2014.11.24,

Քննադատ

Հայաստանը եւ Թվիթերը․ միակողմանի բարդ հարաբերություններ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Այսօր լրատվական հոսքերն աշխարհում տարածվում են հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով։ Քանի որ Թվիթերը բաց տեղեկատվական հոսքեր է ստեղծում, որոնք հեշտությամբ փնտրվում են ըստ բանալի բառերի, հենց այս սոցիալական ցանցն է դարձել միջազգային իրադարձություններին հետեւելու հիմնական հարթակ։

Հայաստանը գրեթե բացակայում է այս ցանցում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ օգտատերերի քանակը Ֆեյսբուքի կամ Օդնոկլասնիկիի համեմատ շատ ավելի փոքր է։ Այլ նաեւ այն պատճառով, որ քիչ լրատվամիջոցներ եւ պետական կառույցներ են կարողանում այս հարթակն օգտագործել տեղեկատվությունը դեպի դուրս ուղղելու համար։

Այսօր այս հարթակն օգտագործում են հիմնականում Հայաստանի եւ Արցախի դիվանագետները։ Սակայն քանի որ լրատվական կայքերը պարզապես ավտոմատացված կերպով են տեղեկատվությունը հեռարձակում Թվիթերում, իսկ լրագրողների մեծ մասը պասիվ է, Հայաստանից դեպի դուրս գնացող լրատվական հոսքեր գրեթե չեն ձեւավորվում։

Առաջին գրաֆիկից (տվյալները վերցված են Թվիթերին պատկանող Topsy վերլուծական համակարգից) երեւում է, որ լրատվական հոսքերում Հայաստան բառը հայերենով (#Հայաստան) գրեթե բացակայում է:

Ռուսերենն (#Армения) ամենակայունն է, ինչը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով․ Ռուսաստանի մամուլը եւ ռուսալեզու հայկական համայնքը ակտիվ են Թվիթերում, եւ Հայաստանը տեղ գրավում է ռուսաստանյան մամուլում։ Անգլալեզու հոսքերում նույնպես Հայաստանը (#Armenia) գրեթե բացակայում է։ Իսկ նոյեմբերի կեսին արձանագրված կտրուկ աճը կապված է Հայաստան-Պորտուգալիա խաղի հետ։

6546127

Սակայն նույն ռուսալեզու ակտիվ հոսքերում մենք կապված ենք մեր քաղաքական եւ տեղեկատվական դոպելգանգերի՝ Ադրբեջանի հետ, ինչը կարելի է տեսնել մեկ ամսվա ընթացքում Թվիթերում երկու երկրների վերաբերյալ գրառումների գրաֆիկում։

Այստեղ նաեւ երեւում է, որ գրառումների աճ է նկատվել նոյեմբերի 12-ի դեպքի շուրջ, երբ սահմանին իրավիճակը սրվեց հայաստանյան ուղղաթիռը խոցելուց հետո։

6546163

Անգլերեն գրառումների հետ կապված իրավիճակն ավելի թույլ է զարգանում։ Անգլերեն գրառումների քանակը ռուսերենի համեմատ տասն անգամ քիչ է։ Նույնիսկ սահմանի մոտ ռազմական իրավիճակի սրվածությունը գրեթե չի ազդում գրառումների քանակի վրա։ Նույնիսկ Իլհամ Ալիեւի թվիթերյան հերթական սրացումը, որի ընթացքում ցանցում կրկին հայտնվում են տասնյակ քարոզչական գրառումներ, առանձնապես չի ազդում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի վերաբերյալ գրառումների քանակի վրա։

6546301

Արցախի դեպքում գրառումների քանակն ավելի քիչ է:

6546340

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը գրեթե բացակայում է արտաքին լրատվական դաշտերում, իսկ ներկայության դեպքում էլ հանդես է գալիս որպես պասիվ սուբյեկտ, որի մասին խոսում են ուրիշները իրար մեջ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *