Նունե Հախվերդյան
Լրագրող, արվեստի քննադատ
vardan_petrosyan

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի մանրամասների ու պատճառների կռահումները, դերասանի վիրահատությունը, հետագա կալանավորումը ու կալանքը, որպես խափանման միջոց, կիրառելու որոշման նպատակահարմարությունը մեդիա դաշտի ուշադրության առանցքում են:

Այդ ուշադրությունը բավական հակասական էֆեկտ է թողնում, քանի որ օրվա լրահոսում գերօպերատիվ նորության անվան տակ հաճախ ինչ ասես հայտնվում է:

Ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգությունը մեդիան լուսաբանում է այնքան խառը ու բեկորացված եղանակով, որ գրեթե անհնար է դառնում փաստերը զանազել վարկածներից, իսկ վարկածները՝ էմոցիոնալ եւ երբեմն ակնհայտ պոպուլիստական գրառումներից:

Իհարկե, մսաղաց հիշեցնող լրահոսը դատարկ տեղը չի աշխատում: Նրա շարժիչը սնվում է մի կողմից ահռելի քանակի կայքերի կենսունակությունն ամեն գնով պահպանելու պարտադրանքից, իսկ մյուս կողմից՝ վթարը քննող գերատեսչությունների հանրային գործառույթը անտեսելու ավանդույթից:

Մեդիան փորձում է որքան կարելի է արագ հրապարակել նոր մանրամասները (ենթադրյալ եւ ոչ այնքան) ու տարբեր մարդկանց մեկնաբանությունները (հաճախ շահադիտական եւ հրապարակման ոչ եթակա), իսկ ՀՀ դատախազությունը աշխատում է որքան կարելի է դանդաղ արձագանքել հանրային մեծ ալիք բարձրացրած այս գործին՝ թույլ տալով, որ քննության պաշտոնական տեսակետի հրապարակումը (թեկուզ ընթացակարգային) առավելագույնս ձգձգվի ու վերածվի տեսակետների բախման:

Հաշվետու լինելու «բեռից» ազատ գործող քննչական մարմինների քայլերն ու որոշումները անընդհատ մեկնաբանվում են իրար հետ մրցակցող լրատվականների էջերում ու[[wysiwyg_imageupload:508:]] այդպես էլ մի կետի չեն հանգում: Արդեն մի քանի օր է՝ վթարի քննության ու Վարդան Պետրոսյանի կալանավորման, այնուհետեւ՝ հենց դատարանից կալանավորների հիվանդանոց տեղափոխելու մասին ինֆորմացիան հեղեղի պես է տարածվում:

Նոյեմբերի 6-ին առավոտյան news.amը «Վարդան Պետրոսյանին ձերբակալում են» վերնագիր ունեցող լուր տարածեց՝ տեղեկացնելով, որ, ինչպես «հայտնի է դարձել իր աղբյուրներից, ոստիկաններն այս պահին Պետրոսյանի տանն են՝ նրան ձերբակալելու նպատակով»:

Լուրն արագորեն վերահրապարակեցին բազմաթիվ այլ կայքեր, եւ միայն մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ նա չի ձերբակալվել: Իրականում կալանքը, որպես խափանման միջոց, կիրառելու որոշումն ընդունվեց նոյեմբերի 9-ին ուշ երեկոյան:

Եվ այդ լուրը նույնպես զարմանալի արագ հասավ մեդիա դաշտ: Նույնիսկ ավելի արագ, քան այն պաշտոնապես հայտարարվել էր:

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքում արված գրառումը, որը վերաբերում էր դատավորների խորհրդակցության սենյակի գաղտնիության խախտմանը, հարց բարձրացրեց՝ ո՞վ է գաղտնիության խախտման համար պատասխանատու՝ լրատվամիջոցնե՞րը, թե՞ դատավորները:

Իսկ արդեն մի քանի օր անց հայտարարվեց, որ ձերբակալման մասին լուրը հենց քննիչներից մեկի թեթեւ ձեռքով է տարածվել, քանի որ նա դեռ նոյեմբերի 6-ին էր կազմել արձանագրություն, թե ձերբակալվածը հանձնվել է ոստիկանություն:

Երկկողմանի (քննչական-լրատվական) սերտաճումը հնարավորություն է տալիս հա՛մ ինֆորմացիոն հոսքերը անընդհատ մի նոր տեղեկատվական շիթով թարմացնել, հա՛մ էլ գերատեսչությունների անհասկանալի աշխատաոճը բացատրել հույժ արհեստավարժ անշտապությամբ:

Արդյունքում անընդհատ նոր վարկածներ են դրվում շրջանառության մեջ՝ դերասանի անսթափ/սթափ լինելու, արագությունը գերազանցելու/չգերազանցելու, սատարելու/պատժելու, սատարման/պատժի չափը չանցնելու մասին:

[[wysiwyg_imageupload:509:]]Արդեն անգամ ՀՀ նախագահի խոսնակն է փոխանցել, որ կալանքը, որպես խափանման միջոց, կիրառելու հիմնախնդրին անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում նաեւ նախագահը:

Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստորագրահավաք է ընթանում, սոցցանցերում ավելանում են տարբեր մեկնաբանությունները, որոնք էլ լրատվամիջոցների նորանոր հրապարակումների հիմքն ու «մեխն» են դառնում: Ցանկացած մարդու հիմա հարցնում են՝ իսկ ինչպե՞ս եք վերաբերում Վարդան Պետրոսյանին: Եվ հետո այդ ցանկացած կարծիքը հրապարակվում է կայքերում, տարածվում ցանցում, նորից մեկնաբանվում:

Թերեւս, սա այն դեպքն է, երբ արագ պեղված կարծիքները հրապարակելը բնավ էլ պարտադիր չէ:

Իսկ այդ կարծիքների հոսքը չի դադարի այնքան ժամանակ, մինչեւ դատախազությունը հոդաբաշխ բացատրություն չտա իր քայլերի ու տրամաբանական/անտրամաբանական որոշումների մասին:

Իսկ մեդիա դաշտն էլ փոքր-ինչ պակասեցնի «լայքեր» ու թրաֆիք որսալու իր ախորժակն ու նախընտրի նյութերի հիմք դարձնել բաց ինֆորմացիոն աղբյուրներն ու համատեքստի մեջ տեղավորի մանրամասները:

Իհարկե, Վարդան Պետրոսյանն այն անձն է, որի մասին խոսելը, գրելը արգասաբեր է, քանի որ, հանրային մասնագիտության տեր մարդ լինելով, նա հաճախ է հարցազրույցներ եւ ելույթներ ունենում: Իսկ ճանաչում ունեցող մարդկանց լրատվական պատժիչ մսաղացը միշտ էլ հաճույքով է աղում՝ սառնասրտորեն օգտագործելով մահի ու հատուցման գաղափարները: 

Նունե Հախվերդյան
Սքրինշոթերը՝ Հասմիկ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից