2014.02.19,

Քննադատ

Մայդանը մեր եթերում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Կիեւում փետրվարի 18-ի արյունալի իրադարձությունների գիշերը Հայաստանի եթերում խաղաղ էր: Տեղական հեռուստաընկերությունները Եվրոմայդանը չհեռարձակեցին:

Արդեն պարզ էր, որ Կիեւում տասից ավելի զոհեր կան, արդեն պարզ էր, որ զոհերի թիվը կարող է աճել: Եվրոմայդանը ուղիղ եթերում լուսաբանում էին ռուսական ալիքները, CNN-ը, Euronews-ը: Վրացական միանգամից վեց հեռուստաալիքներ ընդհատել էին իրենց հաղորդումները եւ հեռարձակում էին ուկրաինական Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում կատարվող դրամատիկ իրադարձությոնները:

 

Հայաստանում հեռուստաընկերությունների եթերում ֆիլմեր էին, թոք-շոուներ եւ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան:



Մի քանի կայքեր, օրինակ «Ա1+»-ը, «Գալա TV»-ին, հեռարձակում էին  ուկրաինական Espreso TVազդանշանը:

«Ազատություն» ռադիոկայանը հեռարձակում էր իր ուկրաինացի գործընկերների՝ «Радіо Свобода»-ի պատկերը: Սակայն ամենահասանելի լրատվամիջոցը՝ հեռուստատեսությունը որն երկրի բնակչության 79 տոկոսի համար առայժմ լրատվության հիմնական աղբյուրն է, արտակարգ ռեժիմով չէր աշխատում:  Հայաստանում Կիեւով հետաքրքրվածները ինտերնետում, հատկապես սոցիալական ցանցերում անգլերենով կամ ռուսերենով բովանդակություն էին որոնում:

Ինչու՞ էր այդպես: Հասկանալի է, որ հեռուստաընկերությունների իրավունքն է մեզ համար ոչ այնքան հեռու ու շատերիս համար հարազատ Ուկրաինայում տեղի ունեցող հեղափոխության կադրերը այնքան էլ կարեւոր չհամարել ուղիղ եթերում հեռարձակելու համար: Լրատվական թողարկումներում՝ միջազգային լրահոսը ներկայացնելիս, նրանք արդեն անդրադարձել էին ցերեկվա իրադարձություններին, խոսել զոհերի մասին:

Սակայն մի բայց կա: Խոսքը զարգացող իրադարձությունների մասին էր, երբ ժամերի ընթացքում զոհերի թիվն աճում էր: Խոսքը ուղիղ եթերում կատարվող ողբերգության մասին էր, երբ մարդիկ աղոթում էին, երգում էին, զինվում էին, պայքարում էին իրենց ազատության համար, պատրաստ էին զոհվել այդ ազատության համար: Սա բացառիկ լրատվական առիթ է: Ու խոսքը մեզ համար բարեկամ երկիր Ոկրաինայի մասին էր: Բայց չգտնվեց մեկ հեռուստատեսային ալիք, որ այդ գիշեր կաշխատեր Կիեւում կատարվող իրադարձություններով հետաքրքրվող հայաստանցիների համար:

Կիեւում քաղաքական ճգնաժամը շարունակվում է նոյեմբերից: Հունվարին էլ այդ ներքաղաքական դիմակայության առաջին զոհերը եղան, որոնցից մեկը հայ էր:

Այս երեք ամիսների ընթացքում Հայաստանում մեդիան, մեծ հաշվով, միջնորդավորված է ներկայացրել Եվրոմայդանի իրադարձությունները: Այո, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների խումբը աշխատել է Կիեւում, եւ, թերեւս, սա հայկական լրագրողական միակ թիմի այցելությունն է եղել (եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղել ինձ նյութի մեկնաբանություններում Գ.Վ.): Այո, տեղական տարբեր լրատվամիջոցներ Սքայփի օգնությամբ Կիեւից հարցազրույցներ են պատրաստել եւ, այո, այս ամիսներին Կիեւ այցելած հասարակական գործիչները, ակտիվիստները բազմաթիվ հարցազրույցներ են տվել հայաստանյան լրատվամիջոցներին: Սակայն Եվրոմայդանին հետեւելու, Եվրոմայդանը հասկանալու համար հայաստանցի մեդիա սպառողը հայաստանյան մեդիայից, մեծ հաշվով, չի օգտվել:

Ինչու՞: Հարցադրմանս առաջին ու պարզ պատասխանը ֆինանսական սուղ հնարավորություններն են: Հեռուստաընկերությունները, թերթերը, լրատվականա կայքերը արտասահմանյան գործուղումների գումարներ չունեն: Բայց ես չեմ հավատում, որ տեղական լրատվամիջոցներից ոչ մեկը ի վիճակի չէ թեկուզ երկու հոգանոց լրագրողական խումբ 5 օրով ուղարկել Կիեւ: Օրինակ, Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերը լուսաբանելու համար Հայաստանից լրագրողների խումբ մեկնել էր:  Պարզապես Եվրոմայդանը առանց այդ էլ Երեւանին մոտ է, ավելի մոտեցնելը, մեկ էլ տեսար, վտանգավոր եղավ:

Գեղամ Վարդանյան

Հ.Գ. Հոդվածս նաեւ քննարկում առաջացնելու նպատակ ունի: Ինչու՞ են Հայաստանում լրատվամիջոցները միջնորդավորված ներկայացնում համաշխարհային քաղաքական իրադարձությունները: Ինչու՞ աշխարհի մեծ քաղաքներում մեր լրատվամիջոցների սեփական թղթակիցներ գրեթե չկան:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *