՝ հոդվածի մնացյալ մասը նվիրելու եմ մի ֆիլմաշարի ցուցադրությանը, որը ստվեր է գցում հեռուստաալիքի արհեստավարժության վրա։ «Արեւելք-Արեւմուտք. ճանապարհորդություններ աշխարհի կենտրոնից» շարքը (2011, Մեծ Բրիտանիա, ռեժիսոր Ջոն Ֆոթերհիլ) Արեւելքի´ «չգրված պատմությունն» է։ Նրա առաջին մասերը ներկայացնում են Միջագետքի հնագույն ժողովուրդների՝ աքքադների, խեթերի, բաբելացիների ներդրումը համաշխարհային մշակույթ, վերջին մի քանիսը՝ արաբների եւ թուրքերի։
Շումերները, աքքադները, խեթերը սիրված թեմա են ուսյալ եւ անուս հայ պատմաբանների համար, որպես միջոց՝ մեր պատմությունը մի քանի հազար տարի հետ տանելու։ Իրենց պատմությունն «աքքադացնելու» նկրտումներ ունեն նաեւ մեր մեծ ու փոքր հարեւանները։
Տվյալ դեպքում խոսքը մեկ այլ տեսակի «աքքադաման» փորձի մասին է։ Ֆիլմաշարը պատկերում է Օսմանյան կայսրությունը որպես քաղաքակրթության փարոս, նույնիսկ… եվրոպական Վերածննդի նախակարապետ։ Ահա թուրք փորձագետների նմանատիպ դատողությունների մի քանի օրինակ։
«Հնարավոր չէ հասկանալ Եվրոպան՝ հաշվի չառնելով թուրքական ազդեցությունը, ճիշտ ինչպես որ հնարավոր չէ հասկանալ Օսմանյան կայսրությունը առանց Արեւմուտքի ազդեցությունը հաշվի առնելու։ […] Այս երկու քաղաքակրթությունները ձեւավորել են իրար» (մաս 7, 16‘-18‘)։ Սուլթան Սուլեյմանը ստեղծեց կառավարման համակարգ, որը «եվրոպական պետություններն ընդօրինակեցին… եւ մինչեւ այսօր էլ օգտագործում են» (մաս 7, 23′-24‘)։ 17-րդ դարում «թե՛ դաշնակիցները, թե՛ թշնամիները թուրքերին կոչում էին ծովերի տիրակալներ» » (մաս 7, 10‘)։
Կարծես թե անվերապահ ճշմարտություններ բարբառելով՝ փորձագետներն իրենց նեղություն չեն տալիս որեւէ հիմնավորում բերել։ Միայն թե դա մի փորձանք է հեռուստադիտողի համար, ավելի մեծը ռեժիսորի ճիգերն են արդարացնելու նրանց ամեն բառը։ Ասենք՝ երբ թուրք պատմաբանը պնդում է, որ թուրքական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել Արեւմուտքի վրա, ռեժիսորը ցույց է տալիս… «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուն եւ Օմար Խայամի բանաստեղծությունները։ Ուրիշ ոչինչ։
Ավելի ծանր է լսել, թե ինչպես են թուրք փորձագետները պատմում Օսմանյան կայսրությունում տիրող հանդուրժողականության մասին, բայց լռության են մատնում, որ կայսերական ճարտարապետ Միմար Սինանը, որ բուն թուրքական ամենահայտնի պատմական հուշարձանների հեղինակն է, Թաջ Մահալի ճարտարապետներից մեկի ուսուցիչը, ծագումով հայ է (կամ ըստ ուրիշ աղբյուրների՝ հույն)։
Եվ ամենակարեւորը։ Գովաբանելով սուլթան Աբդուլ Համիդի արժանիքները՝ ֆիլմի հեղինակները բառ իսկ չեն ասում հայկական ջարդերի, Ցեղասպանության մասին, որոնք դարձան թուրք-օսմանյան «հանդուրժողականության» պսակը…
Ես հույս ունեմ, որ նախ կհաջողվի սույն հոդվածը հասցնել Viasat History հեռուստաալիքի խմբագիրներին եւ «Արեւելք-Արեւմուտք» շարքի հեղինակներին եւ կոչ անել նրանց ավելի պատասխանատու վերաբերմունքի դեպի պատմությունը, ապա նաեւ, ինչու՞ ոչ, հայ պատմաբաններին դրդել հանդես գալ գիտականորեն հիմնավորված հերքումներով («հե՜յ, ո՞վ կա այդտեղ» – 2)։
Հակառակ դեպքում իրավացի դուրս կգա ֆիլմի փորձագետ դ-ր Իսհան Ֆարիսօղլուի՝ «Թուրքերը մտածում էին բացառիկ գործնական ձեւով. գործադրելով ջանքեր՝ հասնում էին արդյունքի եւ անում էին ամեն ինչ, որպեսզի այն ամրապնդեն» բացառիկ բանալ միտքը։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: