Ժուռնալիստիկայի դասագրքերը սովորաբար խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել սթրեսի մեջ գտնվող մարդկանց ցուցադրումից, առավել եւս նրանցից հարցազրույցներ վերցնելուց, նրանց վիշտը որպես լրագրողական խայծ օգտագործելուց:
Ամբողջությամբ դրանից խուսափել հնարավոր չէ, որովհետեւ եթե որեւէ տեղ պատերազմ է կամ երկրաշարժ, այդ սգացող մարդիկ լրագրողական պատմության մի մասն են: Բայց սովորական, խաղաղ պայմաններում չի խրախուսվում տեսախցիկով կամ նկարահանող հեռախոսով հանգուցյալի հարազատի քիթը մտնելը, կամ խոշոր պլանով դագաղում պառկած դիակը ցույց տալը:
Մարդկանց պետք է հանգիստ թողնել իրենց վշտի մեջ:
Իսկ եթե նրանք չե՞ն ուզում այս պարագայում միայնակ մնալ: Այս տարվա մայիսին Նոյեմբերյանի զորամասերից մեկում իր զինակցի արձակած գնդակից մահացել էր Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանը: Զոհվածի հայրը ի նշան բողոքի որոշել էր որդու դիակը բերել Երեւան՝ կառավարության շենքի մոտ: Ճանապարհին պաշտպանության նախարարը համոզել էր սպանվածի հարազատներին դա չանել: Այսքանն, իհարկե, պատմություն է, որը միանգամայն արժանի է լրագրողական լուսաբանման: Սակայն դրանից հետո որոշ կայքեր ուղիղ ռեպորտաժներ էին կազմակերպել զոհված զինվորի հոգեհանգստից:
Ծնողներն առնվազն դեմ չէին նման հեռարձակմանը, կայքերի դիտումները հասնում էին հազարների (մեր ազգային մենթալիտետը հաշվի անելով): Բայց արդյո՞ք զուտ լրագրողական առումով սգավոր դեմքերն ու դագաղը ինչ-որ բան ավելացրին արդեն եղած ինֆորմացիային: Հատկապես տհաճ տպավորություն թողեց ոչ թե մոնտաժված ռեպորտաժը, որտեղից կարելի է հանել «ճչացող» կադրերը, այլ ուղիղ հեռարձակումը:
Նույնը հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանի կամ երիտասարդ, շնորհալի դերասան Երվանդ Ենգիբարյանի հոգեհանգիստներից ուղիղ միացումների դեպքում էր:
Չգիտեմ, թե ինչու է դա այդքան մոդայիկ դարձել՝ գուցե կառավարության հակվածությունը մեռելոցների հանդեպ ազդո՞ւմ է լրատվական դաշտի վրա: Ի՞նչ տեղեկատվություն են դրանք հաղորդում: Արդյո՞ք այստեղ չի խախտվում մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, մասնագիտական եւ էթիկական կանոնները:
Դերասան Վարդան Պետրոսյանի վթարի հետ կապված լուսաբանումները նույն շարքից են: Սկզբից ուշադրությունը, իհարկե, սեւեռվեց ճանաչված արվեստագետի, նրա առողջական վիճակի վրա: Այնուհետեւ նույն վթարի ժամանակ մահացած պատանիների ծնողները բողոքեցին ԶԼՄ-ներից՝ ինչո՞ւ եք կենտրոնացել ողջ մնացած մարդու վրա եւ որեւէ ուշադրություն չեք դարձնում մեր վշտին: Շատ բնական ռեակցիա է:
Բայց լրատվամիջոցներն ընկան մյուս ծայրահեղության մեջ եւ սկսեցին մեղադրել Վարդան Պետրոսյանին՝ ակնհայտորեն խախտելով անմեղության կանխավարկածը: Այդ հակառակ ծայրահեղության դրսեւորումն էր երեխաներից մեկի հոգեհանգստից արված ռեպորտաժը՝ դագաղով եւ մնացած ատրիբուտիկայով: Մինչդեռ խնդիրը շատ պարզ է լուծվում. ուզո՞ւմ են ծնողները ինչ-որ բան ասել, նստեցրեք նրանց չեզոք ֆոնի վրա, թող խոսեն: Բայց ցանկալի է՝ ոչ հոգեհանգստի կամ հուղարկավորության օրը, այլ քիչ ուշ, երբ նրանց սթրեսային վիճակը գոնե որոշ չափով անցնի:
Իմ խորին համոզմամբ, թաղումը, հոգեհանգիստը հրապարակային «թամաշա» չի: Դա մտերիմների եւ հարազատների համար նախատեսված մի նվիրական, ինտիմ արարողություն է, որտեղ օտարների մուտքն արգելված է, իսկ ԶԼՄ-ների միջողով այդ արարողությանը մասնակցում են հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ:
Եթե նույնիսկ այդ «շոուի» անհրաժեշտությունը կա, ապա դա պետք է անել առավելագույն տակտով՝ նույնիսկ այն դեպքում, երբ հանգուցյալի հարազատներն են ձգտում այդ իրադարձության հրապարակայնությանը: Հետո՞ ինչ, որ ձգտում են՝ դա մասնագիտական սկզբունքների վրա չպիտի ազդի: Ոչինչ չի կարող արդարացնել դագաղի, դիակի, գերեզմանի վրա հող լցնելու կադրերի մազոխիստական «ճաշակումը»:
Իհարկե, ինչպես ցանկացած սկզբունք, այս մեկն էլ չի կարող ունիվերսալ լինել: Մենք բոլորս այսօր նորմալ ենք համարում, երբ ցույց են տալիս, օրինակ, Ավետիք Իսահակյանի կամ Արամ Խաչատրյանի թաղման վավերագրական կադրեր: Բայց դա, համաձայնեք, ուրիշ պատմություն է:
Արամ Աբրահամյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: