2013.10.21,

Քննադատ

Կայքերում մեկնաբանությունները վտանգավոր են դառնում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ավարտին հասավ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում Delfi-ն ընդդեմ Էստոնիայի (Delfi AS v. Estonia) գործը, որը լուրջ ազդեցություն կունենա ցանցային լրատվամիջոցների վրա։

Այս նախադեպային որոշումը վերաբերում է կայքերում տեղադրվող՝ օգտատերերի կողմից կատարված մեկնաբանություններին։ 2009 թվականին Delfi կայքում տեղադրված նյութի տակ կատարված մեկնաբանությունների վերաբերյալ դատավարությունը հանգեցրեց նրան, որ կայքը ստիպված եղավ մեկնաբանություններից տուժած կողմի բարոյական վնասը փոխհատուցել։

Հետագայում գործը հասավ Եվրոպայի մարդու իրավունքների դատարան։ Եվ վերջապես արդեն ընդունվել է նախադեպային որոշում, որն ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի լրատվական դաշտի վրա։

Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը որոշում կայացրեց, որ Delfi կայքի տուգանումը չի սահմանափակում խոսքի ազատությունը, եւ դատարանի միջամտությունը եղել է համաչափ։ Որպես որոշման հիմնավորումներ՝ նշվել են հետեւյալ հանգամանքները՝

  • Մեկնաբանություններում առկա են սպառնալիքներ, վիրավորանքներ եւ այլն
  • Կայքը չի հեռացրել մեկնաբանությունները տրամաբանական ժամկետում՝ չնայած, որ դրանք հեռացվել են նույն օրը
  • Կայքը խրախուսել է մեկնաբանությունները, քանի որ դրանց միջոցով ավելացրել է իր եկամուտները
  • Բացի այդ՝ դատարանը հաշվի է առել, որ տուգանքը չի եղել անհամարժեք, այն է՝ 320 եվրո:

Այս որոշումը ենթադրում է, որ հայաստանյան կայքերը պետք է մտահոգվեն իրենց տարածքում կատարվող մեկնաբանություններով։ Քանի որ հասկանալի է՝ յուրաքանչյուր վիրավորված անձ կարող է մեղադրել կայքին մեկնաբանությունները սեփական ռեյթինգի, դեպի կայք թրաֆիկի եւ այստեղից բխող եկամուտների աճի համար օգտագործելու մեջ։

Նույն Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակի» գործը այսօր լրիվ ուրիշ զարգացումներ կստանար (եթե մոռանանք, որ Արթուր Գրիգորյանը պահանջում էր անհամաչափ մեծ գումար)։

Սա, իհարկե, պետք է լրատվական (եւ ոչ միայն) կայքերին դրդի ավելի լուրջ եւ պատասխանատու մոտենալ հարթակներում տեղադրվող մեկնաբանություններին։

Մեկնաբանությունների բովանդակության հսկումն, անկասկած, բարդ ու մանրակրկիտ աշխատանք է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ կան կայքեր, որոնք օրական հարյուրավոր եւ հազարավոր մեկնաբանություններ են ստանում:

Հատկապես դժվարանում է այն կայքերի գործը, որոնք թույլ են տալիս մեկնաբանել սոցիալական ցանցերի միջոցով։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *