2013.08.02,

Քննադատ

Այդ սրիկա լրատվամիջոցները, որ գաղջ մթնոլորտ են ստեղծում…

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Այս տարվա նախագահական ընտրություններից հետո՝  մարտի 18-ին Սերժ Սարգսյանը հանդիպեց մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Կարելի դրան ասուլիս անվանել կամ այլ բառով կոչել: Կարեւոր չէ: Անգամ կարեւոր չէ, որ հայտարարվեց, թե նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, սակայն չորս ամիս անց դեռ հերթականը չի եղել (երեւի միտումնավոր էր պարբերաբար ասվել՝ առանց ճշտելու պարբերականությունը, դե հինգ տարին մեկ անգամն էլ պարբերական է): Այս նյութի համար կարեւորը Սերժ Սարգսյանի նետած արտահայտությունն էր կոնկրետ լրատվամիջոցի՝ գաղջ մթնոլորտ ստեղծելու մասին:

Այս գիտակցաբար ասված խոսքն ամբողջությամբ բացահայտում է իշխանության պատկերացումը լրատվամիջոցների եւ դրանց առաքելության մասին. նրանց թվում է, թե ԶԼՄ-ները եւ լրագրողները կուսակցական ժողովը սղագրողներ կամ այդ ժողովի արձանագրություն կազմողներ են, որ պետք է հռչակեն «մեր երկրի առաջընթացը հարազատ կուսակցության եւ անձամբ  … – ի գլխավորությամբ»: Իսկ ով չի արձանագրում սա՝ նա գաղջ մթնոլորտ է ստեղծում, «ծառայում է մեր հակառակորդների շահերին», նպաստում է արտագաղթի ավելացմանը, աղքատության խորացմանը, կոռուպցիայի տարածմանը եւ այլն:

Ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ: Այսինքն՝ իշխանությունն ամենաբարձր մակարդակով ասում էր՝ մի գրեք, մի պատմեք, մի ցուցադրեք (էստեղ ես սխալվեցի, ցուցադրող համարյա չկա) սյուժեներ կոռուպացիայի մասին, դրանով նպաստում եք կոռուպցիային, մի գրեք հանցագործության մասին, դրանով հանցագործությունն է ավելանում, մի գրեք ահագնացող արտագաղթի մասին, դրանով ավելի եք նպաստում արտագաղթին… Շատ հետաքրքիր տրամաբանություն է: Տարիներ առաջ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր մի արտահայտություն արել  գնաճի մասին. թե գները աճում են դրա մասին շատ գրելուց… Իսկ եթե մենք ամեն օր գրենք, որ գները նվազում են՝ կլինի՞ հակառակը:  Հը՞, չբռնենք ու էքսպերիմենտ անենք. գրենք, թե տրանսպորտի ուղեվարձը չի թանկացել, այլ նվազել է 50 դրամով: Գուցե իսկապե՞ս նվազի…

Միով բանիվ՝ իշխանությունները քավության նոխազ են գտել. ամեն ինչում այս սրիկա լրատվամիջոցներն են մեղավոր…

Ինչո՞ւ այսքան օրերի հեռավորությունից նորից հիշեցի Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսում հնչած այդ հայտնի խոսքը: Բանն այն է, որ լրատվամիջոցների մեղավորության,  իբր «լավը չտեսնելու» մասին այս մտայնությունն արդեն վերեւից իջել է մինչեւ տեղական ինքնակառավարման մակարդակ, եւ այս հոդվածը գրելու առիթը հենց այդ մակարդակում հնչած խոսքն էր. «Ազատություն» ռադիոկայանի թղթակցուհու՝ Հասմիկ Սմբատյանի «Վարդենիկի ներկա-բացական»   ֆիլմ-ռեպորտաժից հետո այդ գյուղի ղեկավարությունը հորդորել էր թղթակցին՝ բացասական բաները տեսնելու փոխարեն տեսնել, որ… գյուղի փողոցների լուսավորություն է անցկացվել…

Հրաշալի է, փառք ու պատիվ այդ լուսավորությունը անցկացնողներին, բայց դա ի՞նչ կապ ունի ռեպորտաժում շոշափվող՝ արտագաղթի թեմայի հետ: Եթե Հասմիկն արձանագրեր, որ գյուղի փողոցներում լուսավորություն է անցկացվել, դրանից դռների կողպեքները բացվելո՞ւ էին, թե՞ աշխատատեղերն էին ավելանալու՝ նպաստելով ներգաղթին…

Ցավոք, մեր իշխանությունների մոտ դեռ գերիշխող է մամուլի մասին լենինյան տեսությունը. «կոլեկտիվ ագիտատոր, կոլեկտիվ պրոպագանդիստ եւ կոլեկտիվ կազմակերպիչ…»:  Ի դեպ, այս պատկերացումը, անտեսանելի կամ տեսանելի ձեռքի միջոցով նրանք իջեցնում են տեղեկությունների տարածման դեռեւս ամենից մեծ լսարանը ունեցող միջոցներին՝ հեռուստաընկերություններին, որոնց լրատվական ծրագրերը, մեծավ մասամբ, արձանագրում են «դրականը», «լավը», «առաջընթացը», նաեւ պաշտոնյաների առօրյան. ինչ արեցին, ում ընդունեցին եւ այլն… Եվ եթե տպագիր մամուլի շատ միջոցներ, ինտերնետային կայքեր, եւ մեկ-երկու հեռուստաընկություն (մեկի ներկայացուցչին հենց կշտմաբեց Սերժ Սարգսյանը) են ընդամենը «գաղջ մթնոլորտ» ստեղծում (իմա՝ ներկայացնում են նաեւ իրականության՝ իշխանություններին ոչ հաճելի կողմերը, բացահայտում են օֆշորային սկանդալն ու այլ կոռուպցիոն երեւույթներ, տեսնում են արտագաղթը, գների աճը, մարդկանց բողոքը ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ եւ այլն), իսկ մնացածները՝ ոչ, հապա ինչո՞ւ այս հզոր զենքի միջոցով «նվաճումները» արձանագրելու եւ բացասական ինֆորմացիան շրջանցելու հետեւանքով մարդիկ չեն սկսում խումբ-խումբ ներգաղթել… Այ սա չեմ հասկանում…

Երեւի ես եւ իմ գործընկերները սխալ պատկերացում ունենք լրատվամիջոցների դերի մասին, եւ երեւի հարկ կա փակել, վառել, ոչնչացնել, բոլոր այն ԶԼՄ-ները, որոնք փողոցում լուսավորություն անցկացնելը տեսնելու փոխարեն կողպեքով փակված տներն են տեսնում, ծաղկապատվող զբոսայգիները տեսնելու փոխարեն՝ ուղեվարձի թանկացումն են տեսնում, ասֆալտապատումը տեսնելու փոխարեն՝ ասֆալտապատման «ատկատն» են բացահայտում, «տնտեսական առաջընթացը» տեսնելու փոխարեն՝ օֆշորային սկանդալ են բարձրացնում…

Եվ երբ փակենք գաղջ մթնոլորտ ստեղծող այդ սրիկա լրատվամիջոցները, իսկ դրանց նույնքան սրիկա աշխատակիցներին դատապարտենք երկարատեւ ազատազրկման, եւ դաշտում մնան «հայրենիքի շտեմարանները բերք ու բարիքով» լցնող լրատվամիջոցները, կյանքը հաստատ կծաղկի ու կբարգավաճի, մթերողները կոպեկներ չեն շպրտի գյուղացու երեսին, օլիգարխներն երջանկությունից գլուխները կորցրած՝ արցունքն աչքերին կհրաժարվեն մոնոպոլիաներից,  կվերանան կոռուպցիան, աղքատությունը, կկանգնի գնաճը եւ մարդիկ ոչ թե քննադատության, այլ երախտիքի խոսքեր կուղղեն «հայրենի կառավարությանն ու անձամբ…. –ին»՝ մեր առաջընթացը արձանագրող «Վրեմյայի» (հաղորդման անվանումը կարող է այլ լինել) եթերից…

Բայց դա մենք արդեն անցել ենք: Եվ ես ինչ-որ չեմ հիշում, որ «Վրեմյայով» ու «Լրաբերով»  կուսակցության եւ կառավարության հոգատարության մասին լուրեր լսելուց հետո սովետական մարդիկ ոգեւորություն ապրեին…

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *