Մեր հեռուստատեսության բովանդակության մասին մեդիայում մերթ-մերթ հրապարակումներ լինում են, բայց ձևի շուրջ հազվադեպ է խոսվում։ Ոչ մի լուրջ քննարկում՝ վարողների կերպարի, հաղորդման կառուցվածքի, զրույցի դրամատուրգիայի, տաղավարի ձևավորման … ինչպես նաև հնարքների մասին, որոնք կոչված են ուժեղացնելու հեռուստաՏԵՍային հաղորդման ՏԵՍողական կողմը։
Վերջիններս հատկապես կարևոր են «խոսող գլուխներ» «ձևաչափին» պատկանող հաղորդումների պարագայում։ Հայտնի է, որ «խոսող գլուխները» շուտ ձանձրացնում են (ճիշտ է, կարևոր է նաև, թե ինչ գլուխներ են), որ մարդու ուղեղը տեսողական տեղեկատվությունն ընկալում է շատ ավելի արագ, քան ձայնայինը, և դա մղում է սցենարիստներին ու բեմադրիչներին, որքան հնարավոր է, հարստացնել հաղորդումների տեսաշարը։
Զրույցը կամ վարողի մենախոսությունը աշխուժացնելու տարածված միջոցներից մեկը թեմային վերաբերող սեփական տեսանյութով ընդհատելն է, իսկ եթե էդպիսին ձեռքի տակ չկա, պատրաստին օգտագործելը։ Առավոտյան եթերում դրանք սովորաբար երաժշտական տեսահոլովակներն են (սա առանձին թեմա է), կան և հաղորդումներ, որոնցում խոսքը «ծաղկացնում» են գեղարվեստական ֆիլմերի, հատկապես՝ կատակերգությունների հատվածներով։
Երևի շատերդ հիշեցիք Գևորգ Ալթունյանի «Տեսանկյունը» (էս պահին՝ Հանրայինում), «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-ֆե»-ն, որ հիմա հեռարձակվում է «Արմնյուզով» (նեղանալ չլինի, միգուցե պետք էր հակառակ հաջորդականությամբ թվարկել՝ հնարքի օգտագործման վաղեմության իմաստով), էս երկու օրն էլ աչքովս ընկավ «Ֆեյսբլոգ» հաղորդումիկը «Հ3» հեռուստաալիքում, որը վերամակնիշավորված «Երևանն» է։
Խնդիրն էն չէ, որ երևի մի քսան տարի առաջ ռուսաստաններում ինչ-որ մեկն օգտագործել է սույն միջոցն ու մերոնք էդ ժամանակից կրկնում են, խնդիրը ֆիլմերի խիստ սահմանափակ ցանկն է. «Ադամանդե ձեռքը», «Կովկասի գերուհին», «Տասներկու աթոռ», «Ոսկե հորթը», «Անապատի սպիտակ արևը», «Զգուշացիր ավտոմեքենայից»-ը՝ սովետական անցյալից, «Տժվժիկ», «Ոսկե ցլիկը», «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունի» կինոնկարները՝ հայկական կինոյից… «Տեսանկյուն» հաղորդաշարի հղումների սիրած աղբյուրներ է նաև «Խաթաբալադա» ներկայացման տեսագրությունը։ Ընդ որում` «Խաթաբալադայի» պատկերը բավականին խունացած է, բայց, առհասարակ, թվարկված ֆիլմերի ժապավենները ծակծկված կլինեին մաշվելուց, եթե թվային տեխնոլոգիաները ժամանակին չհնարվեին։
Հեռու չգնամ ու օրինակ բերեմ նոյեմբերի 13-ի եթերը. թե’ «Այբ-ֆե», թե’ «Ֆեյսբլոգ» հաղորդումները «Կովկասի գերուհին» են մեջբերել («Տեսանկյունը» տեսանյութ չուներ)։
Նրանց համար, ովքեր «Ֆեյսբլոգին» ծանոթ չեն, ասեմ, որ «ֆեյսբուքյան» առավել ուշագրավ գրառումներին նվիրված հաղորդում է, որում թոթովախոս աղջկական ձայներն անհասկանալի խայտանքով (մի տեսակ՝ հեռուստատեսություն-մեծ քրոջ ներողամտություն փոքր քույր-համացանցի նկատմամբ) ներկայացնում են հաճախ բավական լուրջ մարդկանց կարծիքը լուրջ բաների մասին։ Արդյո՞ք, ելնելով գոնե իր նյութից, որը նորագույն տեխնոլոգիա է՝ «ֆեյսբուքը», օրը չորս անգամ հեռարձակվող «Ֆեյսբլոգը» չէր կարող ավելի թարմ աղբյուր գտնել հղումների համար, քան վարողից տարիքով կինոնկարները։
Երևի հարց առաջանա, թե բա ուրիշ ի՞նչ ֆիլմեր կարելի է օգտագործել, որ հանրածանոթ են։ Եթե իսկապես հնարավոր չէ հաղորդման համար ավելի թարմ ձևաչափ մտածել, կարծում եմ`արդեն մի քանի տասնյակ սիրված կատակերգություններ կան, որոնք արտադրվել են նոր սերնդի կյանքի օրոք և ավելի ժամանակակից ուղերձներ են կրում։
Ճիշտ կլինի ցանկը հաղորդումների հեղինակներն իրենք կազմեին, բայց ես խորհուրդ կտայի, ասենք, «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը. խիստ ակտուալ է, եթե խոսք լինի Ազգային ժողովի մասին՝ առաջին տպավորությունը միշտ էն է, որ օրենսդիր մարմինը գրավել են զոմբիները, որոնք, ի դեպ, հաճախ հարձակվում են հենց իրենց՝ լրագրողների վրա։
Մեկ ուրիշ՝ Ռոբերտո Բենինիի «Կյանքը հիասքանչ է» օսկարակիր ֆիլմը ցույց է տալիս, որ նույնիսկ համակենտրոնացման ճամբարում կարելի է յուրօրինակ ժամանց կազմակերպել։
Իսկ եթե կան հեռուստատեսային մասնագետներ, ովքեր ընդունում են միայն եվրասիական տարածքի կինոն, թող նայեն «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի ռեժիսոր Վլադիմիր Մոտիլի մեկ ուրիշ գլուխգործոց՝ «Ժենյա, Ժենեչկա, Կատյուշա» տրագիկոմեդիան (1967), որը պատմում է Երկրորդ աշխարհամարտի մի զվարճալի ամանորյա միջադեպի մասին, որի հերոսները թշնամիներ չեն, մարդիկ են, ինչն էլ… խանգարել է, որ ֆիլմը ցուցադրվի Սովետական Միությունում։
Եվ, վերջապես, այլաբանություններով լի է «Արջամկան օրը». համենայն դեպս, անձամբ ինձ ֆիլմերի ու «մեջբերումների» նույնության պատճառով հաճախ թվում է, թե թվարկածս հաղորդաշարերի նույն թողարկումն եմ նայում … կամ էլ նույն հաղորդաշարը՝ տարբեր ալիքներով։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: