Մասամբ այն պատճառով, որ սոցիալական ցանցերի գրառումները զանգվածային լրատվամիջոցներում հրապարակելու հարցը շարունակում է մնալ վիճահարույց, մասամբ էլ այն պատճառով, որ ցանկություն չկա կրկնել այն կայքերի փորձը, որոնք սեփական բովանդակություն ստեղծելու փոխարեն՝ զբաղված են բացառապես այլոց գրածները պատճենելով՝ Aravot.am կայքը ձեռնպահ է մնում ֆեյսբուքյան գրառումներ զետեղելուց (դեպքեր եղել են, երբ վկայակոչվել են նման գրառումներ, բայց դրանք արդեն իսկ տարածված են եղել այլ կայքերի կողմից): Բայց: Ամենաքիչը շաբաթը մեկ անգամ այդ պատճառով ստիպված եմ լինում մերժել գործիչների, որոնք առաջարկում են վերահրատարակել իրենց այս կամ այն գրառումը Ֆեյսբուքում:
Հակընդդեմ առաջարկին, որ ուղղակի մեզ հարցազրույց տան՝ արդեն մի քանի անգամ լսել եմ նույն հակափաստարկը, որ սոցիալական ցանցերում գրառումը վերահրապարակվում է բազմաթիվ կայքերի կողմից, իսկ որեւէ մեկի տված հարցազրույցը սահմանափակվում է միայն տվյալ կայքի ընթերցողների քանակով:
Դե, իհարկե, հնարավոր է, որ այն մասնակիորեն վերահրապարակվի նաեւ այլ կայքերի կողմից; Բայց առաջ անցնելով կանխատեսենք, որ երբ ուժի մեջ մտնի «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, վերահրապարակումների քանակն ավելի կփոքրանա, քանի որ օրենսդրական այս նախաձեռնությամբ սահմանված է. «Առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում իրականացվում է միայն նպատակն արդարացնող ծավալով: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի բուն լրատվական նյութը»: Թե որքան կարող է կազմել այս «նպատակն արդարացնող ծավալը»՝ առայժմ հստակ չէ, իսկ օրենքի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը օրինակներ է մեջբերում միջազգային փորձից, երբ դատարանը որոշել է, թե միայն վերնագիրը վերարտադրելն արդեն իսկ բացահայտել է բուն լրատվական նյութը:
Մի խոսքով, կայքերից մեջբերելը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում՝ դատական հեռանկարի առումով, իսկ Ֆեյսբուքից մեջբերելն անվտանգ է, եթե ստեղծագործություն չես մեջբերում, վիրավորանքներ կամ զրպարտություն:
Սակայն արդեն առանց տեսական զրույցների՝ սոցիալական ցանցերից մեջբերումներ անելու ընդդիմախոսներին ցանկանում եմ ներկայացնել մի քանի փաստեր:
Թերեւս գլխավոր փաստարկը մեր զրույցում ներկայացրեց Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, երբ առաջարկեց վերահրատարակել Ֆեյսբուքի իր էջում զետեղված բաց նամակը: Եվ իմ ավանդական պատճառաբանություններին ի պատասխան, թե ինչու դա չենք կարող անել՝ հարցրեց. «Բայց ինչո՞ւ: Ես ուղղակի Ֆեյսբուքն եմ ընտրել տարածման համար»:
Ֆեսյբուքն իբրեւ հաղորդագրությունների կամ բաց նամակների տարածման միջոց ընտրել են շատերը: Օրինակ, Վարդան Սեդրակյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մինչ դատավարության սկիզբը շատ լրագրողների էր մերժում հարցազրույց տալ՝ պատճառաբանելով, որ եթե որեւէ նորություն լինի, իրենք կտեղադրեն այն Ֆեյսբուքի «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ էջում»:
Նույն կերպ էր վարվում նաեւ իր դեմ հարուցված գործի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: Եվ անգամ իր հիմնադրած Civilnet-ն էր ուղղակի վերահրապարակում, թե իր հերթական հարցաքննության մասին Ֆեյսբուքի իր էջում ինչ է գրել պրն Օսկանյանը:
Հրանտ Բագրատյան, Ռուբեն Հակոբյան, Արմեն Աշոտյան… ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» բազմաթիվ այլ գործիչներ եւս Ֆեյսբուքն են ընտրել հանրությանն ուղղված իրենց ուղերձները տարածելու համար:
Ոմանք անգամ իրենց գրառումները հետո որպես հաղորդագրություն ուղարկում են ԶԼՄ-ներին՝ տարածման համար: Եվ այդպես է վարվում ոչ միայն Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, այլ նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը: Վերջերս էլեկտրոնային փոստով ԵԽ մամուլի ծառայությունից ստացա հետեւյալ հաղորդագրությունը. «Dear colleague, The Council of Europe Commissioner for Human Rights, Nils Muižnieks, has just published a tweet in relation to the attacks to activists in Armenia. He wrote: Concerned about attacks vs Arshamyan, Saghatelyan & other activists in #Armenia. Effective investigation & accountability must b ensured»: Այսինքն՝ սոցիալական ցանցում կատարված գրառումը՝ ակտիվիստների դեմ հարձակումների վերաբերյալ, դարձյալ պաշտոնապես ուղարկվել է իբրեւ հաղորդագրություն:
Կարող էի շարքը շարունակել՝ հավելելով «Վճարում ենք 100 դրամ» եւ ֆեյսբուքյան համանման նախաձեռնությունների հաղորդագրությունները, որոնք շրջանցելն առնվազն կաղքատացներ մեր լրահոսը: Սակայն ամփոփեմ՝ ակնհայտ է, որ «վերահրապարակե՞լ, թե՞ չվերահրապարակել Ֆեյսբուքից» հարցը չունի միանշանակ՝ այո կամ ոչ պատասխան: Եվ պատասխանի առավել ընդունելի տարբերակը թերեւս հետեւյալն է՝ այո, եթե խոսքը հանրային դեմքի կամ քաղաքացիական նախաձեռնության մասին է, եւ ոչ, եթե խոսքը ուղղակի շարքային քաղաքացու՝ իր ընկերների համար նախատեսված գրառման մասին է:
Աննա Իսրայելյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: