Հայաստանի հանրապետության պետական լեզուն հայերենն է: Այդուհանդերձ, մեր բազմաթիվ խանութների, սրճարանների, զվարճատեղերի ու հաստատությունների ճակատներին հայերենը շատ հաճախ ստորադասվում է օտարատառ անվանումներին:
Սա, իհարկե, հիմնականում Լեզվի տեսչության խնդիրն է, եւ նմանատիպ խնդիրներով հիմնականում Լեզվի տեսչությունը պիտի զբաղվի, եւ չնայած ժամանակ առ ժամանակ որոշ լեզվազանցներ նույնիսկ դրամական տույժի են ենթարկվում` այդուհանդերձ, խնդիրն այսօր էլ է առկա:
Հակառակ ծայրահեղությանն ականատես էինք լինում հատկապես խորհրդային տարիների Թբիլիսիում, որտեղ ցուցանակներն ու ամեն ինչ վրացատառ էին, եւ դժվարությամբ էինք գլխի ընկնում` որն ինչ խանութ է: Այսօր էլ ռուսերենը Թբիլիսիի խանութների ճակատներից բացակայում է, բայց փոխարենը` վրացերենին զուգահեռ անգլերենն է գերիշխում: Ի տարբերություն Թբիլիսիի՝ Երեւանի խանութների ու հաստատությունների ճակատներին ռուսերենն առկա է՝ չնայած մեզ մոտ էլ է գերիշխողն անգլերենը:
Այսքանով ուզում ենք ցուցափեղկերի եւ ցուցանակների լեզվին վերաբերող թեման փակել եւ անդրադառնալ մեր հեռուստաընկերությունների լեզվին:
Մեր հեռուստաընկերությունները հիմնականում հիշում են, որ մեր պետական լեզուն հայերենն է: Հիմնականում Առաջին ալիքն ու որոշ չափով մյուսներն էլ արտասահմանյան ֆիլմերի մեծ մասը հայերեն կրկնօրինակված տարբերակով են ցուցադրում:
Թե ինչքանով են հաջողված այդ ֆիլմերի հայերեն տարբերակները, միանգամայն այլ խոսակցության նյութ է, բայց որ այդ կրկնօրինակումների վրա պետբյուջեից ու մասնավոր հեռուստաընկերությունների բյուջեներից պատկառելի գումարներ են ծախսվում, կասկածից վեր է:
Այդ հանգամանքին էլ ենք պատրաստ ըմբռնումով մոտենալ՝ հասկանալով, որ այդ գումարների շնորհիվ որոշակի քանակությամբ աշխատատեղեր են գոյանում եւ որոշակի քանակությամբ դերասաններ հոնորար են վաստակում: Այսուհանդերձ, չենք կարող աչք փակել այն հանգամանքի վրա, որ մանավանդ սովետառուսական որոշ ֆիլմերի հայերեն տարբերակներն ավելի անհասկանալի են, քան դրանց բնագիր տարբերակները:
Առավել արտառոց եւ նույնիսկ ծիծաղելի է, երբ հայաստանյան եթերում «Մոսֆիլմի» արտադրանքը հայերեն կրկնօրինակված տարբերակով է հայ հեռուստադիտողին հրամցվում, իսկ «Հայֆիլմի» արտադրանքը` ռուսերեն կրկնօրինակված տարբերակով («Տերն ու ծառան», «Պաղտասար աղբար», «Դավիթ Բեկ» եւ այլն):
Ավելի զավեշտալի տարբերակ, քան անկախացած Հայաստանում հայկական հեռուստաալիքով «Հայֆիլմի» որեւէ ֆիլմի ռուսական կրկնօրինակը ցուցադրելը, դժվար է պատկերացնել: Պատճառը դժվարանում եմ կռահել: Հնարավոր է, որ հայկական ֆիլմերի ռուսերեն կրկնօրինակումները ցուցադրող հայկական հեռուստաալիքները «Հայֆիլմի» տվյալ ֆիլմերի բնօրինակները չունեն, բայց դա նրանց իրավունք չի տալիս տվյալ ֆիլմերը հայ հեռուստադիտողին ռուսերեն տարբերակով հրամցնել:
Եթե հայաստանաբնակ ռուսների կամ ազգային այլ փոքրամասնությունների շահերի ու նախասիրությունների առումով այդքան մտահոգ ենք, կարելի է հայաստանաբնակ այլազգիներին շաբաթական կանոնավոր հեռուստաժամեր տրամադրել:
Ինքս հեռուստատեսության լեզվի հետ կապված հարցերում ամենեւին էլ ծայրահեղական չեմ. նույնիսկ դեմ եմ, որ «Առաջին լրատվական»-ն ու այլ լրատվականներ անխտիր թարգմանում են ռուս մտավորականի կամ քաղաքական գործչի տեքստերը. մանավանդ էն դեպքերում եմ դեմ, երբ թարգմանչի հայերենն ավելի անհոդաբաշխ ու անհասկանալի է, քան տվյալ ռուսի ռուսերենը:
Եթե ամեն ինչ հասկանալի լինի, ամեն ինչ կշտկվի: Ընդ որում` առանց մեծ ջանքերի եւ ինքնաբերաբար:
Արմեն Շեկոյան