2013.09.08,

Քննադատ

Քննիչը խորհրդապահական աղբյուրի բացահայտում պահանջելու իրավունք չունի

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

…Եվ այսպես, ըստ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրաելյանի՝ խմբագրությունը ծանուցագիր է ստացել, մեջբերում եմ՝

«…ներկայանալ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Լ. Ա. Պետրոսյանի մոտ թիվ 32102413 քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար։ Ավելի վաղ ունեցած զրույցներից պարզ է դարձել, որ հարցաքննության առարկան լինելու է հունիսի 4-ի մեր հրապարակումը՝  «Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին թմրանյութի ազդեցության տա՞կ է կրակել»: Քննիչին հետաքրքրում է, թե ինչպես է հրապարակվել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը» (մեջբերման ավարտը):

Այսինքն՝ քննիչն, ըստ էության, ցանկանում է պարտադրել լրագրողին եւ լրատվամիջոցին՝ բացահայտելու իր ստացած տեղեկատվության աղբյուրը: Սակայն բանն այն է, որ եւ՛ ըստ միջազգայնորեն ընդունված սկզբունքների, եւ՛ ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի՝ ՔՆՆԻՉԸ ՆՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ: Ի գիտություն տվյալ քննիչի եւ լրատվամիջոցներին ճնշելու խորհրդային կարոտախտով տառապող մյուս նման քննիչների՝ մեջբերում եմ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը (ըստ ՀՀ ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական տեքստի

Հոդված 5. Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը

1. Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ։

Ամեն ինչ ասված է պարզ ու հստակ: Միայն դատարանը, պարոն քննիչ, հասկանու՞մ եք, միայն դատարանը կարող է աղբյուրի բացահայտում պահանջել: Էն էլ ոչ թե հենց էնպես՝ վերցրեց ու պարտադրեց. պիտի դեռ դատարանին ապացուցել, որ նախ՝ նպատակը «ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտումն է», եւ երկրորդ՝ «… հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: 

Եթե քննիչը, առանց դատարանի որոշման, նման բան է պահանջում, ապա դա ԱՊՕՐԻՆԻ պահանջ է: Իսկ ԱՊՕՐԻՆԻ գործողությունը նշանակում է օրինազանցություն… 

Ի դեպ, եթե պարոն քննիչը էս հասարակ բանը չգիտի, գոնե պիտի իմանար ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածում 2010 թվականի մարտի 17-ին կատարված լրացումը, ըստ որի՝  

«Եթե դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին կամ լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ապա լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:

Այսինքն՝ Քրեական դատավարության օրենսգիրքն էլ ընդունում է, որ աղբյուրի բացահայտում կարող է պահանջել միայն դատարանը: Այլապես այս լրացումը չէր արվի:

Ինչ վերաբերում է քննիչի մյուս պնդմանը, թե հրապարակվել է նախաքննության գաղտնիք, ապա այստեղ էլ ամեն ինչ պարզ է.   նախ՝ լրատվամիջոցը պարտավոր չէր իմանալ, որ իր ստացած տեղեկությունը գաղտնիք է (իրականում՝ «Առավոտի» հրապարակումից պարզ է, որ դա բոլորովին էլ նախաքննական գաղտնիք չէ, քանի որ փաստաբան Ռուբեն Սահակյանն ասում է, դեռ փորձաքննության արդյունքները պարզ չեն): Երկրորդ՝ ցանկացած նման գաղտնիքի հրապարակման դեպքում պատասխանատուն գաղտնիքը կրողն է, այլ ոչ թե լրատվամիջոցը… 

Իսկ այս ամբողջ պատմության մեջ ամենամտահոգողն այն է, որ սույն գործով նախաքննության վրա հսկողություն իրականացնողը զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն է, որը համատեղության կարգով նաեւ ՀՀ կառավարության լիազոր – ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իսկ վերջերս էլ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ: 

Մի՞թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսքան տարի ՀՀ շահերը ներկայացրած անձը չգիտի աղբյուրը չբացահայտելու լրագրողների իրավունքի մասին այս տարրական դրույթները, իսկ եթե գիտի, ինչու՞ չի կանխում քննիչի ապօրինությունը: Մի՞թե եվրոպական իրավունքին հաստատ քաջածանոթ Կոստանյանը չգիտի, որ եթե անգամ ՀՀ երեք դատական ատյաններում էլ իրենք հասնեն իրենց ցանկալի որոշմանը, ապա հաստատ կպարտվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *